Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցույց ՊՆ-ի մոտ․«Մեզ ասում են՝ սահմանազատում չենք անում, այլ երկու կողմերի մարտական հենակետերն են ամրացնում, իսկ երաշխիք կա՞, որ հետո թշնամուն կկարողանան հետ մղել նախկին դիրքերին»

Դեկտեմբեր 23,2020 16:34

Այսօր Պաշտպանության նախարարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին անում՝ պահանջելով հանձնաժողով ստեղծել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի համար։

Ցույցի մասնակիցները հայտարարեցին, որ իրենք ապաքաղաքական են եւ անհատներ են, որոնք մտահոգված են Հայաստանի սահմանների խնդրով։

«Սյունիքի սահմանները վտանգված են, քանի որ թշնամին փորձում է դիրքերն առաջ բերել: Այս պահին ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում, բայց անհրաժեշտ ոչ բոլոր քայլերը։ Սահմանագծման եւ սահմանազատման համար անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն ոչ միայն ՊՆ ներկայացուցիչները, այլեւ՝ ԱԳՆ-ից մասնագետներ, գեոդեզիստ- քարտեզագրողներ: Նրանք կկարողանան ճիշտ ձեւերով կատարել սահմանազատումը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ցույցի մասնակիցներից ֆիզմաթ գիտությունների թեկնածու Հռիփսիմե Մկրտչյանը։

Նա ասաց, որ իրենց վստահեցրել են, թե այս պահին չի կատարվում սահմանագծում եւ սահմանազատում, սակայն պետք է լինի բանակցային գործընթաց, որի արդյունքում կսկսվեն արդեն հաջորդ փուլերը․«Բայց այս պահին մեզ հավատացնում են, որ ամեն ինչ կարգին է, սակայն մենք չունենք այդ վստահությունը, որ ամեն բան գնում է ճիշտ։ Սյունիքի գյուղերում մարդկանց առօրյան վտանգված է, հնարավորություն կա օրինակ՝ թշնամին մտնի ու խնդրի կամ պարտադրի մարդկանց հեռանալ իրենց տներից, ինչպես երեկ էր եղել»։

Ցույցի մեկ այլ մասնակցի՝ Լեւոն Վխկրյանի խոսքով էլ՝ փաստացի, օրենքով պետք է ստեղծվի այդ հանձնաժողովը, բայց չի ստեղծվում կամ չի ստեղծվում այն տեսքով, որով պետք է՝ գերատեսչական մասնագետների ներգրավմամբ․«Չի ստեղծվում, քանի որ կառավարությունը ունի ներքին որոշում՝ առաջնորդվելու սովետական շրջանի քարտեզներով, դրա համար ոչ մի սահմանազատման աշխատանք կատարելու կարիք չկա, այսինքն, վերցնում են մի հոգի մասնագետ, որը իրենց GPS-ի կետը տանի ցույց տա եւ իրենք շարժվում են այդ քարտեզով։ Դա վտանգավոր է, քանի որ Տավուշի մարզում, Վայոց ձորի որոշ շրջաններում եթե նույն ձեւով առաջնորդվենք, այսինքն`առանց հանձնաժողովի ստեղծման, տխուր պատկեր է լինելու»։

Հռիփսիմե Մկրտչյանի կարծիքով՝ այս գործընթացում հայկական տեսակետն ու շահերն առաջ տանող չկա․«Մենք Խորհրդային քարտեզներով ենք առաջնորդվում, իսկ Ադրբեջանն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը։ Այստեղ շատ կետեր կան, որ ՀՀ-ն կարող է դրանից կառչել ու ի շահ մեր երկրի հանգուցալուծի խնդիրը»։

Նախաձեռնության մասնակիցները կառավարությունից պահանջում են հանրությանը տեղեկացնել՝ ովքեր են ներգրավված Հայաստանի կողմից սահմանային խնդիրների լուծման գործընթացում․ «Ինչ քայլեր են անում եւ արդյոք ճիշտ է, որ մենք պետք է այս պահին հույսներս դնենք Ռուսաստանի վրա, որովհետեւ մեզ այդպիսի պատասխան են տալիս, թե մեր փոխարեն աշխատանքները տանում են ՌԴ ներկայացուցիչները։ Ինչո՞ւ է այդպես»:

Գեոդեզիստ-քարտեզագրող Շահեն Շահինյանն էլ ասաց, որ մամուլով տեղեկություններ են տալիս, որ հիմա սահմանազատման գործընթացներ չեն կատարվում, այլ երկու կողմերի մարտական հենակետերն են ամրացնում, դրանք սահմանազատման աշխատանքներ չեն․ «Այսինքն, հետագայում սահմանազատման գործընթացում, եթե պարզվի, որ օրինակ՝ թշնամու հենակետը տեղակայված է հայկական տարածքում են, մենք կարողանալո՞ւ ենք նրանց հետ ուղարկել, երաշխիք կա՞ , որ իրենք կարողանալու ենք հետ մղել իրենց նախկին դիրքերին։ Մեզ այս պահին հետաքրքրում է՝ ի՞նչ սկզբունքով է ընթանում դիքերի տեղակայումը, ի՞նչ քարտեզներ են կիրառում եւ ո՞ր թվականի, ովքե՞ր են դրանց պատասխանատուները, ո՞վ է հրաման տվել, թե հենց այս քարտեզի հիման վրա կատարեք դիրքերի տեղակայումը»։

Այս նախաձեռնող խումբը այս հարցերի պատասխանները ստանալու եւ իրենց առաջարկները ներկայացնող նամակներն ուղարկել են առանձին պատգամավորների, ԱԳՆ-ին, ՊՆ-ին եւ կառավարությանը, ԱԽ-ին։

Այսօր էլ նամակ փոխանցեցին պաշտպանության նախարարին․ «Այս հարցի հասցեատերը կառավարությունն է, քանի որ կա ներքին որոշում, ոչ թե այստեղ տեխնիկական հարց է։ Մենք փորձում ենք խնդրի հրատապությունն ու լրջությունը հասցնել կառավարությանը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031