Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորամուծություն է թե՛ Հայաստանում, թե՛ ԱՊՀ երկրներում. ԱԱՏՄ-ն աշխատանքային իրավունքի պաշտպանության եզակի գործիք է գործարկում

Դեկտեմբեր 23,2020 16:12

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) կյանքի է կոչում աշխատանքային իրավունքի պաշտպանության եզակի գործիք․ կայացել է աշխատողների կողմից սեփական իրավունքների խախտումների վերաբերյալ ԱՆԱՆՈՒՆ դիմումների գրանցման, ընդունման, քննման EmployeeProtect.am համակարգի շնորհանդեսը։

Ի՞նչ է EmployeeProtect.am առցանց հարթակը
Նորարական տեղեկատվական կայք՝ ժամանակակից ծրագրային լուծումներով, հասանելի՝ համակարգչով եւ բջջայինով, ոճով և կառուցվածքով՝ պարզ և հասանելի։ EmployeeProtect.am առցանց հարթակին դիմում, բողոք, առաջարկ, ահազանգ ներկայացրած անձի գաղտնիությունը պահպանվում է՝ թաքցնելով իր IP հասցեն։

Եթե Դուք աշխատող եք, և գործատուն խախտել է Ձեր աշխատանքային իրավունքները, ապա սա բացառիկ հնարավորություն է դեպքի վերաբերյալ ներկայացնել գաղտնի հաղորդում: Աշխատանքային իրավունքների խախտման խնդրի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է կցել ֆոտոներ, տեսագրություններ եւ ձայնագրություններ։ Հայտատուն հայտը ներկայացնելուց հետո ստանում է ծածկագիր՝ հետեւելու հայտի ընթացքին։
4 քայլ հարթակում, եւ Ձեր խնդիրը լսելի կլինի։

ԱԱՏՄ նախագիծը կյանքի է կոչվում ամիսների երկար քննարկումների արդյունքում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի տեխնիկական աջակցությամբ։

Աշխատողների իրավունքների պաշտպանության EmployeeProtect.am առցանց հարթակի հիմնական նպատակն է՝ ուժեղացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգը:

Սա նաեւ աշխատանքային ոլորտում օրենսդրական փոփոխություններին տեղյակ լինելու հնարավորություն է։

Ո՞վ կարող է դիմել
EmployeeProtect.am-ը աշխատանքային ոլորտում ծագած խնդիրներին կամ առերևույթ իրավախախտումներին արագ արձագանքելու և աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված առցանց հարթակ է, որտեղ կարելի է դիմում-հայտ ներկայացնել։

Հայտ կարող է ներկայացնել ամեն անձ, այդ թվում` պետական և մասնավոր ընկերությունների աշխատողներ, որոնք աշխատանքային ոլորտում առնչվել են խնդիրների ՀՀ-ում:

Հարթակը կգործարկվի հունվարի սկզբին։

Հարթակի շնորհանդեսին մասնակցել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՀՀ ազգային ժողովի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ՄԱԿ-ի ԶԾ ղեկավար Մարինե Մալխասյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ԱԱՏՄ աշխատակիցներ։

Գործարկվել է իր տեսակի մեջ եզակի գործիք, որպես այդպիսին՝ նորամուծություն թե՛ Հայաստանում, թե՛ ԱՊՀ երկրներում։ Այս մասին նշել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը EmployeeProtect.am համակարգի շնորհանդեսի բացման խոսքում։

ԱԱՏՄ ղեկավարը ներկայացրել է որոշ վիճակագրական տվյալներ։ Երբ Covid-19-ով պայմանավորված` ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարվեց, և արտակարգ դրության ընթացքում ԱԱՏՄ-ն իրավունք ստացավ աշխատանքային իրավունքին վերաբերող բողոքներն ավելի լայն շրջանակով ընդունել, դինամիկ կերպով փոխվեց բողոքների քանակը։ Եթե 2019 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 30-ն ընդամենը 25 վարչական վարույթ էր հարուցվել աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման հարցերով, ապա 2020-ի հունվարի մեկից մինչև դեկտեմբերի 22-ը 138 վարչական վարույթ է հարուցվել, մեծ մասը` տեսչական մարմնի նախաձեռնությամբ»։

Եւս մեկ հետաքրքիր վիճակագրական տվյալ․ հարուցված վարույթներից 58-ը կարճվել է՝ դիմումատուի դիմումի հիմքով։ Հիմնականում դրանք այն դեպքերն են, երբ տեսչական մարմինն արդեն հարուցել է վարույթ, տեղեկացրել գործատուին, այնուհետև դիմումատուն հրաժարվել է դիմումից՝ պատճառաբանելով, որ իր հարցը լուծվել է։ Սա ևս արդյունք է, քանի որ Տեսչական մարմնի խնդիրը տուժանքի նշանակումը չէ, այլ իրավունքի վերականգնումը։ «Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներին` հարթակի ստեղծմանն աջակցության համար»,-շեշտել է Ավագյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյան․ «Կարևոր է հարթակի ստեղծումը։ Սա կբերի նոր մշակույթ, որպեսզի աշխատողը խնդիր ունենալու դեպքում առաջին հերթին դիմի և գործակցի պետական մարմնի հետ, նաև օգնի բացահայտել իրավական բացերը»։

ՀՀ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյան․ «Ուզում եմ շեշտել հարթակի ստեղծման կարևորությունն աշխատողների իրավունքների պաշտպանության առումով։ Ըստ էության` այս դաշտը որոշ չափով բաց էր մնացել, մարդիկ ստիպված պետք է դիմեին դատարան, սակայն նրանց շատ փոքր տոկոսն էր դիմում։ Այս վիճակագրությունը ցույց է տալիս նաև, որ աշխատանքային իրավունքը դուրս էր մնացել վերահսկողությունից»։

ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյան․ «Հարթակը լավ հնարավորություն է աշխատանքային իրավահարաբերությունների մասով մարդկանց առօրյա կյանքը թեթևացնելու առումով։ Կարևոր նախաձեռնություն է, նպատակ կա մյուս տեսչական մարմիններում ևս իրականացնել նման ծրագիր։ Ընթացքում կհասկանանք հարթակի արդյունավետությունը` հաշվի առնելով նաև բիզնեսի շահը, որպեսզի մի հատվածը չտուժի մյուսի առաջընթացի հաշվին»։

ՄԱԿ ԶԾ ղեկավար Մարինե Մալխասյան․ «Մեզ համար շատ կարևոր ուղղություն է աշխատանքի իրավունքի պաշտպանությունը։ Շատ լավ հարթակ է ստեղծվել, և կարծում եմ՝ սա տեսչության, ինչպես նաև կառավարության հետ գործակցության նոր հիմք է։ Հընթացս շարունակվում են հարթակի կարողություններն առավել ընդլայնելու քննարկումները»։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը մասնակիցներին ներկայացրել է հարթակի գործիքներն ու կիրառման այլ մանրամասները՝ շեշտելով, որ հարթակում հեշտ է կողմնորոշվել ու ըստ քայլերի ներկայացնել խնդիրները։

Օրենսդիր եւ գործադիր մարմինների գործընկերներն անդրադարձել են անանուն բողոքներին ընթացք տալու օրենսդրական բացերին՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել դրանց ուղղությամբ։

ԱԱՏՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031