«Գործող իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հենարանը մնացել են ուժային կառույցները՝ ԱԱԾ-ն, քննչական մարմինները, դատախազությունը: Մենք կարող ենք առանց սխալվելու պնդել, որ իշխանությունը միայն ընդդիմադիր քաղաքական ուժերին նեղելով ու ձերբակալություններով է զբաղված»,- «Հայելի» ակումբում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով, շրջանառության մեջ է դրվում մի թեզ, որ սա իրականում էլիտայի մի խումբ մարդկանց պայքար է իշխանության համար, աթոռակռիվ է՝ դրանով իսկ շատերին մոլորեցնելով եւ շեղելով շարժման հիմնական խնդրից:
«Հարց եմ ուզում տալ՝ օրինակ սյունեցիները իշխանության համա՞ր են կռիվ անում, աթոռակռի՞վ է: Պետք է լինել առնվազն կույր մտոք, որ այս պարզ բաները չհասկանալ: Խոսքը բառացիորեն գնում է մեր երկրի անվտանգության, անկախության լուրջ սպառնալիքների մասին»,-ասաց ՀՀ նախկին վարչապետը: Նրա ձեւակերպմամբ, զուր չէին մի ժամանակ հնչած այն զգուշացումները, որ երեւանցու անվտանգությունը սկսվում է Արցախից. «Այսօր ոչ միայն սյունեցիների, անգամ երեւանցիների անվտանգությունն է սպառնալիքի տակ»:
Խոսրով Հարությունյանը զարմանում է, որ սրճարաններում նստած երիտասարդներից շատերն անտարբերությամբ են վերաբերվում խնդրին՝ մտածելով, թե Արցախն ու Սյունիքը հեռու են իրենց տներից. «Պատերազմում հաղթած Ադրբեջանը շարունակում է իր ռազմական բյուջեն ավելացնել: Ինչի՞ մասին է սա վկայում: Սա նշանակում է՝ մարդիկ խնդիր ունեն լուծելու: Եվ արդյոք այդ պլանների մեջ չի՞ մտնում Նախիջեւանը Ադրբեջանին միացնելը, Սյունիքը չեզոքացնելով բռնագրավելու ծրագիրը: Իսկ այսքանից հետո Որոտանի բնակիչը ոնց խոսի, որ երեւանցին հասկանա, որ սպառնալիքը թակում է յուրաքանչյուրիս դուռը, տարածքները հերթով զիջվում են, խոսքը գնում է սողացող օկուպացիայի մասին:
Կարդացեք նաև
Թվում է պատերազմն ավարտվել է, ռուսական խաղաղապահներն այնտեղ են, բայց մենք շարունակում ենք պարտվել, զիջել: Օրինակ, ինչպե՞ս կարելի էր Կապանն ու Քաջարանը թողնել թշնամու ավտոմատի հեռավորության վտանգի տակ»:
Խոսելով եռակողմ հայտարարության մասին՝ բանախոսը նշեց. «Եռակողմ հայտարարության իմաստն էր` կասեցնել ռազմական գործողությունները, ինչպես ՌԴ նախագահն էր ասում՝ կասեցնել արյունահեղությունը և, ըստ էության, ստեղծել խաղաղություն, զինադադարը անշրջելի դարձնելու գործոններ: Անշրջելի դառնալու համար երկու հանգամանք կա ՝ ռուսական խաղաղապահ զորքերի ներկայություն: Հայկական իշխանությունները ամեն կերպ պետք է նպաստեն ռուսական խաղաղապահների գործունեության արդյունավետությունն ապահովելուն:
Որպեսզի այս պրոցեսը դառնար անշրջելի, դա նշանակում է, որ զորքերը, թե ՊԲ-ն, եւ թե թշնամու զորքերը պետք է փաստաթղթի ստորագրման պահին ֆիքսեին իրենց դիրքերը եւ այլեւս չտեղաշարժվեին: Դա չարվեց: Եթե ես լինեի Արցախի Հանրապետության նախագահը, խաղաղապահներին կփորձեի տեղաբաշխել բաժանման գծի երկայնքով: Մնացածը ժամանակի ընթացքում կարվեր: Սա եւս չի արվել, սկսած Հադրութի կողքի գյուղերից կամաց-կամաց սկսեցինք զիջել:
Կամ ենթադրենք՝ տալիս ենք Քելբաջարը, մենք հասկանում ենք, որ այնտեղ ունենք, դիրքեր, որոնք ժամանակի ընթացքում երաշխավորել են մեր սահմանամերձ գյուղերի անվտանգությունը, մենք այդ դիրքերն ինչո՞ւ ենք զիջում, առավել եւս, որ այդ դիրքերում երբեւէ չեն եղել ադրբեջանցիներ:
Պարզ հարց է՝ վարչապետը պետք է հանդիպեր եւ բանակցեր ռուսական ղեկավարության հետ եւ նրանց միջոցով՝ Ադրբեջանի հետ: Այո, մենք Հադրութը տվել ենք, բայց պետք էր ասել, քանի որ մեզ համար անվտանգության լուրջ երաշխիքներ չեն ձեւավորված՝ Կապանի, Քաջարանի եւ մնացած դիրքերը չենք հանձնի՝ մինչեւ անվտանգության երաշխիքներ չստեղծվեն: Նույնը վերաբերվում է Սյունիքի ամբողջ երկայնքին: Տարածքներ կային, որ գտնվում էին ՊԲ զինված ուժերի ներքո, ինչո՞ւ ենք այդ դիրքերը զիջում»:
Խոսրով Հարությունյանը հավելում է. «Վարչապետն ասում է՝ մենք այդ դիրքերը զիջում ենք, որպեսզի խուսափենք ավելորդ լարվածությունից, կարծես թե այդ դիրքերը զիջելով մենք կանխում ենք Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ վարքագիծը: Ռազմավարական դիրքեր զիջելով մենք նպաստում ենք նրանց ռազմատենչ քաղաքականության իրականացմանը: Չի կարելի բոլորին մանիպուլյացիայի ենթարկել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ