Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավական տգիտություն է, քաղաքական հետապնդման փորձ». Արծվիկ Մինասյանի զգուշացումը ոստիկանությանը

Դեկտեմբեր 23,2020 15:45

«Երեկ տեսա ոստիկանության հաղորդագրությունը: Բոլորին զգուշացնեմ, այդ թվում ոստիկանությանն ու դատախազությանը: Այն, ինչ իրենք ներկայացրել են իբրեւ թե քրեական օրենսգրքով նախատեսված՝ 301.1 հոդվածի մոտեցում, իրավական տգիտություն է, անգրագիտություն, քաղաքական հետապնդման փորձ»,-Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ երեկվա հանրահավաքում «Իմ քայլը» խմբակցության հասցեին հնչած հայտարարությունների առիթով ՀՀ ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ հավաքի մասնակիցների հայտարարություններում նշված գործողությունների իրականացումը առերևույթ կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:

Արծվիկ Մինասյանը դիմեց ոստիկանությանը. «Չփորձեք քրեական օրենսգիրքը մանիպուլյացիաներով վերագրել համաժողովրդական շարժման պահանջների իրականացմանը: Ավելին՝ շարժումը մշտապես ասել է, որ առաջնորդվում է օրինականությամբ»:

Արծվիկ Մինասյանի խոսքով. «Պատասխանը լինելու է հուժկու եւ օրինական»:

Ըստ Մինասյանի՝ իշխանական պատգամավորները ոստիկանության նշյալ հաղորդագրությունն իրենց սոցցանցային էջերում ուղղորդված են տարածում. «Նրանց խորհուրդ կտամ՝ ամոթ է, տարրական իրավական գիտելիքի տիրապետեք եւ կարդացեք այդ հոդվածը: Դրանում ամրագրված է պետական ինստիտուտ հանդիսացող՝ նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ ՍԴ-ի հանդեպ բռնությունը, բռնության սպառնալիքի գործադրմամբ որոշակի գործողություններ կամ անգործություն պարտադրելը: Պատգամավորները պետք է հասկանան, որ իրենք ոչ ԱԺ են, ոչ էլ այդ ինստիտուտներից որեւէ մեկը: ԱԺ-ն ԱԺ է՝ որպես պետական ինստիտուտ: Եթե պատգամավորի նկատմամբ հանրային պահանջ եւ ճնշում է ներկայացվում առանց բռնության սպառնալիքի, դա ընտրողների պահանջն է, որը պետք է իրացվի: Պատգամավորն իրավունք չունի իրեն վերագրել ողջ ԱԺ-ի գործառույթը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031