Հայ զինծառայողների և Ադրբեջանի վերահսկողության տակ ընկած քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային դեպքերի վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փակ զեկույց է կազմել։ Եվ բոլոր այդ զեկույցները ուղարկել են պատկան մարմիններին և միջազգային կառույցներին և կազմակերպություններին։ Այս մասին իր ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Գլխավորապես լռություն է, բայց կոնկրետ դեպքերում կոնկրետ հետաքրքրություններ ցուցաբերվել են։ Կոնկրետ միջազգային կազմակերպությունների, հատկապես՝ ոչ կառավարական կազմակերպությունների հետ ես էլ անձամբ աշխատանք տանում եմ, օրինակ՝ Human Rights Watch-ը, Amnesty International-ը և հանրահայտ մի քանի այլ կազմակերպություններ արդեն սկսել են այցելություններ կատարել կամ հեռակա հետազոտություններ կատարել։ Այդ շրջանակներում մեր փաստահավաք գործունեության արդյունքները իրենց շատ են պետք գալիս։ Ես իմ լիազորությունների և կարողությունների շրջանակներում անընդհատ աջակցում եմ իրենց էլ, այլ կազմակերպությունների էլ, որոնք հետաքրքրված են»,- ասաց նա։
Արտակ Բեգլարյանը նշեց, որ ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարների և մի շարք այլ համապատասխան մարմինների և փորձագիտական խմբերի կողմից էլ անընդհատ հետազոտություններ կատարում են։ Սակայն, զուսպ են իրենց հայտարարություններում և արհեստական հավասարության նշան են դնում երկու կողմերի միջև․ «Այնինչ, սա խիստ անընդունելի է։ Եվ հայտարարվել է նաև նրանց կողմից արդեն հրապարակայնորեն, որ մտադրություն ունեն փաստահավաք առաքելություն կամ մոնիթորինգային այց իրականացնել Արցախ, ինչը ողջունելի է, թեև ուշացումով է, բայց իրենց պարտականությունների մեջ է մտնում այցելել և իրավիճակը գնահատել այստեղ։ Շատ լավ կլիներ, որ մինչև պատերազմը արդեն Արցախում ներկայություն ունենային, Արցախին չմեկուսացնեին։ Շատ լավ կլիներ, որ գոնե պատերազմի ընթացքում այցելեին, բայց ո՛չ այն են արել, ո՛չ մյուսը։ Բայց գոնե լավ է, որ պատերազմից հետո մտադրություն ունեն այցելելու։ Եվ հույս ունեմ, որ սրանից հետո չճանաչված պետություններ ու հատկապես՝ Արցախ, այցելելը իրենք չեն քաղաքականացնի, և իրենց մանդատի շրջանակներում կիրականացնեն իրենց պարտականությունները, անկախ՝ Ադրբեջանի դիրքորոշումներից կամ ապակառուցողական վարքից»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Մեծարգո Արտակ Բեգլարյան,աշխարհը 20-րդ դարից տեղափոխվել է 11-րդ դար՝մենք ապրում ենք միջնադարյան բարքերով՝միայն մեկ տարբերությամբ-թուրքերը վերադառնում են իրենց օրրանը՝ալթայ…