Լրահոս
Օրվա լրահոսը

Օրերս Գորիսից Տեղ գյուղ ընկած ճանապարհին թուրքերը կրակել են հայի մեքենայի վրա. տեր Ահարոն քահանա Մելքումյան

Դեկտեմբեր 23,2020 15:25

ՀՀ քննչական կոմիտեի մոտ է նաեւ Գորիսի հոգեւոր հայր տեր Ահարոն քահանա Մելքումյանը: Նա եկել է հարցաքննության հրավիրված Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին սատարելու:

«Համայնքապետին, որ դեռ տարիներ առաջ ընտրվում էր, ես օրհնել եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց քահանան: Քահանան քաղաքապետին անձամբ չի ճանաչում: Ասում է` մարդը կարող է ծրագիր գրել ու խաբել, բայց երբ նա ընտրվեց համայնքապետ, համարյա 98 տոկոս մաքուր ու արդար ձայնով, Քաջարանում իսկապես մեծ փոփոխություններ եղան: «Այսքան մարդ է հավաքվել, որոնց մեծ մասը Գորիսից է: Նրանք հենց այնպես չեն եկել, այլ տեսնելով նրա գործունեությունը, հայրենասիրությունը, մարդ լինելը՝ եկել են սատարելու: Ես եկել եմ, որպես հոգեւոր հովիվ սատար լինելու: Հիսուսն ասում է. «Ես բանտված էի, դուք այցի չեկաք, ծարավ էի, ջուր չտվեցիք, ես սոված էի, ինձ հաց չտվեցիք»: Երբ հարցնում են՝ ե՞րբ քեզ տեսանք, որ չարեցինք, Հիսուսը պատասխանում. «Այս փոքրիկներից մեկին արեցիք, ինձ արեցիք»: Հիմա, իմ համայնքի անդամն է, եկել եմ սատարեմ, մանավանդ, որ արցախյան պատերազմում նա եղել է դիրքերում: Մարդիկ, որ այստեղ են, չեն եկել ինչ-որ մեկին պաշտպանելու, այլ եկել են իրենց տունը պաշտպանելու: Մի քանի օր առաջ Գորիսից մինչեւ Տեղ գյուղ ընկած ճանապարհին, որը մոտ 20 րոպե է տեւում, թուրքեր են իջել, մեքենա են կանգնեցրել, չի կանգնել, հետեւից կրակել են: Թուրքերը կրակել են հայի մեքենայի վրա: Իսկ Գորիսը, Կապանը տեսել են թուրքի գրադի հետեւանքները, մաշկի վրա են զգացել դեռեւս 1993-1994 թվականներին: Հիմա նորից թուրքին, գրադին, սմերչին դրեցին Կապանի գլխին: Մարդիկ եկել են իրենց տունը պաշտպանելու համար»,- ասում է քահանան:

«Երբ փորձում եք Գորիսից գնալ Կապան, Ձեզ մի համար են տալիս եւ ասում, որ հենց գերի ընկնեք, զանգեք: Ներողություն, գերի են վերցնում, հեռախոսն էլ են վերցնում, կամ չի աշխատում, կամ ընկնում է հեռախոսը մեքենայի մեջ: Ի՞նչ անել: Ինչո՞ւ թուրքին նորից բերեցին մեր բակ: Մենք ունենք 16-րդ դարի եկեղեցի, Ադրբեջանի գերբի վրա գրված է 1918 թվական. եթե էս հողերը մերը չեն, բա ո՞ւմն են: Հող չէ, հայրենիք է, որի ամեն կտորի համար արյուն է թափվել»,- հավելեց տեր Ահարոն քահանա Մելքումյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031