Իր ամփոփիչ ասուլիսի ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձավ նաև անհետ կորածների ճակատագրերի պարզաբանմանը, զոհվածների մարմինների հանելուն և գերիների վերադարձին։
«Մեր ներկայացրած տվյալների հիման վրա բավականին հաջողված դեպքեր կան։ Եղել են նաև դեպքեր, որ մարդկանց կյանքեր են փրկվել, գերիները վերադարձվել են, բայց սա համատեղ աշխատանք է, միայն մեր աշխատանքը չէ՝ համակարգված և՛ Արցախի Հանրապետությունում, և՛ Հայաստանի Հանրապետությունում տարբեր ջանքեր կատարվում են՝ երբեմն տեսանելի, երբեմն ոչ»,- ասաց նա։
Արտակ Բեգլարյանը նշեց, որ այս գործընթացին գլխավոր խանգարող գործոնը Ադրբեջանի ապակառուցողական և հանցավոր վարքն է․ «Ոչ միայն այն տեսանկյունից, որ մեծածավալ հանցագործություններ են կատարվում ու սպանություններ, այդ թվում նաև գերեվարված անձանց, բայց նաև ակնհայտ է, որ նրանք թաքցնում են և՛ ռազմագերիների, և՛ քաղաքացիական անձանց ու բռնի անհետացած անձանց։ Եվ այս տվյալները և ապացույցները անընդհատ մենք ներկայացնում ենք նաև Կարմիր խաչին ու ռուսական կողմին։ Կոնկրետ դեպքերում հաջողություններ կան, բայց դեռևս Ադրբեջանը թաքցնում է բավականին շատ գերիներ, կխուսափեմ թիվ նշելուց, որոնց զգալի մասը նաև տեսանյութերով է ապացուցված, որ իրենց մոտ են գտնվում»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ