Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ հավաքված սյունեցիները դիմավորեցին ծափահարություններով եւ «Մանվե՛լ, Մանվե՛լ», «Մենք քեզ հետ ենք, քաղաքապետ ջան» քաջալերումներով եւ վանկարկումներով:
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն այսօր հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Ենթադրվում է, որ Փարամազյանը հարցաքննվելու է ապօրինի հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։ Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին եւ կալանքի միջնորդություն ներկայացվել դատարան։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի բոլոր համայնքապետերը, այդ թվում՝ նաեւ Քաջարանի համայնքապետը, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Լրագրողների հետ կարճ զրույցում Մանվել Փարամազյանն ասաց, որ իրեն Քննչական կոմիտե հարցաքննության հրավիրելը քաղաքական ենթատեքստ ունի եւ ուղիղ կապ ունի այն ամենի հետ, ինչն այս օրերին կատարվում է Սյունիքում:
Կարդացեք նաև
«Նրանք (նկատի ունի իշխանությունը. Ն. Գ.) երեւակայությունների մեջ են: Տեսանք, թե Սիսիանում ինչ եղավ: Այսօր իր համախոհներն ովքե՞ր են, ճիշտն ասենք, ճիշտը խոսենք: Ո՞վ է տեսել եկեղեցում քահանային սպառնան, վիրավորական բառեր հնչեցնեն: Այսինքն, թքա՞ծ ունեն մշակույթի, եկեղեցու, կրոնի վրա: Սրա՞նք են իր համախոհները»,-ասաց նա:
Քննչական կոմիտեի դիմացի փողոցը փակ է: Մի տաքսու վարորդ փորձեց հատել փողոցը, ցուցարարները դա իշխանության կողմից սադրանք որակեցին: Մի ահ խառնաշփոթ եղավ, նույնիսկ փորձեցին արդեն կանգնած մեքենան տեղաշարժել: Սակայն Մանվել Փարամազյանն իր համախոհներին կոչ արեց սադրանքների չտրվել եւ հանդարտություն պահպանել: Ճանապարհը բացեցին, մեքենան անցավ:
Մանվել Փարամազյանն էլ մտավ քննչական կոմիտեի շենք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ