Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյան․ Մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը չեմ լքում

Դեկտեմբեր 23,2020 14:55

Ինչպես արդեն հայտնի է, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հրաժարական է ներկայացրել։

Եվ դեկտեմբերի 23-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ամփոփեց իր գործունեությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպան։

Արտակ Բեգլարյանն ասաց, որ այսօր պատրաստվում է հրաժարականի երկրորդ դիմումը ներկայացնել, քանի որ ըստ օրենքի, պետք է կա՛մ երկրորդ անգամ դիմում ներկայացնի, կա՛մ մեկ շաբաթ սպասի։

«Հանրապետության նախագահի կողմից առաջարկ եմ ստացել գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու։ Սրա մասին երկար եմ մտածել, դժվար որոշում է եղել՝ արդյոք այս շրջանում պե՞տք է թողնեմ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը, թե՞ ոչ։ Բայց հաշվի առնելով այն աշխատանքը, որը պետք է կատարել, հաշվի առնելով դրա կարևորությունը և առկա կարիքը գործադիր իշխանությունում աշխատելու, ես կարծում եմ՝ իմ կարողություններին համապատասխան աշխատանք է, և իմ կարծիքով՝ գործադիր իշխանությունում և հատկապես տվյալ պաշտոնում հիմա ես ավելի օգտակար կարող եմ լինել առկա ճգնաժամի հաղթահարման գործում, քան մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում։ Դրա համար որոշում եմ կայացրել ընդունել առաջարկը»,- ասաց նա՝ սակայն հրաժարվեց պատասխանել, թե ի՞նչ պաշտոն է զբաղեցնելու։

Արտակ Բեգլարյանը պատերազմի ընթացքում Արցախի ՄԻՊ գրասենյակի փաստահավաք գործունեությունը համարում է ավարտին մոտեցող, թեև դեռևս այլ ուղղություններով փաստահավաք գործունեության կարիք կա․ «Ես համոզված եմ, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, հետագայում նաև հաջորդ մարդու իրավունքների պաշտպանը կշարունակեն այս աշխատանքները։ Իսկ ներսում առկա մարդու իրավունքներին վերաբերվող խնդիրներով, բնականաբար, աշխատակազմը շարունակելու է զբաղվել, քանի որ մարտահրավերները, խնդիրները բավականին շատ են՝ և՛ առօրյա, և՛ հետպատերազմյան ճգնաժամով պայմանավորված, և՛ պատերազմի հետևանքներով պայմանավորված։ Բայց ոչ մի բան ինձ չի խանգարելու գործադիր իշխանությունում ևս պատշաճ ուշադրություն դարձնելու մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այսինքն՝ ես թեև լքում եմ մարդու իրավունքների պաշտպանի դիրքը, բայց մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը չեմ լքում»։

Նա առանձնացրեց մի քանի խնդիրներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել․ «Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը կամ իրավապահ այլ մարմինները կամ հնարավոր այլ պատասխանատուները պետք է բոլոր հնարավոր քայլերն անեն, որպեսզի անվտանգային ռիսկերը նվազեցվեն, բացերը փակվեն, որից հետո քաղաքացիներն էլ իրենց ավելի ապահով կզգան։ Սակայն այստեղ կարևոր է նաև քաղաքացիների հետ բաց շփումը՝ տեղեկատվական առումով էլ, քանի որ խնդիրների մի մասը սուբյեկտիվ է և պայմանավորված է հոգեբանական ու տեղեկատվական ռիսկերով։ Դրա համար այստեղ պետական համակարգի դերը մեծ է, որպեսզի հնարավորինս նվազեցնի տեղեկատվական և հոգեբանական անորոշությունը քաղաքացիների համար, որպեսզի բնակչությունը հասկանա, թե իրենց ինչ է սպասվում, ինչ առկա ռեալ ռիսկեր կան, ինչ վարք պետք է դրսևորել»։

Նա նշեց, որ մինչև 40 հազար անձ անօթևան է մնացել միայն ռազմական գործողությունների և քաղաքական պայմանավորվածության հետևանքով, որոնց զգալի հատվածը արդեն Արցախի տարածքում է․ «Ժամանակավոր կացարանի հարցը դեռևս պետք է լուծել, և այստեղ կառավարման խնդիրները ակնհայտորեն քիչ չեն, որից հետո երկարաժամկետ ծրագրերով պետք է ավելի երկարաժամկետ բնակարանի հարց լուծել»։

Արտակ Բեգլարյանը առանձնացրեց նաև սոցիալական ապահովության խնդիրը․ «Անհրաժեշտ է, որ պետական մարմինները, պատկան մարմինները երաշխավորեն, որ ոչ ոք սոված, անօթևան և առանց ջեռուցման, առանց տաք անկյունի չմնա։ Այս պայմաններում սա նվազագույն շեմն է։ Եվ ֆինանսական աջակցությունը ինքնին բավականին լուրջ հարցեր լուծելու է, բայց հնարավորինս պետք է անել, որ այս ծրագրերը լինեն հասցեական։ Այսինքն՝ ոչ ոք անտեսված չլինի, լուսանցքում չմնա»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031