Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժողովուրդ, որ մի բան սկսվի, ձեր ապրա՞նքն է կարեւոր, թե՞ հարեւանների կյանքը». Մարությանը բնակիչներին հորդորում է նկուղներից հանել կոմպոտն ու թթուն

Դեկտեմբեր 23,2020 14:40

«Պատերազմի ժամանակ տարբեր խնդիրներ ի հայտ եկան: Երեւանում կան 4622 բազմաբնակարան շենքեր, որոնցից ոչ բոլորն ունեն նկուղներ: Այդ շենքերում որպես թաքստոց են ծառայում նկուղները, որոնց հետ կապված հարցերը տարբեր վիճակներում են: Օրինակ՝ կենտրոնում շենքերի նկուղները ժամանակին սեփականաշնորհվել են, բայց, այնուամենայնիվ, այս հարցն ավելի հեշտ է, որովհետեւ կենտրոնում կան ստորգետնյա կառույցներ, ավտոկայանատեղիներ եւ մետրոյի կայարաններ, որոնք կարող են որպես թաքստոց ծառայել»,-Երեւանի ավագանու նիստում այսօր ասաց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Երեւանում ապաստարանների նորոգման կամ կառուցման համար ինչ աշխատանք է արվում:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովը բարձրաձայնեց, որ մարդիկ չգիտեն, թե որտեղ պետք է թաքնվել տագնապի ազդանշանի դեպքում. «Փակցվում է գրություն, որ գնան մոտակա նկուղ կամ ապաստարան, բայց ապաստարան չկա: Համատիրության հետ բնակիչը մենակ է մնացել: Համատիրությունները զեկուցո՞ւմ են, թե ինչ վիճակ է»:

Փոխքաղաքապետը պատասխանեց. «Սուղ պայմաններում, երբ մեր տեխնիկան առաջնագծում էր, 140-ից ավելի մեքենայով շինաղբ ենք հանել նկուղներից: Կան համատիրություններ, օրինակ՝ Ավանում, որոնց բնակիչներն իրենք են օգնել, բարեկարգել են: Քաղաքապետարանը եւս աշխատանք կիրականացնի, սակայն բազմաբնակարան շենքերի թիվը բավականին մեծ է, եւ համայնքն ամեն օր չի կարողանա վերահսկել: Ճիշտ կլինի, որ բազմաբնակարան շենքերի բնակիչները եւս պատասխանատվություն կրեն եւ իրենց նկուղները կարգի բերեն, իսկ համայնքն ինչով կարողանա՝ կօգնի: Մանկապարտեզների եւ դպրոցների նկուղներում էլ գույք կա, որը, չգիտես ինչու, դուրս չի գրվում: Հաջորդ տարի գույքի դուրսգրման աշխատանք պետք է անենք, որպեսզի նկուղները մաքրվեն»:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց, որ անձամբ է շրջել վարչական շրջաններով եւ թաղապետերի հետ հետեւել, թե ինչպես են նկուղները մաքրվում. «Այդ խնդիրը մի քանի օրում հնարավոր չէ լուծել: Առաջնահերթ դա հենց բնակիչների սուրբ գործն է: Նկուղները դատարկ պետք է պահվեն, որոնք զավթվել եւ փակվել են: Անձամբ ես եմ բացել տվել նկուղները, բնակիչներին ասել, որ բաց պետք է պահեն: Մի քանի օր հետո նորից փակել են՝ «բա մեր ապրանքը, բա որ գողանան»: Ես էլ ասում եմ՝ ժողովուրդ, բա որ մի բան սկսվի, ձեր ապրա՞նքն է կարեւոր, թե՞ հարեւանների կյանքը, որը վտանգվում է ապրանքի պատճառով: Ամեն դեպքում, առավելագույնն ենք արել, որ նկուղները բաց պահվեն: Հրահանգել եմ, որ գոնե մեկ մարդ, որը տանն է գտնվում, ունենա նկուղի բանալին, որպեսզի բոլորն իմանան, թե ում մոտ է այն: Բայց հնարավոր չէ, որ եկող տարում բոլոր նկուղները դատարկած լինենք: Բնակիչներին հորդորում եմ՝ օդային տագնապի դեպքում հնարավորինս պետք է պատսպարվել, եւ դրա հնարավոր ձեւը նկուղները դատարկելն է ձեր ապրանքներից եւ տրամադրելը բոլոր բնակիչներին: Չկա օրենսդրական լծակ ստիպելու նկուղները դատարկել: Խոսել ենք, բացատրել, համոզել: Մարդիկ փակել են, կոմպոտ, թթու վարունգ լցրել եւ չեն պատկերացնում, որ օդային տագնապի դեպքում չեն հասցնի հանել, մաքրել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031