Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լիդիան Արմենիա. Դատարանն արձանագրել է՝ Նազելի Վարդանյանի կողմից «Լիդիանի» հասցեին հնչեցված հայտարարությունները զուրկ են եղել որևէ փաստական հիմքից

Դեկտեմբեր 23,2020 15:10

«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմամբ վերահաստատվել է, որ իրավաբան Նազելի Վարդանյանը զրպարտել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը:

Դեռևս ամռանը Առաջին ատյանի դատարանը բավարարել էր «Լիդիանի» հայցադիմումն ընդդեմ Նազելի Վարդանյանի` հրապարակային քննարկման ընթացքում վերջինիս կողմից ընկերության հասցեին հնչեցված հայտարարությունները, այդ թվում կոռուպցիայի մեջ մեղադրանքները համարելով զրպարտություն: Նազելի Վարդանյանը, օգտվելով ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքից, Առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:

Օրերս Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Նազելի Վարդանյանի կողմից «Լիդիանի» հասցեին հնչեցված հայտարարությունները զուրկ են եղել որևէ փաստական հիմքից: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ ազատ արտահայտված խոսքը կամ կարծիքը չպետք է միտված լինի կորպորացիաների գործարար համբավի արատավորմանը: Վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարել Առաջին ատյանի դատարանի եզրահանգումն առ այն, որ Նազելի Վարդանյանը տվյալները պետք է ներկայացներ  բարեխիղճ և հավասարակշռված, ստույգ փաստերի վրա հիմնված, իսկ բնապահպան փորձագետի դեպքում պատասխանատվության աստիճանն առավել մեծ էր, քանի որ հրապարակային խոսքը պետք է լիներ լրացուցիչ ստուգված, հիմնավոր, փաստարկված, հավասարակշիռ, բարեխիղճ և զուսպ: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը ևս փաստել է, որ Նազելի Վարդանյանի կողմից արված հայտարարությունները ուղղակիորեն ուղղված են եղել ընկերության գործարար համբավի արատավորմանը, հանդիսացել են զրպարտություն և բովանդակել է հասարակության շրջանում բացասական ընկալում ունեցող արտահայտություն:

Զրպարտության գործերով «Լիդիանի» օգտին կայացված մի շարք դատական վճիռները փաստում են այն մասին, որ Ամուլսարի ծրագրի ընդդիմախոսները, չունենալով հիմնավոր հակափաստարկներ ընկերության և Ամուլսարի ծրագրի վերաբերյալ, տարիներ շարունակ ապատեղեկատվություն են տարածել` այդ կերպ փորձելով ազդել Ամուլսարի ծրագրի նկատմամբ հասարակության տրամադրվածության վրա: Այս գործելաոճը ոչ միայն նպաստել է վերջին 2,5 տարվա ընթացքում Ամուլսարի ծրագրի շուրջ ապօրինությունների անպատիժ իրականացմանը` կասկածի տակ դնելով Հայաստանի խոշորագույն միջազգային ներդրումային ծրագրի ապագան, այլ նաև մեծապես վնասել է Հայաստանի տնտեսությանը, ներդրումային միջավայրին:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլորին զերծ մնալ «Լիդիան Արմենիայի» և Ամուլսարի ծրագրի վերաբերյալ անպատասխանատու, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ տարածելուց և հարգել սեփական լսարանը:

Լիդիան Արմենիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031