Վերջին օրերին, ներքաղաքական իրավիճակով իբր անհանգստացած, սկսեցին հանդես գալ, իրենց ինտելեկտուալ, չեզոք համարող, «ոտքերն ամպոտ» տարբեր հասարակական գործիչներ։
Նրանց հատկապես «անհանգստացնում» է ընդդիմության կողմից սոցցանցերում և հանրահավաքներում հնչող խոսքերը․ «ժեխ, դավաճան, հողատու, վիժվածք և այլն»։
Իհարկե, ողջունելի կլիներ սույն «ինտելեկտուալների» պահվածքը, եթե նրանք ոչ միայն իրենց սիրած վերջին «քսան», այլ ողջ անկախության տարիներին լինեին հետևողական։ Ամեն դեպքում, հիշեցման կարգով․ 2007-2008թթ․ նախագահական ընտրությունների ժամանակ, հարթակից, նաև Լևոն Տեր-Պետրոսյանին քարոզող լրատվամիջոցներում, հնչում և տպագրվում էին լուտանքներ, հայհոյանքներ․ «ավազակապետություն, դավաճաններ, սրիկաներ, ծախվածներ, ղարաբաղցի տականքներ, ովքեր հրապարակում չեն՝ դավաճաններ են, վաղը նրանց երեխաները կամաչեն նրանց համար և այլն և այլն»։ Ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008-ի փետրվարի 23-ի հանրահավաքում հայտարարեց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որեւէ մարդ, որ դեմ դուրս գա ժողովրդին և չկանգնի մեր կողքին: Ցավում եմ, որ տականքը շատ է, բայց վստահ եղեք` որքան հզորանում է մեր շարժումը, այնքան նվազում է տականքը»:
Եվ այս նույն «ինտելեկտուալներն» այն ժամանակ ոչ միայն բերանները բաց լսում ու հրճվում էին, նաև վանկարկում էին «Ման-վել, Ման-վել»։
Կարդացեք նաև
Նրանցից ոմանք հիշեցնում են 2018թ․ «ստի և կեղծիքի» հեղափոխությունը։ Իբր, այն ժամանակ այսպիսի արտահայտություններ չէին լինում։ Այո, թերևս չէին հնչում, որ հնչեին, բոլորիս մոլորեցնելուց և իշխանությունը զավթելուց հետո։ Ամեն դեպքում, մեր «ինտելեկտուալները» իրենց խաբված չե՞ն զգում, սիրելի առաջնորդի կողմից հերոս Աբաջյանի կեղծ պապիկին, կեղծ Աշոտի կեղծ տատիկին, Մոնթեի նմանությամբ կեղծ արյունի կեղծ վիրակապ օգտագործելու համար։
Կամ ինչո՞ւ են անտեսում այդ նույն 2018թ․ ժամանակ պատգամավորների տների մոտ դագաղներ, սև ժապավեններ տեղադրելու և «դավաճան» գոռալու համար։
Կամ այս նույն «ինտելեկտուալները» ինչո՞ւ չէին սաստում արդեն վարչապետի պաշտոնը զավթած իրենց պաշտելի առաջնորդին, երբ նա բարձր ամբիոնից իր հակառակորդներին, դատավորներին անվանում էր «վնգստացողներ, շնաբարո դուրսպրծուկներ, մկներ և ձկներ և այլն», երբ այս 2,5 տարիների ընթացքում, հենց իրենք՝ «ինտելեկտուալները», նրանց մտերիմներն ու վարչապետին սատարող մարդուկներն ու ֆեյքերը լուտանքներ ու հայհոյանքներ էին տեղում այլ կարծիք ունեցողների վրա։
Այո, հայաստանյան քաղաքական մրցակցությունը երբեք չի եղել քաղաքակիրթ, փաստարկված, որպես կանոն չեն եղել բանավեճեր, այլ փոխադարձ վիրավորանքներ և հայհոյանքներ։
Ինքս միշտ փորձել եմ զուսպ լինել, չտրվել զգացմունքներին, չօգտագործել ածականներ, պիտակավորումներ: Բայց նոյեմբերյան նվաստացումից հետո, երբ առնվազն ապիկար կառավարման արդյունքում տվեցինք հազարավոր զոհեր, կորցրեցինք հայրենիքի զգալի մասն ու շարունակում ենք օր-օրի կորցնել, ես էլ չեմ դիմանում և անկախ ինձնից հայհոյանքներ են միտս գալիս, երբեմն էլ հրապարակային արտահայտվում եմ։ Այնպես որ, եթե նախկինում բացարձակապես անընդունելի էր քաղաքական գործիչների հայհոյախառն բառապաշարն, ցավոք, այսօր առավել «ընդունելի» է։
Հարց «ինտելեկտուալներին»․
-Ի՞նչ բառապաշարով կդիմեին պարտված, դավաճանության մեջ կասկածվող երկրի ղեկավարին, ձեր պաշտելի ժողովրդավարական երկրների ազատ քաղաքացիները, նույնիսկ ինտելեկտուալները։
Այո, համոզված եմ ամենախիստ բառերով։
Այնպես որ, հարգելի «ինտելեկտուալներ», ձեր քննադատությունը ոչ մի քննություն չի բռնում։ Ավելին, լուրջ կասկածներ են առաջանում, որ դուք ոչ թե սկզբունքներով եք առաջնորդվում, այլ ․․․ Բայց մի բան պարզ է՝ ձեզ համար Արցախը հայրենիք չէր, հայրենիք չեն հավանաբար նաև Սյունիքը, Եղեգնաձորը, Վարդենիսը, ողջ Հայաստանը։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ