Գրիգոր Մուրադյանը զոհվելուց երկու օր առաջ մայրիկի հետ է խոսել ու ասել՝ մա՛մ ջան, լավ կլինի, էլի կզանգեմ, բայց այդպես էլ չի զանգել, որովհետև հոկտեմբերի 18-ին թշնամու ԱԹՍ-ի հարվածը 18-ամյա Գրիգորի համար եղել է ճակատագրական:
Գրիգոր Մուրադյանը 18 տարեկան էր՝ երեք ամսվա զինծառայող: Aravot.am-ի հետ զրույցում Գրիգոր Մուրադյանի քեռին՝ Բաբկեն Թովմասյանը պատմեց՝ Գրիգորը վիճակահանությամբ ծառայում էր Մարտունիում, հետո տեղափոխել էին Աղդամ: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում ՝ հոկտեմբերի 18-ին՝ Աղդամում Գրիգորը զոհվել է թշնամու ԱԹՍ-ի հարվածից:
Բաբկեն Թովմասյանը մանրամասնեց. «Գրիգորի զոհվելու մասին մենք իմացել ենք նոյեմբերի 1-ին: Հոկտեմբերի 16-ին է Գրիգորը վերջին անգամ խոսել մոր հետ. դրանից հետո լուր չի եղել: Ծանոթ մարդ կար Աղդամում, նրա միջոցով իմացանք, որ ամսի 18-ին Գրիգորը զոհվել է: Նա խորհուրդ տվեց գնալ Գորիս, որպեսզի ճշտենք, թե որտեղ է Գրիգորի մարմինը: Հոկտեմբերի 19-ին գնացել ենք Գորիս, այնտեղից իմացանք, որ հոկտեմբերի 18-ին երեխային խփել են, 19-ին տարել Երևան: Նրա մարմինը ճանաչելի է եղել: Հետո Գորիսից եկանք Երևան և Հերացիում գտանք Գրիգորին»:
Գրիգորի քեռին պատմեց՝ նա լավ սովորող, խելացի, գրագետ երիտասարդ էր: Անվճար ընդունվել էր Պոլիտեխնիկ: Քեռին հիշեց. «Հազար ու մի նպատակ ուներ. մորն ասում էր՝ բանակից գամ, աշխատեմ, տուն առնենք»:
Կարդացեք նաև
Գրիգորը մոր և 15-ամյա եղբոր հետ ապրում էր Երևանում՝ Շենգավիթ վարչական շրջանում: Բաբկեն Թովմասյանն ասաց՝ նրան աճյունը հողին են հանձնել հարազատ գյուղի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի գերեզմանատանը. չեն ցանկացել, որ Գրիգորի աճյունը լինի Եռաբլուրում, այլ ուզել են, որ լինի հարազատ գյուղում:
Բաբկեն Թովմասյանը նշեց՝ մինչև պատերազմը սկսելը Գրիգորը ծառայության ընթացքում իրենց բոլորի հետ էլ խոսել է, երբեք չի դժգոհել, բայց պատերազմի օրերին զանգել է միայն մորը: Իսկ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 16-ին՝ զոհվելուց երկու օր առաջ: Քեռին, հուզմունքը հազիվ խեղդելով, մեզ պատմեց. «Կռվի ընթացքում միայն մոր հետ է խոսել, Գրիգորի հայրն էլ է մահացած: Խոսել է մոր հետ, ասել՝ մա՛մ ջան, չմտածեք մեր մասին. մենք լավ ենք, հետո էլի կզանգեմ ու անջատել է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ