«Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը լրագրողներին հայտնեց, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 12:30-ին «Հայելի» ակումբը պետք է հյուրընկալեր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, սակայն նա երեկ գիշեր իրեն զանգել եւ ասել է, որ քրեական գործ են հարուցել ուղիղ եթերում արված իր հայտարարությունների պատճառով:
Իսագուլյանի փոխարեն ներկա էր նրան պատկանող Livenews լրատվամիջոցի լրագրող Լուսինե Հայրապետյանը: Նա «Հայելի» ակումբում հետեւյալը հայտնեց. «Ասուլիսից րոպեներ առաջ Գառնիկ Իսագուլյանը զանգահարեց մեզ եւ ասաց, որ ոստիկաներն իրեն բերման են ենթարկում, ընդամենը տասը վայրկյան ենք խոսել: Հեռախոսը կարծես թե խլեցին ձեռքից…Ես լսեցի ոստիկանի ձայնը, որ ասաց՝ չի կարելի խոսել»:
ՀՀ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ 2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ