«Շատ կարեւոր փաստ կուզենայի արձանագրել: Արդեն շուրջ 6 ամիս է՝ Երեւանի քաղաքապետարանը չի բաժանել պարգեւավճարներ: Պատերազմի հետ կապված՝ նման որոշում կար մեր կողմից: Նկատի ունեմ քաղաքապետարանի ողջ կազմին, որը գիտակցում է, որ ծանր, դժվար օրեր են, եւ մենք անմասն չպետք է մնանք այն զրկանքներից, որոնք կրել են մեր քույրերն ու եղբայրները»,-Երեւանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը: «Շատերը կորցրել են իրենց երեխաներին, հայրերին, մայրերին, մնացել առանց միակ կերակրողի: Սա ծանր, ազգային ողբերգություն է: Քաղաքապետարանն իր ողջ կազմով անմասն չի մնում սրանից եւ փոքր լումայով մասնակցում է գործընթացին»,-հավելեց նա:
Մարությանը տեղեկացրեց. «Արդեն խոսել եմ սոցապ նախարարի հետ, խնդրել, որ վերջնական ճշգրտի եւ փոխանցի ցուցակ երեւանաբնակ տղաների, որոնք հաշմանդամություն են ստացել պատերազմական գործողությունների ժամանակ եւ ունեն տեղաշարժման խնդիր: Մենք հասցեներով մեր խնայած գումարներով կտեղադրենք բոլոր բազմահարկ շենքերում այնպիսի վերելակներ, որոնք թույլ կտան սայլակներով տեղաշարժվել: Կկահավորենք մուտքերը: Կանենք ամեն ինչ, որպեսզի նրանք կարողանան ազատ տեղաշարժվել իրենց տանից մինչեւ մոտակա ավտոբուսի կայարան կամ այնտեղ, որտեղ պետք է: Խնդիրները լուծելու ենք կետային եւ ամբողջությամբ՝ մեր հնարավորությունների սահմաններում: Շատ կոնկրետ ծրագրի համար են ծախսվելու այն գումարները, որոնք խնայվել են պարգեւավճարների մասով: Մանրամասները կասենք հետագայում»:
Անդրադառնալով քաղաքապետարանի աշխատակիցների 13-րդ աշխատավարձը ստանալ-չստանալու հարցին՝ քաղաքապետը շեշտեց. «Դա պարգեւավճար է, եւ երբ ասացի պարգեւավճար՝ ամբողջը նկատի ունեի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ