Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրում չկա սովորելու միջավայր, սովորելը չի գնահատվում». կրթության փորձագետ

Դեկտեմբեր 23,2020 13:24

«2020-ը բավականին դժվար տարի էր, 2019-ից արդեն հիվանդություններ ունեինք, մեծ թվով բացակայություններ՝ դեռեւս չիմանալով, որ դա կորոնավիրուս է: Լարվածությունը, անհայտությունը հիվանդության վտանգների նկատմամբ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում հասցրեց նրան, որ դպրոցները փակվեցին, ու անցան հեռավար կրթության: Երկրների մեծ մասը պատրաստ չէր դրան, ուսուցիչները ստիպված էին ընթացքում շատ բաներ սովորել:

Նրանք ընտրում էին դասերը կազմակերպելու ամենից պարզ, ամենից հեշտ եղանակները, ինչպիսին էր օրինակ Zoom համակարգը, հեռախոսային ծրագրերը: Երկրորդ դժվարությունն այն էր, որ թեեւ մեր աշակերտները տեխնոլոգիաների հարցում ավելի լավ էին կողմնորոշվում, բայց չգիտեին, թե ինչպես սովորել տեխնոլոգիաների միջոցով:

Իսկ երրորդ դժվարությունն այն էր, որ ընտանիքներում չկային բավականաչափ թվով սարքավորումներ՝ հեռավար կրթությունն իրականացնելու համար: Պետությունը որոշակի թվով ընտանիքների որոշ ռեսուրսներ տրամադրեց, բայց դրանց թիվը մեծ չէր: Եղան նաեւ ածանցյալ խնդիրներ, երբ ուսուցիչները պատրաստվում էին դասին, իսկ աշակերտները ձեւացնում էին կամ իսկապես չէին կարողանում վատ ինտերնետի պատճառով միանալ դասերին»,- «Մեդիա կենտրոնում» կայացած «Հանրակրթությունը՝ կորոնավիրուսի ու պատերազմի միջով» թեմայով քննարկման ժամանակ իրավիճակն այսպես ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով, 2020 թվականը կրթության համակարգում մասշտաբային քննության տարի էր. «Ինչպես կրթությունը, այնպես էլ երկրի մնացած համակարգերը քննության ենթարկվեցին՝ սկզբում կորոնավիրուսի հետ կապված, հետո՝ պատերազմի:

Կորոնավիրուսը քննություն էր այն առումով, որ կարողացանք համակարգի խնդիրները ավելի բաց եւ ակնհայտ ձեւով տեսնել, որովհետեւ երբ որ դու իներցիոն ձեւով աշխատում ես համակարգի ներսում, ամենօրյա գործընթացների մեջ խնդիրները լավ չես տեսնում, բայց երբ որ հայտնվում ես առօրյայից դուրս վիճակում, խնդիրները պարզ են երեւում»:

Սերոբ Խաչատրյանը Արտաշես Թորոսյանի նշածներին հավելեց անհավասարությունների խնդիրը. «Մենք ակնհայտ տեսանք, որ կրթության ոլորտում ունենք անհավասարություններ, ինչը ոչ միայն աշակերտներին է վերաբերվում, որ չունեին տեխնիկա եւ ինտերնետ, չարաշահում էին հեռավար կրթության հնարավորությունները, այլեւ ուսուցիչներին: Մենք տեսանք, որ էլի ուսուցիչների նույն խումբն է աշխատում, լծվել է հեռավար ուսուցման հնարավորությունների սովորելուն, թվային գործիքներն ակտիվորեն ներառելուն կրթական պրոցեսներում: Փաստորեն, այստեղ էլ ունենք անհավասարություն: Ունենք ուսուցիչների մի փոքր խումբ, որ ցանկացած ճգնաժամ օգտագործում է սովորելու, նոր մեթոդներ կիրառելու համար, իսկ մեծ մասը դիմադրում էր, ոչ արդյունավետ էր օգտագործում հնարավորությունը՝ պատճառաբանելով, որ հեռավար ուսուցումն անհնար է, վատն է:

Ես մտավախություն ունեմ, որ կորոնավիրուսի ավարտից հետո նորից կվերադառնանք նույն վիճակին, այսինքն՝ էլի թվային գործիքները, հեռավար ուսուցման որոշ առավելություններ դժվար թե համակարգն օգտագործի: Իհարկե, մի քանի հազար մարդ կշարունակի օգտագործել, բայց համակարգային լուծման չենք գա»:

Սերոբ Խաչատրյանը մեկ այլ խնդիր էլ նշեց, որ երեխաներն առանձնապես շատ չեն ուզում սովորել, որովհետեւ, երբ առկա է ուսուցումը, նրանք որոշակի տարածքում ուսուցչի վերահսկողության տակ են, մինչդեռ հեռավարի դեպքում ուսուցչի վերահսկողական գործիքները թուլանում են: Կրթության փորձագետի ձեւակերպմամբ, եթե սովորելու ցանկությունը մեծ չէ, մնացած լուծումները չեն կարող արդյունավետ լինել: Ավելին, ըստ նրա՝ երկրում չկա սովորելու միջավայր, սովորելը չի գնահատվում. «Հայաստանում կրթության բարեփոխումներ տեղի չեն ունենում, տեղի է ունենում բարեփոխումների իմիտացիա: Այսքան տարիների ընթացքում բարեփոխումների ոլորտում ձախողումներ ենք ունեցել»

Մեկ այլ փորձագետի՝ Վահրամ Սողոմոնյանի կարծիքով, պետք է շնորհակալ լինել մանկավարժական կազմին, որ մեծ ջանքեր գործադրեց, ինքնակազմակերպվեց պատերազմի եւ կորոնավիրուսի պայմաններում: Նա եւս կարծիք հայտնեց, որ այդ երկու մարտահրավերները ցույց տվեցին կրթական համակարգի թույլ կողմերը: Կրթահամակարգի բացերին էլ անդրադարձ արվեց. «Անընդհատ փորձ է արվում վերահսկել աշակերտի ամեն քայլը, ուսուցչի ամեն մի գործողությունը: Իբր մենք անցել ենք բազմակարծիք եւ ժողովրդավարական հասարակության, բայց չենք սովորել դրա օգտակար կողմերն օգտագործելու հնարավորությունները, եւ դպրոցները մնացել են որպես փակ տարածքներ, որտեղ մասնակցային մշակույթը տեղ չունի: Այդ երկու շոկերը պետք է շատ արագ փոփոխությունների ազդանշան լինեն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031