Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«1 միլիարդ 23 միլիոն դրամ՝ 2021թ.-ի պարգեւավճարների համար». Տիգրան Գալստյանն առաջարկում է փոխարենը աշխատավարձերը բարձրացնել

Դեկտեմբեր 23,2020 13:15

«2021թ.-ի պարգեւավճարների ֆոնդը նախատեսված է մեկ միլիարդ 23 միլիոն դրամի չափով: Շեշտեմ, որ նախորդ տարվանից այն շուրջ 49%-ով պակաս է»,-Երեւանի ավագանու այսօրվա նիստում Երեւան քաղաքի 2021թ.-ի բյուջեն հաստատելու մասին նախագիծը զեկուցելու ընթացքում հայտարարեց փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը՝ պատասխանելով ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանի հարցին, թե որքան է կազմում եկող տարվա բյուջեում պարգեւավճարների չափը:

Տիգրան Գալստյանն ասաց. «Աշխատավարձի տեղը պարգեւավճար տալու ձեւաչափին կտրականապես դեմ եմ: Դրա համար մեզ շարունակ մամուլով քննադատում են: Մենք էլ անընդհատ բացատրում ենք, որ դա իրականում աշխատավարձ է: Կարծում եմ՝ պետք է քաղաքական կամք դրսեւորենք եւ աշխատավարձերը բարձրացնենք՝ 30, 50 եւ 100%-ի չափով: Դա իմ առաջարկն է: Պարգեւավճար տալիս են հավելյալ աշխատանքի համար, այլ ոչ թե որպես աշխատավարձ: Ինչո՞ւ մենք պարգեւավճարն աշխատավարձի տեսքով չենք տալիս»:

Փոխքաղաքապետը պատասխանեց. «Մեր սկզբունքը հետեւյալն է: Ներկայումս կան հաստիքային աշխատավարձեր՝ մարդիկ, որոնք պայմանագիր են կնքել եւ անցել աշխատանքի, ունեն ֆիքսված գումար: Բացի դրանից, նաեւ պարգեւավճարներ են ստացել: Այս պահին չենք կարող մեր կամքով մարդկանց համար դա որպես աշխատավարձ դիտարկել՝ հանել պարգեւավճարի ֆոնդն ու դնել աշխատավարձի ֆոնդի մեջ: Դրա համար պետք է աշխատավարձերի հետ կապված նախագիծ մշակվի: Պատրաստ ենք համագործակցել ավագանիների հետ եւ նախագիծը դնել քննարկման: Այո, բոլոր աշխատակիցների համար աշխատավարձի բարձրացումը կարեւոր խնդիր է: Բոլորը տեղյակ են, որ պետական համակարգում ամենացածր հաստիքային աշխատավարձերը քաղաքապետարանում են, բայց վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը բոլորից շատ աշխատողներից է»:

Տիգրան Գալստյանը նկատեց. «Կարծում եմ՝ հարցը շատ հրատապ է: Մինչեւ փետրվար ես համատեղ նախագիծ կմշակեմ, որպեսզի աշխատավարձի բարձրացումը լինի պարտադիր: Կարծում եմ՝ քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները դրան սպասում են: Ավելի ճիշտ գործելաոճ է պարգեւավճարի փոխարեն աշխատավարձը բարձրացնելը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031