Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետությունը հիմա այն վիճակում է, որ չգիտեմ՝ ի՞նչ ասեմ կամ, առհասարակ, ասեմ, թե՞ ոչ. տղայիս նորմալ սնվել է պետք, որ կարողանա վերականգնվել». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 23,2020 11:33

Վանաձոր քաղաքի բնակիչ, 18-ամյա Էմանուել Բադիկյանը բանակ էր զորակոչվել այս տարվա օգոստոսի 24-ին։ Զինծառայության էր անցել Ասկերանում: Շուրջ մեկ ամսվա ծառայող էր, երբ վերսկսվեց Արցախյան պատերազմը: Էմանուելը պայթյունի ալիքից լուրջ վիրավորում է ստացել:

«Հիվանդանոցից 20 օրով ուղարկեցին մայրական խնամքի, հետո երկրորդ անգամ կամիսյա անցավ, երրորդի ժամանակ արդեն ճանաչեցին ծառայության համար ոչ պիտանի»,- պատմում է Էմանուելի մայրը՝ տիկին Սուսաննան։ «Նյարդային խնդիրներ ունի, որ մի փոքր հուզվում է կամ ջղայնանում, կորցնում է ինքնատիրապետումը: Վերականգնողական բուժում է պետք տղայիս»,- մանրամասնում է նա:

Տիկին Սուսաննան 3 տղաների մայր է: Մյուս երկուսը հիմա էլ սահման են պահում, մեկը՝ Տավուշում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ մյուսը բանակ է զորակոչվել «Ես եմ» ծրագրով: Պատերազմական օրերին վերջինս եղբոր՝ Էմանուելի հետ եղել է Աղդամում: Նա եւս բեկորային վիրավորում է ստացել ոտքի շրջանում, սակայն մորն այդ մասին չի ասել. «2 տեղից վիրավորվել է, առաջինը Էմանուելս է վիրավորվել, հետո՝ մյուս տղաս, ինձ խնայել էին, չէին ասել, հետո եմ իմացել: Հիմա էլ «Ես եմ» ծրագրով շարունակում է ծառայությունը, ճիշտ է՝ ցավեր ունի, բայց դե… վերջում գոնե տուն կունենանք»:

Սահմանների պաշտպանությանը մասնակցած եւ մասնակցող 3 տղաները կյանքի 5 տարիներն անց են կացրել Վանաձորի մանկատանը: Մայրն ասում է՝ որդիները դժվար կյանք են տեսել, դեռ մանկուց են իմացել կյանքի դառնությունները: Տղաների մայրը վաղուց է ամուսնալուծվել, ամուսնու հետ որեւէ կապ չկա: Տան միակ եկամուտը պայմանագրային զինծառայող որդու աշխատավարձն է:

Բնակարանը, որտեղ ապրում են, վարձով է: Անբարեկարգ փոքր բնակարանը տաքացվում է վառելափայտով: Ընտանիքը վերջերս է որոշակի վառելափայտ գնել բարերարներից մեկի տված փոքր գումարով: Մայրն ասում է՝ Էմանուելի համար նաեւ տաքությունն է կարեւոր: Սննդի ու ձմռան ցրտին դիմակայելը 3 զինվորի ընտանիքի առաջնային խնդիրներից է: Հարցին՝ ինչ է պետք այսօր այս ընտանիքին, մայրը լռում է, հետո դժվարությամբ ասում. «Պետությունը հիմա այն վիճակում է, որ չգիտեմ՝ ինչ ասեմ կամ, առհասարակ, ասեմ, թե ոչ: Ամեն անգամ Վանաձորից տղայիս Երեւան հետազոտությունների հասցնելու համար փաստի առաջ եմ կանգնում: Տղայիս նորմալ սնվել է պետք, որ կարողանա վերականգնվել»:

Մանկության օրերին կյանքի դժվարություններ տեսած, մանկատանն ապրած, հետո արդեն պատերազմի բովով անցած վիրավոր զինվորը զբաղվելու համար ոչինչ չունի: Միակ զբաղմունքը, ինչպես ինքն է ասում, մոր՝ «կնոպկով» հեռախոսն է, այն էլ օրվա մեջ մի քանի ժամ է ձեռքն ընկնում. «Ես առաջ ախպորս սենսոր հեռախոսն էի օգտագործում, ձեռքիցս ընկավ ջարդվեց, հիմա ոչ մի բան չունեմ»:

Էմանուելը նաեւ սպորտով է զբաղվել՝ բռնցքամարտով ու սուսերամարտով, հետո արգելել են շարունակել՝ կապված նյարդային խնդիրների հետ: Ընտանիքի համար, թերեւս, միակ ու կարեւորագույն խնդիրը ոտքի կանգնելն է՝ ձմռան վառելափայտի հարցն ու զինվորի համար այդքան սպասված ու երազանք դարձած՝ «սենսոր» հեռախոսը:

Հ.Գ. Զինծառայողի՝ Էմանուել Բադիկյանի մոր հեռախոսահամարն է. 094352089

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031