Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու է Ադրբեջանը շարունակում զինվել

Դեկտեմբեր 23,2020 11:01

Փաշինյանն, ընդհանրապես, վստա՞հ է, որ Ալիեւն իր հետ կնստի բանակցությունների սեղանի շուրջ

Մինչ Հայաստանում ներքաղաքական պայքարը թեժացել է իշխանափոխության շուրջ, Ադրբեջանը՝ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո էլ շարունակում է զինվել: Բաքվում հայտարարել են պաշտպանական բյուջեն ավելացնելու մասին, որն, ըստ տեղեկությունների, կկազմի 2,7 միլիարդ դոլար, այդպիսով ավելանալով առնվազն կես միլիարդ դոլարով:

Ադրբեջանի 2021թ. բյուջեով ավելացվում են երկրի պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, դատական եւ իրավապահ մարմինների պահման ծախսերը: Մասնավորապես, այդ ոլորտների ծախսերը 2020թ. համեմատությամբ կավելանան 16.3 տոկոսով՝ կազմելով մոտ 6,6 մլրդ մանաթ (մոտ 4 մլրդ դոլար): Այս մասին ասվում է Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ: Այսպես՝ պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, դատական եւ իրավապահ մարմինների պահման ծախսերի տեսակարար կշիռը 2021թ. բյուջեի նախագծում կկազմի 23.4 տոկոս, ինչը 2.5 տոկոսով ավելին է 2020թ. ցուցանիշից: Ընդ որում, պաշտպանության եւ ազգային անվտանգության ծախսերը բյուջեում կկազմեն մոտ 2.7 մլրդ դոլար, ինչը 2020թ. ցուցանիշը գերազանցում է 20.5 տոկոսով:

Միաժամանակ հայտնի է, որ Ադրբեջանի կառավարությունը 2021-ին 1 միլիարդ 300 միլիոն դոլար է հատկացնելու Լեռնային Ղարաբաղում Բաքվի հսկողության տակ հայտնված տարածքների վերականգնմանը: Որոշումը ներառված է Ադրբեջանի 2021թ. պետական բյուջեի օրինագծում: Կառավարությունը մտադիր է գումարն ուղղել Բաքվի հսկողության տակ գտնվող բնակավայրերում ենթակառուցվածքների, ինչպես նաեւ պատմական եւ մշակութային ժառանգության վերականգնմանը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիան Ադրբեջան Է ուղարկել զինվորական անձնակազմի 60 ներկայացուցիչների: Դեկտեմբերի 22-ին NTV հեռուստաալիքի եթերում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է. «Այժմ մեր անձնակազմից 60 մարդ գտնվում Է Ադրբեջանում: Երեք կողմերի միջեւ հրադադարի վերահսկման կենտրոնի կառուցման շուրջ բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել, մնում Է լուծել մի շարք հարցեր, որոնք վերաբերում են շինարարությանը, անձնակազմի տեղաբաշխմանը: Մեր մարդիկ կաշխատեն ռուսների հետ: Այնտեղ նրանց մնալու ժամկետների մասին մենք կխոսենք ռուսական կողմի հետ, կրկին կքննարկենք այդ թեման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել Է նա: Աքարը նաեւ հավելել է, որ աշխատանքները «համատեղ կղեկավարեն թուրք եւ ռուս գեներալները»: Նա պարզաբանել Է, որ զինադադարի պահպանման հսկման գործում ռուսաստանցիների հետ մեկտեղ զբաղված կլինեն Թուրքիայի զինված ուժերի 30-ից մինչեւ 60 ներկայացուցիչներ. «Նրանք ռուսների հետ մեկտեղ կանեն ամեն ինչ՝ հրադադարի ռեժիմի մշտականությունն ապահովելու համար»:

Ավելի վաղ Աքարը հայտնել էր, որ Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկման համար ստեղծվելիք ռուս-թուրքական կենտրոնը Աղդամում է լինելու, կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են, եւ դրանց հետեւում են թուրք գեներալն ու 100-հոգանոց անձնակազմը։ Թուրքական անձնակազմն, ըստ Աքարի, նաեւ տեղում վարժանքներ է իրականացնում եւ ականազերծման աշխատանքներ անում։ Նշենք, որ դեկտեմբերի 16-ին Թուրքիայի զինված ուժերի ականազերծման հատուկ թիմի 136-հոգանոց անձնակազմը ժամանեց Ադրբեջան՝ Արցախում ականազերծման եւ ինքնաշեն պայթուցիկներից մաքրման աշխատանքներում Ադրբեջանի բանակին օգնելու համար:

Հայաստանի քաղաքական ուժերն այսօր կապում են Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերը իշխանափոխության հետ: Դրա մեջ կա տրամաբանություն. պարտված, պարտության փաստաթուղթ ստորագրած իշխանությունը չի կարող եւ ինչպես տեսնում ենք՝ չի կարողանում լիարժեք ստանձնել մեր երկրի տարածքային ամբողջականության պաշտպանությունը եւ Արցախում մեր հայրենակիցների խնդիրների լուծմանը: Իսկ Ադրբեջանը պատերազմում հաղթանակից հետո ոչ միայն անցնել է հանձնած տարածքների վերակառուցմանը, այլեւ շարունակում է ինչպես միշտ զինվել, ընդ որում, թուրքական աջակցությունը հետպատերազմյան փուլում անթաքույց է:

Իհարկե, նոյեմբերի 10-ին ստորագրվեց հրադադարի եռակողմ հայտարարություն, եւ շատ է այս ընթացքում ասվել, որ՝ պատերազմը դեռ չի ավարտվել: Բայց սա շարունակ կրկնելուց բացի հարկավոր է գործել՝ մոբիլիզացնել ողջ քաղաքական դաշտը, մատնանշել մեր անելիքները ու գործել: Մեր իշխանական վերնախավում, առհասարակ, ուշադրություն դարձնո՞ւմ են Ադրբեջանից իշխանական հայտարարություններից…

Օրեր առաջ ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան նշել է, որ հայկական զինված ուժերը պետք է հեռանան Արցախի ամբողջ տարածքից. «Հայտարարության օրիգինալը ռուսերեն լեզվով է եւ այնտեղ ամեն ինչ հստակ գրված է: Այն, ինչ ձեզ ասում են հայերը, դա միայն մեկնաբանություն է, իսկ մենք ուղիղ հղում ենք անում հայտարարության տեքստին»,- ասել է Աբդուլաեւան: Վերջինս սա ասել է` հակադարձելով հայկական կողմի այն դիրքորոշմանը, որ հայկական զորքերի` Արցախից հետ քաշումը վերաբերվում է միայն Լաչինի, Քարվաճառի եւ Աղդամի շրջաններին:

Ադրբեջանը, փաստացի, շարունակում է ծավալապաշտական դիրքերից հանդես գալ, մինչդեռ հայկական կողմը չի կարողանում օրակարգ մտցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, թեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ պետություններն արձանագրել են, որ կարգավիճակի հարցը մնում է չլուծված:

Օրեր առաջ Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը «Le monde» օրաթերթին տված հարցազրույցում վստահեցրեց, որ Արցախի կարգավիճակի հարցը դուրս չի բերվել օրակարգից. «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է խաղաղության տանող բանակցությունների հիմնաքարը։ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը զուտ այն պատճառով, որպեսզի հնարավորություն, շանս ընձեռի բանակցությունների միջոցով հասնելու ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։ Ոմանք այսօր սխալվում են՝ կարծելով, թե ռազմական ուժի կիրառմամբ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բերվել օրակարգից։ Այդ առնչությամբ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են, որ Արցախի կարգավիճակի հարցը շարունակելու է մնալ բանակցությունների օրակարգում, որը գոհացնող է։ Տվյալ հարցում Ադրբեջանի անհամաձայնության դեպքում Հայաստանը կդիտարկի Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը»: Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝ ոմանք սխալվում են՝ կարծելով, թե ռազմական ուժի կիրառմամբ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բերվել օրակարգից։

Այսինքն, ունենք պաշտոնական Երեւանի ու Բաքվի հակադիր դիրքորոշում. Ալիեւը բացեիբաց հայտարարում է, որ բանակցությունների շարունակման անհրաժեշտություն չկա, որովհետեւ Ադրբեջանը լուծել է հակամարտությունը ռազմական ճանապարհով: Հետեւաբար, այս իրավիճակում կարելի՞ է հույս ունենալ, որ Ալիեւը ստորագրելու է խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ…

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին, որում նշեց, թե Արցախի հարցն առանձին հարց է. «Ինչպես իմ հրապարակած Ճանապարհային քարտեզով ասել եմ, Արցախի հարցի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններ պետք է վերսկսվեն, տեղի ունենան, ինչի առաջին քայլերը մենք տեսնում ենք, եւ Արցախի կարգավիճակը պետք է ճշգրտվի այդ համատեքստում»: Հարցին, ինչպիսի՞ն է լինելու Արցախի կարգավիճակի հարցը, Ադրբեջանի նախագահն ասում է՝ նման հարց չկա օրակարգում, հակամարտությունը կարգավորված է, Փաշինյանը պատասխանել է. «Դե գիտեք, ի վերջո, բանակցային գործընթացի ողջ ընթացքում Ադրբեջանն ասել է, որ Ղարաբաղի կարգավիճակ Ադրբեջանից դուրս չի կարող լինել: Միշտ է ասել: Բայց դրա արդյունքում բանակցությունները, միեւնույն է, շարունակվել են, եւ բանակցային գործընթաց տեղի է ունեցել: Եվ էլի ես վերադառնում եմ նույնին. ի՞նչ պետք է մենք անենք՝ պետք է կայունացնենք իրավիճակը: Պետք է կայունացնենք իրավիճակը, եւ դա հեշտ չի լինելու…»:

Ստացվում է, որ Փաշինյանի հույսը նրա վրա է, որ Ալիեւը բարեհոգություն կցուցաբերի, եւ եթե նա նախկինում մտադրություն չունենալով բանակցել՝ ստիպված բանակցել է, հիմա էլ ստիպված է լինելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցե՞լ իր հետ:

Ինչպե՞ս է Փաշինյանը պատկերացնում բանակցություններ Ալիեւի հետ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Առհասարակ, Փաշինյանը վստա՞հ է, որ Ալիեւն իր հետ կնստի բանակցությունների սեղանի շուրջ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Վերականգնելով կորցրածը,ադրբեջանը նորից կհամալրի զինանոցը և 4.5 տարի հետո կմերժի ռոսական խաղապահ առաքելության շարունակությունը և կմնա Արցախի հետ դեմ հանդիման՝այն վերջնականորեն գրավելու մտադրությամբ:Իսկ ով կարող է երաշխավորել,որ հենց այդպես ել չեն պայմանավորվել ռոսների հետ….:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031