Լրահոս
Օրվա լրահոսը

Էրեբունի համայնքի նախկին ղեկավարին, նրա որդուն և նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ մետրոպոլիտենի աշխատանքը խաթարելու համար

Դեկտեմբեր 23,2020 10:23

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2020թ. դեկտեմբերի 11-ին մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացնելու և մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էրեբունի համայնքի նախկին ղեկավար՝ Դ.Գ-ին., վերջինիս որդուն՝ Թ.Գ.-ին, և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ա.Օ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (ինքնիրավչություն) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:10-ի սահմաններից սկսած, մոտ 40 րոպե խաթարվել էր մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը, քանի որ ակցիա իրականացրած մի խումբ անձինք կանգնել էին կառամատույցի երկու կողմերում կայանված գնացքների դռների մոտ՝ թույլ չտալով, որպեսզի դրանք փակվեն և գնացքներն աշխատեն: Արդյունքում՝ մետրոպոլիտենի գործունեությունն ամբողջությամբ կանգնել էր, և բազմաթիվ ուղևորներ չէին կարողացել օգտվել մետրոպոլիտենի ծառայություններից:

Նախաքննությունը շարունակվում է:

Ինչ վերաբերում է օրերս համայնքի նախկին ղեկավարի կողմից արված հայտարարություններին, թե, իբր, ինքն ակցիային չի մասնակցել, ակցիա չի իրականացրել, ապա հարկ ենք համարում նշել, որ համացանցում լայնորեն տարածվել է տեսագրություն, որտեղ հստակ երևում է, որ համայնքի նախկին ղեկավարը ոչ միայն մասնակցում է, այլև՝ ակտիվ գործողություններ է իրականացնում:

Կից ներկայացնում ենք նշված տեսագրությունը՝ անհարկի շահարկումներից խուսափելու նպատակով`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031