Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է խաղաղ տրանսֆորմացիա

Դեկտեմբեր 23,2020 10:00

Թե ինչ վիճակում է հիմա Հայաստան պետությունը, բոլորս տեսնում ենք, եւ դա հավելյալ նկարագրությունների կարիք չունի: Այս վիճակում Փաշինյանը, նրա կառավարությունը, «Իմ քայլը» պետք է, որ ժամանակ չունենային որեւէ այլ բանի, քան ժողովրդի հոգսը թեթեւացնելն է եւ աղետալի կացությունից դուրս գալու ելքերը որոնելը: Բայց արի ու տես՝ նրանք իրենց հիմնական ուժերը, ինչպես միշտ, կենտրոնացրել են PR-ի, շոուների, քարոզչության վրա: Այդ քարոզչության մեջ հանդիպում են նաեւ բացարձակ անհեթեթ դրվագներ. չեմ կարծում, մասնավորապես, որ այդ թիմն այնքան անգրագետ է, որ շփոթում է պետական սահմանը պետության վարչատարածքային բաժանման հետ, բայց դե, թեմա է, խայծ է՝ թող քննարկվի:

Նույն քարոզչության մեջ կան պնդումներ, որոնք ինքնին, առանձին վերցրած ճիշտ են. օրինակ, «նախկինները» ձգտում են ռեւանշի: Դա ճիշտ է ոչ միայն Հայաստանի, այլեւ ցանկացած այլ երկրի պարագայում՝ նա, ով հեռացվել է իշխանությունից, ձգտում է վերադառնալ իշխանության: Բայց մեր դեպքում դա չորրորդական խնդիր է, ամբողջ ողբերգական պատկերի վրա դա մի փոքրիկ դրվագ է, եւ դրա մասին խոսելը դարձյալ քննարկելու մի թեմա է, որը պետք է ուշադրություն շեղի այն վիճակից, որը ստեղծվել է մեր երկրում: Իսկ այդ վիճակի էությունն ամենեւին էլ «ներկա-նախկինների» պայքարը չէ, այլ պատերազմում կրած խայտառակ պարտությունը եւ դրա հետեւանքները, որոնց թիվ մեկ պատասխանատուն զարմանալիորեն իրեն թիվ մեկ մեղավոր չի ճանաչում:

Համոզված եմ, որ բացի նիկոլականներից, բացի ռեւանշիստներից ու թալանչիներից, կան ինձ նման մտածող տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Ինչպես 2018 թվականին, այդպես էլ հիմա՝ հեղափոխությունը, իշխանափոխությունը, ինչպես նաեւ «իշխանապահպանությունը» իմ երազանքների «ցանկում» չկա: Պարզապես այժմ ինձ թվում է, որ վարչապետը, կառավարությունը, խորհրդարանը, քաղաքական ուժերը պետք է համաձայնեցված քայլեր ձեռնարկեն՝ լարվածությունը լիցքաթափելու համար: Իսկ առանց վարչապետի փոփոխության դա, կարծում եմ, չի ստացվի, որովհետեւ Փաշինյանը, կամա թե ակամա, հետագա ցնցումների «դետոնատոր» է՝ այդպիսին է նրա բնավորությունը եւ քաղաքական գործունեության առանձնահատկությունը: Պարզ է, որ նոր ցնցումները, պառակտումները, բախումները կբերեն ազգային նոր ողբերգությունների:

Ահա թե ինչու եմ կարծում, որ մեզ անհրաժեշտ է խաղաղ տրանսֆորմացիա, որը քաղաքական պրոցեսի բոլոր մասնակիցներից պահանջում է առավելագույն զսպվածություն եւ զգոնություն: Ի դեպ, խստորեն դատապարտում եմ վարչապետի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի կոչերը. դրանք ոչ միայն Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդված են, այլեւ խիստ վտանգավոր են պետության անվտանգության տեսանկյունից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան հերթական անգամ գրում եք մի բան, որը երկու տող վերեւում արդեն անիրատեսական եք համարել:

    եթե առանց վարչապետի փոփոխության լիցքաթափում չի ստացվի, որովհետեւ Փաշինյանը, կամա թե ակամա, հետագա ցնցումների «դետոնատոր» է՝ այդպիսին է նրա բնավորությունը եւ քաղաքական գործունեության առանձնահատկությունը եւ նա հրաժարական տալու մտադրություն չունի, ապա ի՞նչ խաղաղ տրանսֆորմացիա:

    Նիկոլ Փաշինյանը նման է Հեյդար Ալիեւին, որը 1994 թվականի պարտությունից հետո հրաժարական չտվեց:

  2. Armen says:

    Համոզված եմ որ մինչև 2021թ.-ի աշուն լինելու են արտահերթ ընտրություններ և կունենանք նոր ազգային ժողով, նոր վարչապետ, որը ի դեպ չեն ուզում այսօրվա փողոցի կուրծք ծեծողները (հասարակական տրամադրությունից արդեն տեղյակ են):
    Հույս կա, որ գոնե դրանից հետո Հայաստանը ընդմիշտ կազատվի ՞ղ ա ր ա բ ա ղ յ ա ն կ լ ա ն ի՞ ճիրաններից:

  3. henri says:

    Մեր քաղաքական ներկայ կացութեան մասին ,միջին դարի մտածող անձեր, հնարած էին “BUSILLIS ” բառը՛…՛՛Անլուծանելի՛՛ իմաստով …
    Նման պարագաներ,վստահար կը յայտնուէին այն ատեն ալ ։
    Միակ տրամաբանական լուծումը պիտի ըլլար՛՛ նոր ընտրութիւններ՛՛ պատրաստել .և այդ պիտի ընէր վարչապետը. Բայց Միակ արգելքը ինքն է -քանի տարապայմանօրէն կը փորձէ արդարացումներ փնտռել ,ամէն օր քայլ մը աւելի երկիրը դէպի անել կացութիւն և անդունդ առաջնորդելով , որմէ ամէնէն աւելի կ՛օգտուին ՛՛ընդիմադիր՛՛ կոչուածները …որոնք ՛՛նօրմալ՛՛ ընտրութիւններու պարագային գիտենք թէ ինչ ողորմելի պատկեր ներկայացուցին ՞ ՞ ՞ ։Կը յուսան որ պղտոր ջուրերու մէջ ձկնորսութիւնը կրնայ աւելի արդիւնաւէտ ըլլալ …
    Երկնային Հրաշք պիտի ըլլայ եթէ խումբ մը ՛՛գիտակից՛ -հայրենասէր ՛՛ իմ քայլականներ ,յաջողին համոզել վարչապետը որ սկսի ՛՛ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՛՛ վրայ ալ մտածել …

  4. Armen says:

    Որ ուղղությամբ նայում ես ականջներն են կամ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031