Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊՆ, դուք պարտք մնացիք հայ սպային՝ Ցոլակ Խաչատրյանին

Դեկտեմբեր 23,2020 13:30

Ցոլակն իր դատական գործին զուգահեռ զբաղվում էր այլ սպաների, զինվորների, իրավական, սոցիալական պաշտպանության խնդիրներով, միայնակ, առանց օտարածին դրամաշնորհի

«Սիրելի հարազատներ, մեր ընտանիքի մտերիմներ, բարեկամներ: Կա Հայրենիքը պաշտպանելու մասնագիտություն, որը 16 տարեկանում ընտրել էր եղբայրս եւ պաշտպանել այն մինչեւ վերջին շունչը: Սպասում էինք հրաշքի, բայց ավաղ, այն չպատահեց: Հոկտեմբերի 15-ին անհավասար մարտում հերոսի մահով ընկավ մայոր Ցոլակ Խաչատրյանը: Որոնողական աշխատանքների ժամանակ գտան Ցոլակի եւ նրա մարտական ընկերների մարմինները: Փա՜ռք նրանց եւ այս ահեղ պատերազմում ընկած բոլոր հերոսներին: Վերջին հրաժեշտի ժամը եւ տեղը կհայտնեմ լրացուցիչ, քանի որ մեզ դեռեւս սպասում է ճանաչման երկար գործընթաց». ՖԲ էջում գրել էր նրա քույրը՝ խոստանալով այլ մանրամասներ էլ հայտնել:

Ցոլակի հետ ծանոթացել եմ ՀՀ կառավարության շենքի դիմաց նրա հացադուլի կապակցությամբ: Նա դատական վեճ ուներ պաշտպանության նախարարության հետ, մի առանձին վեճ էլ Արծրուն Հովհաննիսյանի, որը հրապարակել էր նրա անձնական տվյալները: Ես դատական գործընթացների մասին բազմաթիվ հրապարակումներ եմ արել երկու տարուց ավելի:

Պատիվ եմ ունեցել ճանաչել նրան, պաշտպանել:

Վերջին անգամ Ցոլակի հետ շփվել եմ սեպտեմբերի 9-ին: Արդարադատության նախարարությունն էր ուղարկել թղթեր, թղթեր, ու ոչ մի տող, թե ինչու չեն կատարվում Ցոլակի նկատմամբ իրենց պարտավորությունները:

Հետո իմացա, որ կամավորագրվելու է: Նա չխռովեց հայրենիքից, չնայած հայրենիքի պաշտպանության նախարարությունը նրան պարտք մնաց այդպես էլ, չնայած դատարանի վճիռ կար՝ հօգուտ Ցոլակ Խաչատրյանի:

Եւ սա տպագրելով ուզում եմ բարձրաձայել, որ ՊՆ, դուք պարտք եք հայ սպային`զինվորին եւ պարտավոր եք նրա`դատարանով հասանելիք գումարը տրամադրել նրա ընտանիքին:

Ցոլակ Խաչատրյանը հունիսի 15-ին հանդիպել էր ՀՀ կառավարության դիմումների եւ նամակների վարչության պետ պրն Ղազարյանի հետ («ՊՆ-ում չի գտնվել մեկը, որ դատարանի վճիռը կատարի»):

Պայմանավորվել էին, որ մինչեւ 2020 թվականի հուլիսի 10-ը պարտադիր կերպով կվճարվի ՊՆ սպայի հասանելիք գումարը, իսկ եթե դա տեղի չունենա, ապա Ցոլակ Խաչատրյանն անորոշ ժամանակով որպես բողոքի ակցիա հացադուլ եւ նստացույց կանի դարձյալ ՀՀ կառավարության շենքի դիմաց: ՀՀ ՊՆ-ի կողմից այդպես էլ չեն կատարվել՝ թիվ ՎԴ/5524/05/16 վարչական գործով այս տարվա հունվարի 22-ին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները եւ Ցոլակ Խաչատրյանին այդպես էլ չի վճարվել դատարանով հաստատված հասանելիք գումարը, մոտ` 9 միլիոն դրամի չափով:

Ըստ Ց. Խաչատրյանի, «ՀՀ ՊՆ-ն ու ըստ էության ՀՀ կառավարությունը՝ ի կատարումն իմ վերաբերյալ կայացված վարչական դատարանի որոշման, փորձում է կիրառել ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ին ընդունված թիվ 898 Ն որոշման պահանջները, դատական ակտի պահանջները։ Բանն այն է, որ տվյալ որոշման 4-րդ կետով հստակ, սեւով սպիտակի վրա արձանագրված է այն, որ՝ մեջբերման սկիզբ՝ «Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» եւ տարածվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ծագած հարաբերությունների վրա». մեջբերման ավարտ։

Այսինքն, ՀՀ ՊՆ-ի կողմից բացահայտորեն փորձ է արվում կիրառել՝ տվյալ դեպքում անկիրառելի ենթաօրենսդրական ակտ, քանի որ՝ իմ իրավահարցն առաջ է եկել դեռ 2014 թվականին, այսինքն ակնհայտ է, որ նշված որոշումը կիրառելի չէ իմ իրավահարցի նկատմամբ։ Բացի դրանից, նշված որոշումն, ըստ հենց որոշմամբ սահմանվածի ընդունվել է՝ մեջբերման սկիզբ. «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ եւ 66-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է». մեջբերման ավարտ։ Այսինքն այն փաստը, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ կետը դեռ 2018 թվականին, ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1424 որոշմամբ ճանաչվել է հակասահմանադրական եւ անվավեր` ՀՀ ՊՆ-ին բացարձակ չի հետաքրքրում եւ փաստացի ՀՀ ՊՆ-ն անհրաժեշտության դեպքում ի զորու է կիրառել անկիրառելի եւ գոյություն չունեցող օրենսդրական եւ ենթաօրենսդրական նորմեր։ Եվ դա էլ վերջը չէ, ՀՀ կառավարության թիվ 898 Ն որոշումն ընդունվել է 2018 թվականի օգոստոսի 9-ին, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1424 որոշումը լույս է տեսել 2018 թվականի հունիսի կամ հուլիսի 10-ին, այսինքն ակնհայտ է, որ ՀՀ կառավարության կողմից թիվ 898 Ն որոշումն ընդունելու պահին «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ կետն արդեն իսկ ճանաչված է եղել հակասահմանադրական եւ անվավեր»։

Ստացվում է, որ ՀՀ կառավարությունը տվյալ որոշումն ընդունելիս ղեկավարվել է արդեն իսկ գոյություն չունեցող օրենսդրական նորմի պահանջներով։ Այսինքն, այն փաստը, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ կետը դեռ 2018 թվականին, ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1424 որոշմամբ ճանաչվել է հակասահմանադրական եւ անվավեր` ՀՀ ՊՆ-ին բացարձակ չէր հետաքրքրում եւ փաստացի ՀՀ ՊՆ-ն անհրաժեշտության դեպքում ի զորու է կիրառել անկիրառելի եւ գոյություն չունեցող օրենսդրական եւ ենթաօրենսդրական նորմեր։

Ցոլակ Խաչատրյանը «Առավոտին» տեղեկացրել էր, որ իր կողմից [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով ՀՀ ՊՆ-ին արդեն իսկ փոխանցվել էր պահանջած հաշվեհամարը, սակայն դրանից հետո էլ նրան չէր վճարվել դատարանով հաստատված հասանելիք գումարը: «Բոլորիդ էլ հայտնի է, որ նշված բանկային փոխանցումն իրականացնելու համար օրեր պետք չեն, նման գործողությունը շատ հեշտությամբ կարելի է իրականացնել մի քանի ժամում, իսկ այս պահի դրությամբ այն տեւել է օրեր»,-ասում էր Ց. Խաչատրյանը:

Ցոլակն ակնկալիք չուներ, նա անարդարության դեմ պայքարի էր մտել հանուն ՀԱՅ ՍՊԱՅԻ ՊԱՏՎԻ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031