Մի երգագողության պատմություն
Պատերազմական եւ հետպատերազմյան օրերին արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը քանիցս մեր օրաթերթում հանդես է եկել հայ եւ ադրբեջանցի արվեստագետների միջեւ ժամանակին տեղի ունեցած միջադեպերի, որոշ ստեղծագործություններ «իրենցով» անելու մասին անտիպ փաստերով։
Օրերս արվեստաբանը ներկայացրեց երգագողության մեկ փաստ եւս։
Հիշեցնենք, որ արվեստագետը դրանց ականատեսն ու վկան է եղել։
Կարդացեք նաև
«Արվեստի վարպետների իմ ղեկավարած խմբի հերթական համերգն էր Աբովյան քաղաքում, 1962թ. վերջերին։ Միջոցառումներին մշտապես հրավիրում էի անկրկնելի Արաքսի Գյուլզադյանին։ Եվ մինչ արտիստները պատրաստվում էին, մեծանուն դերասան Ավետ Ավետիսյանը երկար նայեց Արաքսիին եւ ուսերը թոթվելով հարցրեց.
– Արաքսի ջան, հեչ քեզ նման չես, ո՞ւր է կորել շախդ։
– Ճիշտ էլ նկատեցիր, Ավետ Մարկիչ ջան։ Գիշերը վատ եմ քնել, շախս փախել է։ Մեզ էլի թալանում են,- պատասխանեց Արաքսին։
Քիչ անց պարզ դարձավ երգչուհու անքնության պատճառը, նա պատմեց.
– Նոր էի տուն մտել, երբ լսվեց հեռախոսի երկար զանգը։ Հասկացա, որ «դրսից» է։ Զանգը Բաքվից էր. ադրբեջանցի մի երգչուհի մեծ խոնարհումով նախ ողջունեց ինձ՝ դիմելով հայ երգի թագուհի, հետո երգելով Շերամի երգից մի կտոր, հարցրեց՝ ո՞ւմ երգն է։ Շերամինն է՝ ասացի ես։ Ուրախ եմ, որ որոշել եք երգել Շերամի այդ երգը, բայց ինչ անհաջող թարգմանություն է, ո՞վ է արել։ Պատասխանեց, որ ի՞նչ թարգմանություն, Արաքսի խանում, դա մեր ֆոլկլորից է։ Ես հասկացա, որ նրան թյուրիմացության մեջ է գցել երգում Շերամի օգտագործած Լեյլի եւ Մեջնուն անունները։
Զայրանալով ադրբեջանցու համառությունից ու կասկածներից, Արաքսին ստիպված հեռախոսով երգում է ու այդ ընթացքում լսում ադրբեջանցի երգչուհու մրմնջոցը՝ կակայա պրելեստ։ Բայց միեւնույն է, շարունակում է արդարանալ։ Արաքսին հարկադրված ներկայացնում է հետեւյալը. «Սիրելիս, վերջապես հասկացեք՝ դա Շերամի «Նազլի, Նազլի» երգն է՝ տպագրված 1913թ., աշուղի «Անջուր պարտեզ» գրքում, որը հիմա իմ առջեւ է։ Ես այդ երգը առաջին անգամ կատարել եմ 1936թ. Լենինականում՝ Շերամի ստեղծագործական գործունեության 40 ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին։ Ի՞նչ համառ կին ես, ահա Շողիկ Մկրտչյանի հեռախոսահամարը, նա ներկա է եղել աշուղի երեկոյին, գուցե նրան հաջողվի քեզ համոզել»։
Իսկ նախապատմությունը սա է. 1962թ., երբ օպերային ճանաչված տենոր Ավագ Պետրոսյանին շնորհվում է Ադրբեջանի ժողովրդական արտիստի կոչում, Հայաստանի եւ Ադրբեջանի մշակույթի նախարարությունները կազմակերպում են երգչի մեծարման երեկոն Բաքվի Մուսլիմ Մագոմաեւի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում։ Խնդրում եմ չշփոթել երգիչ Մուսլիմ Մագոմաեւի հետ։ Խոսքը նրա պապի՝ կոմպոզիտոր Մագոմաեւի մասին է։ Երեկոյի ընթացքում մեր երգչին իրենց երաժշտական ողջույնն են հղում ադրբեջանցի երգիչներն ու երաժիշտները։ Հաղորդավարը բեմ է հրավիրում մի երգչուհու, որը իր շնորհավորանքը պետք է մատուցեր իբր ադրբեջանական ժողովրդական երգի կատարմամբ։ Ելույթից հետո, հանդիսատեսի ջերմ ընդունելությունից ոգեւորված, երգչուհին մոտենում է շքեղ բազկաթոռին նստած Ավագ Պետրոսյանին՝ ակնկալելով նրա գոհունակությունը, սակայն երգչի սառը վերաբերմունքը զարմացնում է նրան։
– Խնդրում եմ սպասեք մինչեւ երեկոյի ավարտը, ես ուզում եմ խոսել ձեզ հետ,- միայն երգչուհուն լսելի շշնջում է Ավագ Պետրոսյանը։
Երեկոյի ավարտից հետո ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարի աշխատասենյակում, որտեղ ներկա էին գրականագետ Սամվել Գրիգորյանը, երգչուհի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդական արտիստ Սուրիա Կաջարը, դիրիժոր Նիյազին, երգիչ Լյութֆիար Իմանովը եւ այլք, Ավագ Պետրոսյանը հանգիստ բացատրում է երգչուհուն, որ տգեղ բան է կատարվել. երգչուհու կատարածը ոչ թե ադրբեջանական ժողովրդական երգ էր, այլ աշուղ Շերամի «Նազլի, Նազլի» հանրածանոթ ստեղծագործությունը։ Երգչուհին առարկում է՝ վկայակոչելով այդ երգի նախորդ կատարողներին եւ նախահարձակ է լինում, ասելով.
– Այդ երգը Երեւանում կատարել եմ մի քանի անգամ եւ եթե դա իրոք հայկական է, ուրեմն ինչո՞ւ այդ մասին ոչինչ չեն ասել։
Նրա համառությունը կոտրելու նպատակով Ավագ Պետրոսյանը գրպանից հանում է բլոկնոտը, արտագրում մի հեռախոսահամար ու մեկնում երգչուհուն.
– Ահա՝ 52-42-03, սա ձեզ քաջածանոթ Արաքսի Գյուլզադյանի հեռախոսահամարն է, զանգեք եւ ամեն ինչ պարզ կդառնա։ Մի տեղեկություն էլ հայտնեմ. Արաքսին այդ երգի կատարողն է եղել Շերամից հետո։
Երգչուհին հենց ֆիլհարմոնիայից զանգում է Երեւան, Արաքսի Գյուլզադյանին։
Հետո Ավագ Պետրոսյանն ինձ պատմեց, թե ի՜նչ հուսահատություն է ապրել ադրբեջանցի երգչուհին ճշմարտությունն իմանալուց հետո եւ ասել է՝ ափսոս, ի՜նչ հրաշալի երգ դուրս մնաց իմ երգացանկից։ Ավագն էլ հակադարձել է, թե ինչու է հանում երգացանկից, ուղղակի պետք է հայտարարել հեղինակի անունը եւ ամեն ինչ իր տեղը կընկնի։ Երգչուհին դառը ժպտալով ասել է՝ ասելը հեշտ է, Ավագ Գեղամիչ, երանի հնարավոր լիներ… Ու առանց հրաժեշտ տալու դուրս եկել՝ չարձագանքելով նույնիսկ ճաշկերույթին մասնակցելու դիրիժոր Նիյազու հրավերին»,- պատմեց Սերգեյ Առաքելյանը։
Արվեստաբանը ավելացրեց, որ այդ միջադեպից հետո, Բաքվում բնակվող մեր հայրենակիցների վկայությամբ, երգչուհին այլեւս չի կատարել իր շատ սիրած այդ երգը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.12.2020