Միության նախագահ Գագիկ Պարսամյանը կարեւորում է մեծանուն արվեստագետի ու հայկականի կապը
Անցյալ տարի լրացել է հայկական արմատներով հանրաճանաչ լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ծննդյան 160-ամյակը: «Առավոտի» հետ զրույցում Լեհաստանի նախագահի մրցանակակիր, Գդանսկի հայկական միության նախագահ, ճանաչված գեղանկարիչ Գագիկ Պարսամյանը նշեց, որ 2020 թվականը Լեհաստանի պառլամենտի կողմից հռչակվել է Աքսենտովիչի տարի՝ հաշվի առնելով նկարչի վաստակը:
«Մեր` Գդանսկի հայկական միությունը, որը զբաղվում է հայկական մշակութային ժառանգության եւ արվեստի տարածմամբ Լեհաստանում եւ աշխարհում, որոշեց անմասն չմնալ այդ իրադարձությունից եւ կազմակերպել միջոցառում, որը նվիրված է հայ-լեհական բարեկամության խորհրդանիշ հանդիսացող նկարչին»,-ասաց նա:
Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Գագիկ Պարսամյանը, իրենց միջոցառումը համաձայնեցված էր Լեհաստանի խորհրդարանի փոխնախագահ Պյոտր Զգոժելսկու եւ Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանի հետ: Պարսամյանի խոսքով, ցավոք, համաճարակի պատճառով ստիպված էին հրաժարվել մայիսի 13-ին կազմակերպվելիք միջոցառման նախօրոք պլանավորված ձեւաչափից: Իսկ ինչու էր ընտրվել մայիսի 13-ը, որովհետեւ Թեոդոր Աքսենտովիչը ծնվել է 1859 թ. մայիսի 13-ին Բրաշովոյում (Ռումինիա), բացի դրանից, ամեն ամսվա 13-ին Գդանսկի հայկական միությունը հայտարարում է բաց դռների օր, որը նշանավորվում է որեւէ յուրահատուկ միջոցառմամբ:
«Պատրաստվել էինք շատ մանրամասն, պիտի սկսեինք Գդանսկի Պողոս-Պետրոս եկեղեցուց, որտեղ կախված է Աքսենտովիչի հայտնի նկարներից մեկը` «Հայաստանի մկրտությունը», որը մեծ վարպետը նկարել է 1900 թվականին: Դա արվել է քահանաներից մեկի պատվերով: Նկարում Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ թագավորին: Այդ աշխատանքը, որը գտնվում է Գդանսկ քաղաքի Հայկական նրբանցքում տեղակայված Պողոս-Պետրոս եկեղեցում, 2014 թ. ցուցադրվել է նաեւ Հայաստանում, երբ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Աքսենտովիչի ցուցահանդեսը` Հայաստանի եւ Լեհաստանի նախագահների հովանու ներքո եւ ներկայությամբ:
Կարդացեք նաև
Մայիսի 13-ին, ի թիվս այլնի, Գդանսկի հայկական միության կենտրոնում նախատեսված էր նաեւ ֆիլմի ցուցադրություն եւ համերգային մաս: Ցավոք, ինչպես արդեն նշեցի, համաճարակը խանգարեց այդ ամենը իրականացնելուն: Բայց որպեսզի նման հնարավորությունը չկորցնենք, որոշեցինք դեկտեմբերի 13-ին միջոցառում կազմակերպել, Աքսենտովիչի աշխատանքների վերատպության ցուցադրություն կազմակերպեցինք, համերգային մաս, դասախոսություն եղավ, ինչը նաեւ նկարահանվեց»,-նշեց Գագիկ Պարսամյանը:
Նա ցավում է, որ Հայաստանում չունենք մեծանուն նկարչից որեւէ գործ: Նաեւ հավելում, որ մայիսին կայանալիք միջոցառմանը պետք է ներկա լիներ նաեւ վարպետի թոռը` Ադամ Կենեւիչը, որը հայաստանյան ցուցադրության ժամանակ ուղղակի սիրահարվել էր Հայաստանին: Ցավոք, Ադամ Կենեւիչը հեռացավ կյանքից: Գագիկ Պարսամյանը հայտնեց, որ Աքսենտովիչին նվիրված հայաստանյան պլեներ անցկացնելու պայմանավորվածություն ունեին հունիսին, որին ներկա պետք է լիներ Աքսենտովիչի թոռը, ինչը հասկանալի պատճառներով չկայացավ:
Հիշեցնենք, որ 2014 թ. հունիսին Լեհաստանի Սոպոտ քաղաքում բացվել էր Թեոդոր Աքսենտովիչի եւ հայկական ծագմամբ մեկ այլ մեծանուն նկարչի`Հովաննես Այվազովսկու ցուցահանդեսը, ինչն իրադարձություն էր Լեհաստանում եւ լուրջ արձագանքների արժանացավ, նաեւ ավելի շատ սկսեցին խոսել հայերի մասին: Գագիկ Պարսամյանը խորհրդանշական է համարում Հայկական նրբանցքում գտնվող Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում «Հայաստանի մկրտություն» նկարի գտնվելու, եկեղեցու հարեւանությամբ հայկական խաչքարի տեղադրման եւ Աքսենտովիչին նվիրված միջոցառման կապը` Գդանսկի հայկական միության կենտրոնում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Գագիկ Պարսամյանը
«Առավոտ» օրաթերթ
22.12.2020