Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ գալիս էին հրաժեշտի՝ ասում էին՝ մենք այնպես պետք է ծառայենք, որ մեր զորամասի ղեկավարությունը շնորհակալական նամակ ուղարկի դպրոց»

Դեկտեմբեր 23,2020 14:00

Մեկ տարի է Անի Սաֆարյանը որդուն չի տեսել, ծառայում է: Մայրն ասում է՝ հունվարի 30-ին կլարանա մեկ տարին՝ ինչ որդին անցել է ծառայության։ Նախ՝ հուլիսյան հայտնի իրադարձությունները խոչընդոտ հանդիսացան, որ որդին արձակուրդ գա, ապա՝ արցախա-ադրբեջանական պատերազմը: Վահեն էլ մարտի դաշտի թեժ կետերում է եղել եւ ինչպես մայրն է ասում՝ հրաշքով ողջ մնացել:

«Բանակ ճանապարհելիս մեծ հպարտությամբ եմ դա արել, չնայած նրան, որ հույզերն այս ընթացքում շատ են եղել։ Երբեք խոսակցություն անգամ չի եղել, որ նա պետք է չծառայի: Ուներ որոշ առողջական խնդիրներ եւ կարող էր չծառայել, բայց նա նախընտրեց ծառայությունը, պարտքը հայրենիքին, եւ մինչ օրս էլ՝ կատարում է անտրտունջ»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Վահե Այվազյանի մայրը:

Վահե Այվազյան

«Որդուս մեկ տարի չեմ տեսել: Այժմ կրկին Արցախում է»,-ասում է Վահեի մայրը նշելով, որ անհամբերությամբ սպասում է որդու վերադարձին:

Նրա խոսքով, երբ սկսվել է պատերազմը, որոշ ժամանակ տեղյակ չի եղել, որ որդին առաջնագծում է։ Առաջին շաբաթվա ընթացքում ոչ մի լուր չի ունեցել, դրանից հետո միայն որդին կապի է դուրս եկել: Վահեն հաշվարկի հրամանատար է նաեւ կրտսեր սերժանտ. «Երբեք չի պատմել ոչինչ, այդ ընթացքում ձայնի մեջ անգամ տագնապ չեմ զգացել, չէր բողոքում, միշտ դրական տրամադրված եւ նրա այդ վիճակից էր, որ հանգիստ էի։ Ես էլ փորձում էի ցույց չտալ անհանգստությունս, բայց երբ իմացա Վահեի համադասարանցու զոհվելու մասին լուրը՝ մարմնովս սարսուռ անցավ։ Ամբողջ պատերազմի ընթացքում ինձ հանգստացնող միակ միտքն այն էր, որ Աստված հայ զինվորի կողքին է եւ որ մենք պաշտպանում ենք մեր պատմական հայրենիքը»:

Անի Սաֆարյանը որդու հրամանատարներին էլ է բարձր գնահատում: Ասում է՝ որ որդիս ողջ ու առողջ է՝ նրանց ներդրումն էլ է. «Այս ընթացքում որպես ծնող զգացել եմ, որ գնահատում են իրենց զինվորի կյանքը: Այսքան ժամանակ որդուցս ոչ մի բողոք չեմ լսել՝ ոչ սննդի, ո՛չ էլ այլ բաների մասին»։
Տիկին Անիի եղբայրը, որպես կամավորական, նույնպես մասնակցել է 44-օրյա պատերազմին, եղել է Վահեի հետ եւ հերթափոխով բարձրացել են մարտական դիրքեր։

Վահե Այվազյանը Հայ-չինական բարեկամության դպրոց հիմնադրամի առաջին շրջանավարտներից է: Նրա հետ ծառայության են մեկնել նաեւ այլ տղաներ, որոնցից ոմանք, ցավոք, պատերազմից այդպես էլ ողջ չեն վերադարձել:

Հայ-չինական բարեկամության դպրոց հիմնադրամի տնօրեն` Սպարտակ Վարդանյանի խոսքով, ծառայության ընթացքում տղաների հետ կապը միշտ եղել է, տեղյակ են եղել՝ թե՛ նրանց գրանցած հաջողությունների, թե՛ կարգապահ վարքի մասին: Ըստ նրա՝ պատերազմի սկսվելու պահին իր շրջանավարտ տղաները գտնվում էին Արցախի պաշտպանական բանակում. «Տղաները, երբ գալիս էին հրաժեշտի` ասում էին՝ պարոն Վարդանյան կամ սիրելի դասղեկներ, մենք այնպես պետք է ծառայենք, որ մեր զորամասի ղեկավարությունը շնորհակալական նամակ ուղարկի դպրոց։ Սա իհարկե, ե՛ւ ուրախացնում էր ե՛ւ պարտավորեցնում: Հասկանում էինք, որ լավ սերունդ ենք դաստիարակել` հայրենասեր զավակներ, որոնք հայկաբար պատրաստ էին իրենց հայրենիքի սահմաններն անառիկ պահել»։

Էրիկ Եղիազարյան եւ Էմիլ Շաղոյան

Տնօրենը ցավով է նշում երկու շրջանավարտի՝ Էրիկ Եղիազարյանի եւ Էմիլ Շաղոյանի զոհվելու մասին. «Էրիկը միշտ փնտրտուքների մեջ էր, պրպտող։ Լռակյաց էր, բայց հոգում փոթորիկ կար, երեւի փոթորիկը մարեց. մարեց այնտեղ, որտեղ ի վերուստ Աստծո կողմից իրեն էր վերապահված։ Այս բոլորի մեջ Շաղոյան Էմիլը առանձնանում էր իր կերպարով, իր կատակներով։ Երեխաներն ասում էին, որ Էմիլը դասարանի աղն է, համուհոտ է տալիս իր վարքագծով, ուրույն խոսքով։ Մենք հավերժ կհիշենք բոլորին, պարտական ենք նրանց անձնվիրաբար ծառայության համար։ Հպարտություն է նման հայ սերունդ ունենալը, որոնց ամեն տեղից միավորել է մեկ գաղափար՝ հայրենիքի գիտակցությունը, որ հայրենիքն անփոխարինելի արժեք է եւ այդ արժեքը պահել, պահպանել ու փայփայել է պետք»։

Էրիկ Եղիազարյան

Շրջանավարտների թվում վիրավորում ստացած զինվորներ էլ ունեն, որոնցից մեկն արդեն ապաքինվել է, իսկ մյուսը բուժման փուլում է. «Մեր մնացած տղաները փառք Աստծո ողջ ու առողջ են եւ դեռեւս շարունակում են իրենց ծառայությունը պաշտպանական բանակում»։

Սպարտակ Վարդանյանն ասում է, որ պատերազմը շատ բան է փոխել իր եւ շատերի մեջ. «Մեր հայրենիքը անգին գանձ է, որի համար պետք է անել ամեն ինչ՝ յուրաքանչյուրն իր ասպարեզում, եթե ոչ սիրով, ապա ամեն մեկը պետք է պատասխանատվությամբ մոտենա իր աշխատանքին։ Մեր ազգը պարտվող տեսակ չէ, մենք պետք է մեր խոսքը լսելի դարձնենք ողջ աշխարհին։ Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը հաղթող տեսակ է, մենք հաղթելու ենք՝ անկախ ամեն ինչից»։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.12.2020

Գլխավոր լուսանկարում՝ Սպարտակ Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031