Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ հեռացիրը» օրինակա՞ն է. ինչպե՞ս եւ որտե՞ղ պետք է հեռացվի Նիկոլ Փաշինյանը». Հովհաննես Իգիթյանը`ընդդիմության պահանջների մասին. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2020 22:22

Այսօր խորհրդարանում, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից շատերը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակում տեւական ժամանակ ինչ-որ հարց էին քննարկում: Ներկա էին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը, հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: «Իմ քայլ»-ական տարբեր պատգամավորներ էլ անընդհատ մտնում եւ դուրս էին գալիս խմբակցության ղեկավարի աշխատասենյակ:

Քննարկումի ավարտից հետո, Aravot.am-ը Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեց`ինչի՞ շուրջ էին կրքերը բորբոքվել, քանի որ մինչ Լիլիթ Մակունցի աշխատասենյակ մտնելը նա բավական թեժ զրուցում էր Նարեկ Զեյնալյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հետ: Հովհաննես Իգիթյանը վստահեցրեց, որ արտառոց ոչինչ չկա, քննարկում էլ հանձնաժողովի ընթացակարգայիններից էր`արտաքին քաղաքական հարցերի շուրջ, ինչն այս փուլում Հայաստանի համար կարեւոր է: Հետաքրքրվեցինք`փողոցում զարգացող իրադարձություններից մտահոգված չե՞ն, քանի որ հանրության մի հատվածը`«Հայրենիքի փրկության շարժման» գլխավորությամբ, շրջափակել է կառավարության շենքը: Հովհաննես Իգիթյանը հարցին հարցով պատասխանեց. «Արդյոք որեւէ տեղ`լինի փողոցում, թե հարթակներում, տրվում է այս իրավիճակից դուրս գալու լուծումը, որը պետք է համատեղ քննարկվի: Ես չեմ տեսնում ծրագիրը, ես տեսնում եմ միայն մի լոզունգ`«Նիկոլ հեռացիր»:

Սյունիքում, երեկ Նիկոլ Փաշինյանին արժանացրած ընդունելության մասին մեր հարցին, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ես հիմա այլ բանով եմ զբաղվում եւ դա ավելի եմ կարեւորում, քան ցանկացած մարդկանց կոչ կամ քաղաքական… Ես գտնում եմ, որ հիմա, Հայաստանը, որպես պետություն եւ ցանկացած մարդ, եւ սփյուռքը, միասնական հայությունը պետք է գտնեն այն բոլոր կետերը, որոնք միավորում են ազգին, ինչի համար պետք է բռունցք դառնալ եւ խփել: Միանշանակ է, որ «Նիկոլ, հեռացիրը» միասնական կետը չէ»: Նկատեցինք`համենայնդեպս, Սյունիքում մերժեցին Նիկոլ Փաշինյանին: «Կապ չունի, Սյունիքում չգիտեմ. Ասում եմ, որ «Նիկոլ, հեռացիր» գաղափարը չի միավորում աշխարհի հայությանը: Եվ, ամենակարեւորը, միջազգային հարթակներում չի տալիս այն հիմնական կոնցեպտը, որը անվտանգության նոր երաշխիքներ կստեղծի Ղարաբաղի եւ Հայաստանի համար: Օրինակ, ՄԱԿ-ը հիմա Հայաստանի հարց է քննարկում. ի՞նչ հարցեր եք ուզում, որ այդ բանաձեւում գրված լինի: Եկեք սրա մասին մտածենք: Այսինքն, ես այստեղ, քաղաքական դաշտում հնչած որեւէ խոսքում չեմ տեսնում միտք, որը որ ՄԱԿ-ի բանաձեւում պետք է ընդգրկվի»:

Հարցին` հայության հոգեւոր առաջնորդները`Ամենայն հայոց եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսներն են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ինչը բացառիկ է մեր իրականության մեջ, ՀՀ նախագահը, փաստաբանական հանրույթը, Սյունիքի մարզի բնակիչները, բազմաթիվ քաղաքապետեր, գյուղապետեր, գիտական, հասարակական եւ հանրային գործիչներ, սփյուռքյան մի շարք կառույցներ, այդ թվում ՀԲԸՄ-ն, որը ՀՀ անկախության առաջին իսկ օրից պետության կողքին կանգնած է եղել, արդյո՞ք համազգային կոնսենսուս չէ, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ես սա մանիպուլյացիա, դեմագոգություն եմ համարում: Այսինքն, դուք գտնում եք, որ սփյուռքում կա՞ այդ հարցում միասնություն: Կամ`եթե Սփյուռքը հիմա սրանով զբաղվի`կլուծվե՞ն Հայաստանի եւ Արցախի հարցերը: Եթե այո, ապա դա ամենահեշտ հարցն է»:

Հարցեցինք`այդ դեպքում ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի հեռանում, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ինչո՞ւ չի հեռանում, ես այդ հարցը չեմ քննարկել: Հիմա մենք ժամանակ ենք կորցնում: Աշխարհն ավելի շատ է քննարկում մեր հարցը, քան մենք`այստեղ: Աշխարհը Հայաստանից ուղերձներ է սպասում»:

Մեր զրուցակցի համար երկրի ղեկավարի անձը պակաս կարեւոր է Արցախի եւ Հայաստանի հարցերում դիվանագիտական կոնցեպտից:

Մանրամասները`տեսանյութում

Նա վստահեցնում է, որ միասնություն չի լինելու երկրի ղեկավարի անձի շուրջ: Դիտարկմանը`ընդամենը երկու տարի առաջ «Քայլ արար, մերժիր Սերժինի» շուրջ եղավ միասնություն, մեր զրուցակիցը հակադարձեց, որ այդ ժամանակ միասնությունը եղավ կոռումպացված համակարգը, ընտրակեղծարարներին հեռացնելու շուրջ:

Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ, ներքաղաքական աղմուկի մեջ անուշադրության ենք մատնում, օրինակ, ՌԴ-ի, որը ԼՂ-ում իր խաղաղապահ առաքելությամբ երաշխիք է համարվում, կողմից բարձրացվող հարցը`Արցախում ջիհադիստների եւ վարձկանների գոյությունը`դա համարելով ապակայունացնող գործոն: Իգիթյանն առաջարկում է համաշխարհային հայության միասնական կոնցեպտի թիվ մեկ հարցը դա դարձնել: Երկրորդը`մոտ 17 երկրների եւ կազմակերպությունների բացասական դիրքորոշումը`Թուրքիայի գործոնին ԼՂՀ հարցում, որը նույնիսկ կործանարար, ոչ արդար եւ ոչ մարդկային որակվեց:

Երրորդը`արդյո՞ք Ադրբեջանն իրավունք ուներ`օգտագործելով Թուրքիայի եւ ջիհադիստների գործոնը, ռազմական ագրեսիա իրականացնել Արցախի նկատմամբ`համարելով, որ այդպիսով լուծել է հարցը եւ այլն: Իսկ դիտարկմանը, որ պատերազմի ժամանակ աշխարհը լռեց, Հովհաննես Իգիթյանը պատասխանում է, որ ոչ թե լռեց, այլ զբաղված էր կորոնավիրուսի համավարակով, իրենց գործերով եւ մենք էլ չկարողացանք հարցը բարձրացնել այնպիսի մակարդակի, որ «աշխարհն ասի`հայերին նորից սպանում են»:

«Մենք չենք պարտվել պատերազմը: Տեղի է ունեցել անարդարություն: Պատերազմում մենք մեզ պարտված կհամարեինք, եթե պատերազմը լիներ միջազգային իրավունքի չխախտումով, համարժեք ուժի կիրառմամբ: Բայց մեր դեմ դուրս է եղել երկու անգամ ավել Ադրբեջանը, 80 միլիոնանոց Թուրքիան`իր ՆԱՏՕ-ի բանակով եւ տեխնոլոգիաներով: ՆԱՏՕ-ի անդամ երկրների հարկատուները վճարել են, որպեսզի Թուրքիան այն տեխնոլոգիաները, որոնք պետք է օգտագործեր տեռորիզմի դեմ պայքարի համար, օգտագործեց հայերի դեմ: Երբ ես իմ`ՆԱՏՕ-ի անդամ երկրների կոլեգաների հետ այս ամենի մասին խոսում եմ`իրենց աչքերին նայելով, իրենք ամաչում են եւ այդ գործոնը բերում է նրան, որ որեւէ երկիր կամ երկրի շրջան, դատապարտում է Թուրքիային: Ուզում եմ, որ այս թեզիսները վերցնենք եւ միասնական առաջ տանենք»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Նկատեցինք`քաղաքական ընդդիմախոսները պնդում են, որ գործող իշխանավորները չեն կարողանում հավուր պատշաճի ներկայացնել պետությունն աշխարհում եւ այս հարցեի լուծումները տալ, հետեւաբար, պետք է հեռանան: «Պարզ չի՞, որ այդ հարցը քաղաքական երկխոսությամբ պետք է լուծվի: Մեկը հանրահավաքի հարթակից, մեկը իր թվիթերով ինչ-որ բաներ է խոսում եւ առաջարկում են ինչ-որ մի բան: Ի՞նչն է խանգարում մեզ`մի ազգի, որը համարվում է պատմական, խոհեմ, նույնիսկ խորամանկ, այս բոլոր հարցերը մի տեղ լուծել»:

Հարցին`ի՞նչն է խանգարում Նիկոլ Փաշինյանին`հրավիրել ընդդիմախոսներին երկխոսության եւ գտնել լուծման տարբերակները, փոխարենը ֆեյսբուքյան ուղիղ եթերներով, հանրությանն ուղղված տեսաուղերձներով անընդհատ հայտարարում է, որ իշխանությունից չի հեռանալու: «Թե «Իմ քայլը», թե Նիկոլ Փաշինյանը բազմիցս արել է եւ առաջարկում է այդ երկխոսությունը» ,- պնդեց Հովհաննես Իգիթյանը`նկատի ունենալով երկխոսության բացառապես իշխանական տարբերակները: Հաջորդ հարցին`ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի գնում հրապարակ`խոսելու ընդդիմախոսների հետ, Հովհաննես Իգիթյանը տարակուսեց, թե չի կարծում որ պետական կարեւորության հարցերը հրապարակում պետք է լուծվեն: Իր համոզմամբ, դրանք ոչ թե հարթակում, այլ Անվտանգության խորհրդի նիստում պետք է լուծվեն: Հիշեցումը, որ 2018-ին հրապարակում լուծվեցին ամենակարեւոր հարցերը եւ, որ Անվտանգության խորհրդի նիստին արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն հրավիրվում, Հովհաննես Իգիթյանը մանիպուլյացիա անվանեց. «Այն ժամանակ ինչ-որ տեղի էր ունեցել, եղել է օրինական»: Նկատեցինք`հիմա էլ անօրինական ոչինչ տեղի չի ունենում, խաղաղ ցույցեր են, նա հակադարձեց. «Այսինքն, ի՞նչ է նշակում օրինական: «Նիկոլ հեռացիրը» օրինակա՞ն է: Ինչպե՞ս եւ որտեղ պետք է հեռացվի Նիկոլ Փաշինյանը: Ես ժամանակին դեմ էի, որ Հայաստանը դառնա խորհրդարանական երկիր: Հիմա ես եմ պնդում, որ եթե նախագահ ունենայինք, փողոցի թեզը`նախագահ հեռացիր, կլիներ օրինական, որովհետեւ ժողովուրդն ուղղակի ձեւով կընտրեր նախագահին: Այսօր հարցերը լուծվում են խորհրդարանում»: Հովհաննես Իգիթյանն անպատասխան թողեց դիտարկումը, որ 2018-ին էլ փաստորեն, անօրինականություն եղավ`խորհրդարանի վրա ճնշում գործադրվեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանին ընտրեն վարչապետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031