Հայրենիքի փրկության շարժումը մինչեւ ժամը 18:00-ն ժամանակ էր տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որպեսզի նրանք գան Հանրապետության հրապարակ եւ ժողովրդի, Հայրենիքի փրկության շարժման համակարգող կոմիտեի հետ միասին գտնեն ստեղծված իրավիճակի լուծումներ, որը հանգեցնելու է Նիկոլ Փաշինյանի հեռացմանը:
Ժամը 18:00-ին իմքայլականները չեկան: Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը դիմելով Հանրապետության հրապարակում համազգային գործադուլին եւ հացադուլին միացած բազմահազար քաղաքացիներին՝ ասաց. «Այսօր ավելի, քան երբեւէ, մեր ժողովուրդը պետք է բռունցք լինի հայրենիքը փրկելու համար:Մենք միասին «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ ենք տվել, որ մինչեւ ժամը վեցը պատրաստ ենք հանդիպել «Իմ քայլ» խմբակցության ղեկավարության հետ՝ միասին քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը: Ցավոք, այդ մարդիկ այս պահին եւս չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը: Դա մեզ ավելի վճռական, ամուր է դարձնում: Ուրեմն մենք այս պահից սկսած աշխատանք ունենք անելու «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ: Մենք քիչ հետո կհրապարակենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների անունները եւ ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում իրենց որոշումներում, որպեսզի եթե հանրային պահանջը իրենք չեն հասկանում, չեն գիտակցում, ուրեմն ստիպելով պետք է գումարենք խորհրդարանի նիստ: Եթե իրենք չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից, պահվածքից կախված է մեր երկրի ճակատագիրը, ուրեմն մենք միասին պետք է հասկացնենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ