Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի որ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի շուրջ հնարամիտ «մանիպուլյացիաները» շարունակվում են, ապա մի քանի պարզաբանում շրջանառության մեջ դրված կեղծ թեզերի կապակցությամբ։
-Օրենքը ընդունվել է 1995թ․ և ոչ թե 2010թ․։ Բոլոր ժամանակներում Հայաստանը ունեցել է վարչատարածքային բաժանման մասին օրենք։ Դրանց անվանումը նույնն է եղել։ Բայց դա չի նշանակում, թե դրանք նույնն են եղել։ 2010թ․ օրենքը արմատապես տարբերվել է 1995թ․ օրենքից, որովհետև արմատապես փոխվել են համայնքներին պատկանող սահմանները։ Մեկ օրինակ․ եթե 1995թ․ օրենքից հետո տարբեր գյուղերին պատկանող ու տրամադրվող բարձր լեռնային հովեկային ու արոտավայրային տարածքները 1995թ․ շահագործվում էին դրանցից տասնյակ կիլոմետր հեռու գտնվող գյուղերին (օրինակ, Տավուշում, Սյունիքում, մեզ մոտ դրանք «սար» էին անվանում, իսկ ամեն գյուղ ուներ իր «սարը»), ապա 2010թ․ օրենքով դրանք իրավաբանորեն կոմպլեկտավորվեցին իրենց անմիջական հարևանությամբ գտնվող գյուղերի հետ, որոնց կազմում չէին՝ դառնալով նրանց համայնքային սեփականությունը, թեպետ օգտագործելու իրավունք մնացել է նաև նախկինում պատկանած գյուղերին): Դրա արդյունքում հատկապես արոտավայրային ու այլ առումներով վարչատարածքային նոր բաժանման ժամանակ էապես, արմատապես փոխվել են ներքին սահմանները։ Այդպիսով, 2010թ․ օրենքը բովանդակային առումով միանգամայն նոր օրենք էր։
-Անլուրջ է համարել, թե օրենքները միայն «ներքին» փաստաթուղթ են կամ «ձևական» փաստաթուղթ են։ Այդ դեպքում պետք է ընդունել, որ ԱԺ-ում ընդունված բոլոր օրենքները, ընդհուպ Սահմանադրությունն է ձևական․․․ Այո, դրանք հարևան պետությունների սահմանազատման, դեմարկացիայի մասին չեն։ Այո, դրա համար ձևավորվում են միջպետական հանձնաժողովներ, որոնք աշխատում են՝ ճշգրտում սահմանները միլիմետրերով։ Այն, ինչ այսօր կատարվում է, անշուշտ սահմանազատում չէ, թեպետ, ցավոք, այդպես է անվանվում։ Դա ավելի շատ պատերազմի մեջ գտնվող երկու պետությունների միջև «շփման գծի» հստակեցում է, որտեղով անցնում է սահմանը․․․ Վատ է, որ այդպես է, բայց դա է։ Սակայն կրկին վերադառնալով օրենքին՝ դրանում ամենակարևորներից մեկն այն է, թե ինչպես ենք անվանել Գեղարքունիքից, Վայոց ձորից ու Սյունիքից արևելք ընկած տարածքները․․․ Իսկ այն անվանվել է Ադրբեջան, ոչ թե Արցախ, կամ Արցախի չճանաչված հանրապետություն կամ՝ պետական սահման․․․
Կարդացեք նաև
-Օրենքները, այո, կարգավորում են տվյալ տարածքում իրավահարաբերությունները, բայց դրանք կարդում են նաև դրսում՝ հասկանալու համար, թե որտեղ են սկսվում տվյալ պետության սահմաններն ու որտեղ են ավարտվում։ Իսկ դա պետք է առավել քան այնպիսի կազմակերպությունների, ինչպես ՀԱՊԿ-ը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնց պատասխանատվության գոտիներն ունեն սահմաններ։
Հետևաբար, Հայաստանն ինքն է սահմանել ու սահմանում դրանք նաև արտաքին աշխարհի համար՝ անկախ դեմարկացիայի միլիմետրային ու սանտիմետրային ճշգրտումներից։
Ավելի լավ էր այսքանից հետո կանգնել ու ասել՝ սխալ ենք արել, կամ լավ ենք արել, կամ արել ենք, որովհետև համաձայն էինք հենց նույն կամ հաջորդ տարին Կազանի փաստաթղթով 7 շրջան հանձնել Ադրբեջանին, որովհետև կարգավորման այդ տարբերակին էինք համաձայն, ու մեզ համար դա Ադրբեջան էր, քան թե պարտադիր կիրառության ուժ ունեցող օրենքին անվանեինք ձևական կամ ներքին փաստաթուղթ»…