«Ո՞նց դավայ, արա, էդ ո՞ւմ վրա ես ձեռք բարձրացնում». Երևանի քաղաքապետարանում այսօր իրավիճակն այնքան լարվեց, որ սկսվեց ծեծկռտուք:
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները Երևանի քաղաքապետարանի շենքում «Նիկո′լ, դավաճան, Նիկո′լ, դավաճան» վանկարկումներով քաղաքապետարանի աշխատակիցներին, վարչական շրջանների ղեկավարներին կոչ էին անում միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Այս լսելով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը ինչ-որ բան ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներին: Այս վիրավորական արտահայտությունից զայրացած Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը վազքով գնաց այդ աշխատակցի ուղղությամբ և նրա հետ վեճի բռնվեց: Այնուհետև այդ նույն սենյակ եկան ավագանու ԲՀԿ խմբակցության մյուս անդամները, քաղաքապետարանի աշխատակիցներ, պաշտոնյաներ:
Լրագրողների հետ զրույցում Միքայել Մանրիկյանը պարզաբանեց՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցն այնպիսի արտահայտություն է թույլ տվել, որ ինքն ամաչում է այն հնչեցնել ու մանրամասնեց. «Նա վիրավորեց ընդդիմությանը: Ես նրան հորդորեցի հանգստանալ, բայց նա շարունակեց անկիրթ ձևով վիրավորական արտահայտություններ հնչեցնել ընդդիմության լիդերների, այդ թվում նաև իմ կուսակցության ղեկավարի հասցեին: Կարծես խուլիգանական դրսևորում լիներ»:
Թեև կադրում երևում է, որ ավագանու ԲՀԿ-ական անդամը և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը հարվածում են միմյանց, բայց Միքայել Մանրիկյանն ասաց՝ հարվածներ չեն եղել. եղել է հրմշտոց: Այդ ընթացքում, երբ լրագրողները փորձում էին արձանագրել, թե ինչ է տեղի ունենում, անընդհատ վեճի սենյակի դուռը փակում էին: Լրագրողները պահանջեցին՝ թույլ տվեք աշխատենք: Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանն ասաց՝ այստե՞ղ եք աշխատում. սա Շինարարության և բարեկարգման վարչությունն է:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Նշենք, որ ավելի վաղ Երևանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանն ու Թեհմինա Վադանյանն առաջարկել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը ներառել օրակարգում: Սակայն Խաժակյանի առաջարկը մերժվել էր: Ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը հարցրել էր՝ ինչո՞ւ եք խուսափում կառավարության հրաժարականի հարցը քվեարկության դնել. «Ձեր թիմից ե՞ք վախենում, որ կարող է Ձեր թիմը հակառակ կերպով քվեարկի, և Դուք այդ ամեն ինչի հետ չհամաձայնե՞ք»: