Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարտությունը որպես ախտանիշ

Դեկտեմբեր 22,2020 22:03

Թալին Տեր-Մինասյան

«Հաղթելու ենք»։

Պատերազմի պրոպագանդայի պատկերները դեռ տեսանելի են մայրաքաղաքի գլխավոր փողոցներում։ Ես ժամանում եմ պարտված Հայաստան, որը նման չէ սեպտեմբերի 27-ի պատերազմի սկզբի Հայաստանին, որն ասում էին, թե վերակենդանացնելու էր ազգային գոյատևման ոգին և բերելու էր Սարդարապատին հավասար զանգվածային ոտքի կանգնում։ Սա մի սուզում է անհայտի մեջ, ավելի ճիշտ, սուզում պատմության մեջ՝ 1918 թ.-ի Հայաստանի պատմության, երբ աքցանադրմամբ ծննդաբերվեց անկախությունը, որպես մի թուլակազմ երեխա, անցանկալի, ծնված՝ Առաջին համաշխարհային պատերազմի գործողությունների արդյունքում, գործողություններ, որոնք կատարվեցին պատերազմի այս հեռավոր ճակատում և դեռևս քիչ հայտնի են Առաջին համաշխարհայինի արևելյան ճակատի պատմաբաններին։

2020թ.-ի նոյեմբերի 10-ի զինադադարի կնքումից քսան օր անց՝ Երևանի այս գունատ առավոտին, ասացվածքը, թե «պատմությունը երբեք չի կրկնվում» երբևիցե այսքան սուտ չի թվացել ինձ։ Եվ հերթական անգամ ռուսական սապոգի և թուրքական յաթաղանի միջև հայտնված այս Հայաստանում տիրող ընդհանուր հոգեվիճա՞կը։ Չհայտարարված պարտությունից ապշահարության պահից հետո, այս հոգեվիճակը գտնվում է «երկյուղած հանգստության» և անդառնալի կորուստի գիտակցության միջև։ Եթե բոլոր պարտությունները ախտանիշ են, ապա այս պարտությունն էլ չի խուսափում այս անբեկանելի եզրահանգումից։ Այս պարտությունը հետխորհրդային Հայաստանի ձախողումն է, որի երեսնամյա աղետալի ղեկավարումը հանգեցրեց «ձախողված պետության» վիճակին, «ձախողված պետություն», որին աղոտ կերպով արևմտամետ գունավոր «ֆեյսբուքյան հեղափոխությունը» բախեց իրականության պատին։

Համաճարակի հանգամանքներից բացի, երկիրը ինքնակամ տրվեց սեպտեմբերի 27-ի կայծակնային հարձակմանը։ 2018թ.-ի «թավշյա» կոչված հեղափոխությունը կատարվեց առնվազն տասնհինգ տարի ուշացումով՝ աշխարհաքաղաքական խորը փոթորկումների պահին։ Երկու հայկական պետությունները՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, անկասկած բավարար ուշադրություն չէին դարձրել Սիրիայում քաղաքացիական պատերազմի զարգացումներին, թուրք-ազերի դաշինքի ամրապնդմանը, Էրդողանի ու Ալիեւի պանթուրքական երազների վերհառնմանը և Ադրբեջանի վերազինմանը, որ ծառայում էր այս նպատակներին։

Նիկոլ Փաշինյանի երկբայական դիվանագիտությունը տատամսելով հայկական պետության «կողմնորոշման» հավերժական հարցի շուրջ, սիրապատար հայացքով նայում էր Արևմուտքին՝ այսպիսով բորբոքելով Ռուսաստանին՝ իր հիմնական դաշնակցին, վերաբերվելով նրան մի տեսակ հույժ անպատեհ քամահրանքով, քանզի քաղաքական առումով թզուկ Հայաստանը չունի որևէ այլ իրատեսական դաշնակից և բանակցման որևէ ռեսուրս բացի իր եզակի աշխարհաքաղաքական դիրքը՝ նոր Մեծ խաղի ճնշումների խաչմերուկում։ Հարձակումն անկասկած կայծակնային էր, այնուհանդերձ, անկանխատեսելի չէր։

Հայաստան, տարի զրո

Ես ժամանում եմ Երևան գլուխս 46 օր շարունակ տեղեկատվությամբ լցոնված։ Ես երբեք պատերազմ չեմ տեսել, և այս մեկը, բացի ռազմական կործանարար նորույթներից, նաև տեղեկատվական պատերազմ է ուղիղ հեռարձակմամբ, եզակի սաստկությամբ, անմիջապես ճնշման մեջ պահելով օրական երկու անգամ կանոնավոր հաջորդականությամբ մարտադաշտից ստացվող լուրերը, մեկն ուղղակի Ստեփանակերտի քաղաքացիական հիվանդանոցից և մյուսը՝ պաշտոնական լրատվամիջոցների ընդհանուր ծանուցումներից։ Հանգամանքները պարտադրում են իսկույն ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հարցի խորքային «կրկնում» և երեսունամյա վաղեմության թղթապանակների վերաբացում։

Եղբայրս՝ Արամը, հեռախոսով ինձ պատմում է սմերչ կամ գրադ հրթիռների հեռահարությունից, հրանոթի ձայնի հեռավորությունից. մերոնք են թե՞ հակառակորդը, ԱԹՍ-ներից, կասետային զենքերից բազմակի վնասվածքներով վիրավորների թվից և զոհերի ահագնացող թվից։ «Մահ է…», ասում է նա ինձ զուսպ, բայց ինչպես տեղում աշխատող բոլորը, որոնք տեսնում են ամեն ինչ շատ մոտից, նա չի կարողանում իրավիճակի մասին ընդհանուր գաղափար կազմել։

Երևան տանող օդանավի մեջ ես վերհիշում եմ այս լարված շաբաթները։ Մի բժիշկ է մահացել, սպանվել հարավում առաջնային դիրքի՝ Կարմիր Շուկայի, ռազմական փոքրիկ հիվանդանոցի ռմբակոծումից։ Ինչպե՞ս պատկերացնել այն` ինչը քողարկում է ռազմական իրավիճակի քարտեզի երկարատև բացակայությունը։ Անորոշության մեջ մեկնաբանում ենք Պաշտպանության նախարարի մամլո քարտուղարի՝ Արծրուն Հովհաննիսյանի, պաշտոնական հաղորդագրությունները այնպես ինչպես կարող ենք, քարտեզի վրա նշում թեժ մարտերի կետերը՝ Հադրութ, Ջեբրայիլ, Խոդա Աֆարինի ջրամբար և, հետո, հակառակորդի գումարտակների անկասելի առաջխաղացումը դեպի հյուսիս։ Անշուշտ մտածում ենք հայտարարված «ստրատեգիական նահանջների» մասին, որոնք թույլ են տալու հակառակորդին ծուղակի մեջ գցել և սեղմել երկու կողմից աքցանի նման։ Բայց ինչպե՞ս շարունակել պահել արդեն բազում կողմերից խոցված ճակատը և հաջողել անհրաժեշտ վերադասավորումը, որը պահանջում է նման ռազմական տակտիկան։ Այսպիսով, անցնում ենք մի այլ մտքի։ Ռուսաստանն արդյոք կմիջամտի՞։ Եվ ե՞րբ։ Պուտինը ժամ թելադրողն է, բայց նա չի հեռանում իր միջնորդ դատավորի դիրքից։ Մեկնություններ ենք անում Վալդայ ակումբում իր արած հայտարարության, որտեղ նա հիշատակում է Սումգայիթի ջարդերը և համատեղ նշում Ղարաբաղի և Ղրիմի հարցը։ Իսկ միգուցե հակառակն է… Ինչպես Էրդողանը՝ իր վերջերս Ուկրաինա կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը։ «Սա ի՞նչ է նշանակում քո կարծիքով»…

Ի սկզբանե խոստովանեմ անկեղծորեն, սիրտս բաբախում էր պատերազմի պրոպագանդի ռիթմով. սարերի արծվի բոցավառող կռինչը, Սեյրան Օհանյանի խմբի և Արցախի ռազմական առաջնորդների անպարտելիության առասպելը… Բայց պարտված Հայաստանում այս ամենն արդեն ավարտվել է։ «Հաղթելու ենք» պաստառները դեռ ամենուր են, մինչ ես տաքսի եմ նստում գնալու մարտի դաշտում զոհված հերոսների գերեզմանատուն Եռաբլուր։ Վարորդը տխուր է և հուսախաբ։ «Նիկոլը… Իրեն թերագնահատված համարող երկրորդ կարգի լրագրող է (…), և հետո, այս երիտասարդները, որոնց տեսնելու եք, գնացին հենց առաջին օրերին։ Երիտասարդները չգիտեն, թե ինչ է մահը, երիտասարդները չեն ճանաչում մահը»։

Գնում եմ հանդիպելու առաջնագիծ գնացած զինծառայողներին, որոնք իրենց զորամասն ընտրել էին վիճակահանությամբ։ Առաջին հերթին Հադրութի զինծառայողները, մի իսկական Վերդեն։ Բոլորն այստեղ են, գունատ արևի տակ, քնած Եռաբլուրի մահադաշտում։ Թարմ գերեզմանաթմբեր շարքերով, ծաղիկների կույտերի տակ։ Մեծամասնությունը 18 կամ 19 տարեկան է, բոլորը երիտասարդներ են, նույն երիտասարդները, որոնք երկու տարի առաջ անդիմադրելի մի ալիքով Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության։ Ռուստամը՝ Քրիստինեի կրտսեր որդին, որի մահվան լուրն իմացա պատերազմի առաջին շաբաթում, այստեղ է, նաև իր դասընկերը՝ հայտնի դարձած Ալբերտ Հովհաննիսյանը, Սիփան Գյուլումյանի լուսանկարի սաղավարտով հերոսը, որը տարածվեց աշխարհով մեկ։ Իր գերեզմանի մոտ ծնկի է իջել մի երիտասարդ աղջիկ, անշարժ ու լուռ։ Հույս ունեմ, որ նա զգաց թե ինչ է սերը։ Իր և մյուս բոլորի համար 2018-ը պաստառված է նույն թավիշով ինչպես որ գերեզմանոցի մուտքի մոտ դրված սև թավշով ծածկված երեք հանգստասեղանները։ Իզուր զոհաբերված սերնդի ողբերգական տեսարանը։ Մտքով ընկղմվում եմ Ատոմ Էգոյանի Լուսավոր գալիք ֆիլմի մեջ՝ ոգեշնչված համելնյան սրնգահարի լեգենդից…

Ցտեսությո՜ւն Լաչին

Երևանում ես հանդիպում եմ Ժան-Քրիստոֆ Քոլընին՝ Սիանս Պո-ում Էլեն Կարրեր Դանկոսի ղեկավարությամբ խորհրդային ուսումնասիրությունների խորացված ծրագրի նախկին մի ուսանողի։ Ծրագրային հատուկ նշանակում, որը մասնակցեց, իրականում առանց իմանալու, ԽՍՀՄԻ տապալումը ազդարարող իրադարձություններին. խորհրդային ուժերի դուրս բերումը Աֆղանստանից, Հայաստանի երկրաշարժը և Ղարաբաղ կոմիտեի սկիզբը։ Այսօր Ժան-Քրիստոֆը Լէկիպի հայտնի թղթակիցն է։ Նա ուզում է գնալ Ստեփանակերտ և գրել մի հոդված քաղաքի ֆուտբոլի թիմի մասին։ Սեպտեմբերի 27-ի կիրակի օրը թիմը պատրաստվում էր խաղի, բայց տղաներին ճակատ կանչեցին… Մենք անմիջապես միավորվում ենք կիրակի օրով՝ կատարելու անհրաժեշտ թղթաբանությունը Երևանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում։ Ինձ համար հնարավորություն է ստուգելու արդյոք ինքնահռչակ պետության ինստիտուտները դեռ գոյություն ունեն, անգամ եթե այս վիզան՝ տրված առանձին մի թղթի վրա, ոչ ոք չի պահանջում մուտքի մոտ։ Ի դեպ, ո՞ր տարածքի մուտքի մոտ։ Չգիտենք։

Նոյեմբերի 30-ին Ստեփանակերտ գնալով մենք մի ցատկ ենք անում անհայտի մեջ։ Դեկտեմբերի մեկը նոյեմբերի 10-ի զինադադարով նախատեսած ամսաթիվն է, երբ Բերձորի շրջանը կհանձնվի Ադրբեջանին։ Այլ կերպ ասած՝ մենք վերջին անգամն ենք մտնում հայկական տարածք առասպելական Լաչինի (Բերձորի) միջանցքով, որը միացնում է Հայաստանը Արցախին։ Տաքսու վարորդ Աշոտը վարում է ամբողջ արագությամբ։ Նա կարծում է, որ ճանապարհը դեռ վտանգավոր է: Ինչ վերաբերում է ինձ, ես ջանում եմ զննել շրջակա գագաթները և չեմ տեսնում որևէ բան, որ մոտիկից կամ հեռվից կնմանվեր «թուրքի»։ Մենք տեսնում ենք հակառակ ուղղությամբ գնացող մի քանի դատարկ ավտոբուսներ։ Ճանապարհի եզրին ես նկատում եմ խոշոր ժանգոտ խողովակների կույտեր և ապամոնտաժված հենասյուներ. Արցախի սնուցման ցանցերը կամ մատակարարման այլ սարքերը, որ էվակուացվել են և պետք է տարվեն։ Հսկայական տեղափոխության տպավորություն է, որ հենց կատարվում է Բերձորում, որի «վերջին օրն» է։ Մի ձորի խորքում ռմբակոծված կամուրջ է, մենք շրջանցում ենք այն և հասնում առաջին ոլորաններին, որոնք բացում են մի ցնցող տեսարան. վերաբնակեցման մի գյուղ, կարմիր տանիքներով նորակառույց տների մի տարածք։ Մի օրինակ, թե ինչի կարող էին վերածվել Արցախի «գրավյալ տարածքները», եթե հայերն այնտեղ համակարգային կերպով իրագործեին «իսրայելական ոճով» գրավման քաղաքականություն։ Ես հետո կիմանամ, որ այս գյուղի գյուղապետը՝ մի լիբանանահայ, մերժելու է էվակուացվել։

Ինչ վերաբերում է հռչակավոր Լաչինի միջանցքին, այն այլևս վերածվել է ռազմական մի ճանապարհի։ Ես հաշվում եմ անցակետերը։ Թիվը կարծես համապատասխանում է նրան, որը զննել էի Ռուսական դաշնության պաշտպանության նախարարության կողմից հրապարակված վերջին քարտեզում։ Երկնագույն ԷմԷս հապավումը, Ռուսաստանի ռազմական միջամտության ուժերը՝ համարժեք ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի, վստահություն են ներշնչում։ Անցակետերում վերաբերմունքը քաղաքավարի է և բարյացակամ, տիրապետության նշաններ չկան, այս կապույտ կամ շեղ աչքերով երիտասարդ տղաները, որ թողնում են Ռուսաստանի խորքերից եկած գյուղացիների տպավորություն, վստահաբար պատրասվածություն են անցել։ Նրանք ենթարկվում են գեներալ Ռուստամ Մուրադովին, Տաբասարան էթնիկ խմբից, ծնված Դաղստանի Դրեբենտ շրջանում, և որի ծառայությունը տարբեր չէ, ինչ Չեչենստանում, Դոնբասում և Օսեթիայում։ 2017 թ.-ին նա նշանակվել էր որպես ռազմական խորհրդական Սիրիայում։

Ճանապարհը շարունակում է բարձրանալ, Շուշիին մոտենալիս լռություն է մեքենայում, գիտենք որ չենք կարող կանգնել ճամփաբաժանին։ Մշուշի մեջ փաթաթված ամրոցը բացվում է մեր աչքի առաջ։ Մենք հասցնում են տեսնել մի ցուցանակ՝ վրան գրված «Շուշա» և տեսնել կրկնակի պահակակետեր, մեկը արդեն ծանոթ ռուսական, մյուսը՝ ազերի, ավելի պատսպարված ավազե պարկերի պատի ետևում։ Ամեն ինչ այստեղ է, այս կրկնակի պահակակետում։ Շուշին Ադրբեջանի հաղթանակի խորհրդանիշն է, բայց այս խորհրդանիշը կիսատ է. այս պահին քաղաքը դատարկ է, և ռուսական զորքը հսկում է մուտքը։ Այն «ռազմավարական կետ» է, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մի ձևով ժամանակավոր փոխզիջում հաստատելու այս ռազմավարական և հուզական բարձր լիցքով քաղաքի կարգավիճակի շուրջ։ Ես հանգիստ եմ այս հարաբերական կերպով հուսադրող տեղեկատվությունը տեղում ճշտելու համար։

Շուշիի անկման հանգամանքները հայտնի չեն հաստատապես, բայց Երևանում ես հնարավորություն կունենամ լսելու պատմությունը «գնդապետի»՝ Ժիլբեր Լևոն Մինասյանի շուրթերից։ Կամավորների մի ջոկատի գլուխն անցած ղարաբաղյան առաջին պատերազմին մասնակցած այս հին մարտիկը ինձ պատմում է Կարմիր Շուկայում մղված բուռն մարտի մասին, հետո Շուշիի մարտի և վերջապես Ստեփանակերտի պաշտպանության մասին։ «Վերջին օրը մենք հազիվ 300 հոգի էինք։ Ես և իմ ջոկատը գիտեինք, որ մեռնելու ենք, ազերիները Ստեփանակերտ մտնելուն մոտ էին։ Հենց այս ժամանակ է, որ ստացանք հրադադարի հայտարարությունը», պատմում է ծնունդով մարսելցի գնդապետը։

Ես հասկանում եմ, որ Ստեփանակերտը, որտեղ ես մնում եմ գիշերը իմ ուղեկիցների հետ, իրականում մոտ է եղել անկման, և «հետամտությունը»՝ հիվանդանոցի հանկարծակի տարհանումը ողբալի հանգամանքներում, որ իմ եղբայր Արամը պատմում էր ուղիղ հեռախոսով, համապատասխանում էր հրադադարից երկու օր առաջ տեղում կատարվող օբյեկտիվ իրականությանը։

Քաղաք այցելությունը ավելի շփոթեցնող է։ Ես կարծում էի կժամանեմ մի ուրվական քաղաք և փոխարենը տեսնում եմ իր բնակչության մի հատվածի կողմից վերստին ներդրվող քաղաք, որոնք զբաղված են իրենց լվացքն անելով, պատուհանները փոխելով, վերանորոգելով և կյանքը վերստին հունի մեջ դնելով։ Մի խորոված վաճառող, որ վիրավորվել է մեջքից Շուշիի մարտի ժամանակ, բուժվել է Երևանում։ Այժմ նա վերադարձել է Արցախի մայրաքաղաք և վաղը կբացի իր վաճառակետը։ «Այո, Երևանում լավ է, բայց ես չեմ պատկերացնում ապրել այստեղից բացի մի ուրիշ վայրում։ Սա գեների մեջ է…»։ Ես մտնում եմ գեղեցկության սրահ, որտեղ ինձ նույնպես ասում են, որ վաղը բացվելու են։ Կոշկակարի կրպակը նույնպես բաց է։ Անկասկած, ռուսների ներկայությունը վստահություն է ներշնչում բնակիչներին։ Զինվորները՝ հայ կամ ռուս, անցնում են բոլոր կողմերից։ Ես զվարճանքով նկատում եմ, որ իմ ռուսական շապկայի պատճառով ինձ համարում են մի աստիճանավոր ռուսի տիկին։

Սովետական դարաշրջանի ավարտից հետո, ռուսական ներկայությունը իրեն այսպես երբեք զգացնել չէր տվել։ Մեծ հավանականությամբ Ստեփանակերտի ապագան լինելու է կայազորային քաղաք ցարական կայսրության ոճով։ Նոր և գերժամանակակից քաղաքացիական հիվանդանոցին հանդիպակաց, որը ես տեսնում եմ վերջապես և որի մի թևը լիուլի ռմբակոծվել է, որը Արամը զգուշորեն ինձ չէր ասում, գտնվում է տեղի Եռաբլուրը։ Այստեղ կողք-կողքի գտնվում են Երկրորդ համաշխարհայինի զոհերը, 1988-1994-ի պատերազմի զոհերը և վերջերս ընկած երիտասարդները։

Սոթքի ոսկին

Երևանում՝ Հերացու համալսարանի հիվանդանոցում, բժիշկ Արտավազդ Սահակյանը՝ վերականգնողական և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկը, ակնհայտորեն ուժասպառ է։ Նա բառացիորեն ապրում է իր աշխատասենյակում և դուրս չի եկել այնտեղից արդեն ամիսներ։ Պատերազմի վեց շաբաթների ընթացքում աշխատել է իր թիմի հետ գիշեր ու ցերեկ և կատարել 300 վիրահատություն, բացատրում է նա՝ ինձ ցույց տալով մի քանի լուսանկարներ իր հեռախոսում։ Չնայած բարդ և աննախադեպ վերքերին՝ նա հավաստիացնում է, որ որևէ անդամահատում չի արել։ Դրանք, կարծում եմ, կատարվել են անխուսափելի դեպքերում առաջնագծում գտնվող հիվանդանոցներում։

Ռազմագերիներ, անհայտ կորածներ, ֆոսֆորով այրվածներ, այս պատերազմի հետևանքները ակնկասկած սարսափելի են, բայց ես ժամանակ չունեմ այցելելու վիրավորներին, քանզի ծրագրել եմ հաջորդ օրը այցելել Սոթքի ոսկու հանք, որը դարձավ Ազգային ժողովում բազում քննարկումների առարկա, երբ ազերի զինվորները, ինչպես ասում են, ականներ պայթեցրեցին հանքում։ Սոթքը գտնվում է Վարդենիսի ճանապարհի վերջում։ Սա Ղարաբաղ տանող հյուսիսի ճանապարհն է Սևանա լճով: Այն այժմ գրավված է՝ Քարվաճառի շրջանը Ադրբեջանին վերադարձնելուց ի վեր։ Իրադարձությունը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում։ Մեղադրում են Նիկոլ Փաշինյանին Սոթքը հակառակորդին «վաճառելու» համար, բավականաչափ ճշգրիտ գեոդեզիական քարտեզներ չունենալու պատճառով։ Սա իրականում խոշորագույն խնդիրներից մեկն է։

Վերադարձը խորհրդային սահմաններին հեշտ է, եթե խոսքը ԽՍՀՄի միջազգային նախկին սահմաններին է վերաբերվում։ Հանրապետությունների միջև սահմանների դեպքում այլ է, քանզի սրանք ԽՍՀՄ-ի ժամանակի պարզ վարչական սահմաններ էին և հենց այս պատճառով՝ համեմատաբար անճշգրիտ։ Ազգային արխիվում, որի տնօրենը պաշտոնաթող է արվել պատերազմից մի քանի օր առաջ, ինձ ասում են, որ կառավարությունից պահանջել են քարտեզներ, բայց շատ ուշ, և հարկավոր է եղել ահռելի քանակությամբ փաստաթղթեր պատճենել։ Այստեղից էլ ծագում են Փաշինյանի կառավարության դեմ տեղացող մեղադրանքները, որ նա հանձնել է այս կամ այն գյուղը, շրջանը, ճանապարհը կամ տարածքը՝ առանց քարտեզի նախնական իմացության։ Ուրեմն այս դեպքում քարտեզը տարածքն է։

Սոթքը Հարավային Կովկասի ամենամեծ ոսկու հանքն է, այն ակնհայտորեն խնդրո առարկա է, և ես ցանկանում եմ ստուգել իրավիճակը տեղում։ «ԳեոՊրոՄայնինգ» Գոլդ ՍՊԸ-ի ղեկավարության ներքո, հանքը գտնվում է ռուս բաժնետերերի ձեռքում, մեծամասնութան բաժնետերը (բաժնետոմսերի 50.3% -ի սեփականատեր) Սիմոն Պովարենկին է։ Խոշոր արևը փայլում է Գեղարքունիքի ձյուների վրա, և հանքաքարի տեղափոխման հատուկ գնացքը զվարթորեն ոստոստում է հարթավայրում։ Չնայած լուրերին՝ բաց երկնքի տակ հանքը կանոնավոր աշխատում է, բայց այն գտնվում է հայ-ազերի «նոր» սահմանի եզրին։ Մենք առաջ ենք գնում փորված լեռան վրայով մինչև լեռնանցքը, ուր գտնվում է հայկական սահմանի դիրքը, ադրբեջանական դրոշն արդեն երևում է, պետք է պտտվել և վերադառնալ։

Ավետիք Իշխանյանի շուրթերից կիմանամ պատմության ավարտը։ ԽՍՀՄ-ի տարիներին, հայրենական պատերազմի հայտնի հերոս Սամվել Մաթևոսյանը 1970-ականներին կարողացել էր ձեռք բերել համաձայնություն, որ հանքը բացվի Սովետական Հայաստանի կողմից։ Բայց հանքավայրի շահագործումը կատարվում է աստիճանաբար, բաց երկնքի տակ հանքը և ստորգետնյա փորվածքները տարածվում են Ադրբեջանի տարածքի տակ։ Ես ենթադրում եմ, բայց կարող եմ սխալվել, որ ընկերության ռուս բաժնետերերը կկարողանան պայմանավորվածության գալ։

Օպերա, 30 տարի անց…

Դեկտեմբերի 5-ին, Երևանում՝ օպերայի հրապարակում, տեղի է ունենում ընդդիմության առաջին մեծ ցույցը։ Մինչև այս պահը 17 կուսակցությունների կոալիցիայի կողմից կազմակերպված որևէ ցույց չի որակվել որպես հանրային կարծիքը ներկայացնող, եթե այս եզրույթը կարող է որևէ բան նշանակել այսօրվա Հայաստանում։ Հրադադարից ի վեր ամեն օր, Հանրապետության հրապարակում տեղի են ունենում անկանոն և նոսր հավաքներ «Նիկոլ դավաճան» կոչերով։

Բայց մինչև այսօր ես ավելի զգայուն էի հեռուստացույցով հեռարձակվող դիարանի կամ Պաշտպանության նախարարության առջև հավաքված իրենց երեխաներից լուր սպասող անհայտ կորածների ընտանիքների տեսարաններին։ Սա սարսռելու պատմություն է, քանի որ «Գնդապետն» ինձ պարզ ասաց. «Նրանց երբեք չենք գտնի, նրանք անտառի հողերի մեջ են… Նրանց արդեն կերել են գայլերը կամ վարազները»։ Մահվան կատակերգության մեջ ապրելու հարատև տպավորություն է։

Ավետիք Իշխանյանը՝ ակտիվ հասարակական գործիչը, ինձ խորհուրդ է տալիս կարդալ Հոֆմանի Սինեբար մականունով փոքրիկ Զաքեոսը հեքիաթը, որտեղ բացահայտվում է թե հերոսը՝ նախարար Սինեբարը, որ բոլորի հիացմունքի առարկան է, իրականում մի դաժան վիժվածք է՝ իրական անունը Կլեյն-Զաք։ Ռոզաբլեվերդ փերու միջամտության շնորհիվ նա ունի կախարդական առավելություն՝ հմայք իր ժամանակի մարդկանց հասարակության մեջ, որը կախված է երեք կարմիր մազի պահպանությունից, որոնք փերին տնկել է իր գլխի գագաթին…

Այս պահին օպերայի հրապարակը վերստին վերածվում է ֆորումի, որ այն եղել է 1988թ.-ի շարժումից ի վեր։ Ինձ զգուշացնում են, որ այս 17 կուսակցությունները «ոչինչ և ոչ ոքի» չեն ներկայացնում, և որ ցուցարարների բազմաթիվ ներկայության համար հավանաբար վճարված է։ Ի վերջո Պերիկլեսը՝ Աթենյան դեմոկրատիայի հորինողը, հաստատել էր misthos ecclesiastikos-ը՝ օրական դրամական փոխհատուցում ամենաաղքատ քաղաքացիներին, որպեսզի նրանք կարողանան մասնակցել էկլեսիայի՝ քաղաքացիների ժողովներին և քաղաքի հանրային կյանքին։

Նախօրեին, երբ Վազգեն Մանուկյանը՝ Ղարաբաղ կոմիտեի պատմական դեմքը, առաջադրեց իր թեկնածությունը որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանի դեմ շարժման շարքերը ստվարացան։ Թվում է՝ ի վերջո մի վստահելի քաղաքական անձ է հրապարակ գալիս և կարող է տապալել տհաճ, բայց տարածված միտքը, թե «նրանք, ովքեր ուզում են Նիկոլի անկումը, ցանկանում են նախորդ օլիգարխիկ ռեժիմի վերադարձը»։ Իհարկե կարող ենք հարցնել, թե ինչ միջոցներով է հնարավոր մի քանի օրում կազմակերպել նման լայնամասշտաբ ցույց, ապահովել պրոյեկտոր և ձայն, մեծ էկրանին միացած տեսախցիկ, Դադիվանքի անդադար ցուցադրվող պատկերներ։ Ամբոխը կրկնում է «Նիկոլ հեռացիր» կոչը, բայց շատ տեղյակ չէ, թե ովքեր են ելույթ ունեցողները, նրանց շարքում է մի երիտասարդ դաշնակցական՝ Իշխան Սաղաթելյանը, ինձ թվում է բորբոքված առանձնահատուկ համոզմունքով։ «Մենք թագավոր համ փրկիչ չենք ընտրելու, այլ ադեկվատ քաղաքական այր։ Եթե հաջողեինք դրդել Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ վեց ամիս առաջ, պատերազմը չէր լինի։ Առանց Նիկոլի այս պատերազմը հաղթանակով կավարտվեր»։

Ինձանից ոչ հեռու մի ցուցարար ծածանում է եզդիական դրոշը, այդ ընթացքում Դադիվանքի վանահայր Հովհաննես Հովհաննիսյանն է խոսում։ Նրա ներկայությունը զարմացնում է ինձ. վանահայրը, որ բարձրաձայն հայտարարել էր, թե մնալու է Դադիվանքում, որն այժմ ազերիների տիրապետության տակ է։ Գագիկ Ծառուկյանի՝ Դոդի Գագոյի, ազգային անվտանգություն կանչված և բացակա լինելու պատճառով, իր խոսնակ Իվետա Տոնոյանն է ներկայանում առողջ, ակնհայտորեն անպարսավելի ելույթով։ Ինքս ինձ ասում եմ, հստակորեն Նիկոլ Փաշինյանը դյուրացնում է իր հակառակորդների աշխատանքը։

Եղանակը սկսում է ցրտել։ Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից աշխատանքից հեռացված Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենն ասում է. «Այսօր վարչապետի աթոռը զբաղեցնում է քաղաքական մի դիակ»։ Վերջապես Վազգեն Մանուկյանն է մոտենում բարձրախոսին։ Կոստյումով և փողկապով, բարձրանում է ձայնը և արտահայտում Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին Ղարաբաղ կոմիտեի հին առաջնորդի հստակ ու հատու մտքերը։ «Նորից ես երեսուն տարի անց օպերայի այս նույն հրապարակում»։ Սա իր առաջին հանրային ելույթն է, որպես ընդդիմության ղեկավար։ Վերհիշում ենք իր քաղաքական գործունեությունը և իր «լեգիտիմ» արտաքին հատկանիշները. մտավորական, մաթեմատիկոս, Ղարաբաղ կոմիտեի խոշոր գործիչներից մեկը, նա նաև ռազմական առաջնորդ է, երբ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ քննարկելու 1993թ.-ին, որպես Պաշտպանության նախարար տալիս է իր համաձայնությունը «Քարվաճառի օպերացիային»…

Վազգեն Մանուկյանի ելույթը չի մարում։ Նրա խոսքը աշխույժ է և արտահայտված։ Ասում է, թե շուտով կհայտնի ավելի մանրամասն տեղեկություններ։ «Մենք պետք է խանգարեինք այս պատերազմը։ Մենք պետք է կարողանայինք հաղթել այս պատերազմը։ Մենք պետք է կարողանայինք այն ավելի շուտ եզրափակել և ավելի քիչ կորուստներով»։

Նա առաջ է քաշում ազգային շահի գաղափարը. «օտար ուժերը» երկար ժամանակ է՝ գործում են Հայաստանում։ «Ես ոչ թագավոր եմ, ոչ փրկիչ, ես թեկնածու եմ ժամանակավոր ղեկավարի, ես ձեզանից ժամանակ եմ խնդրում կազմելու ժամանակավոր կառավարություն, որը կիրականացնի այն, ինչը ձեզ խոստացվել էր հեղափոխության ժամանակ։ Որպեսզի Հայաստանը շտկի իր ողնաշարը, Նիկոլ Փաշինյանը պետք է գնա։ 1988թ.-ին հենց այստեղ օպերայում մենք կառուցեցինք պետություն սփյուռքի օգնությամբ, հաղթեցինք պատերազմը։ Իսկ ա՞յժմ։ Երեսուն տարիներ են անցել։ Մենք տվեցինք հսկայական մարդկային և տարածքային կորուստներ, և անգամ Հայաստանն է վտանգի տակ։ Ահա իրավիճակը։ Ես ձեզ ասում եմ, եթե դու ունես խնդիր, և չես կարող փոխել խնդիրը, ուրեմն պետք է փոխես մոտեցումը։ Ես չեմ ուզում այլևս մտածել սևերով ու սպիտակներով, Արցախն ընդդեմ Հայաստանի և այլն… Նիկոլը խանգարել է գեներալներին գործել, մենք մենակ մնացինք այս պատերազմում՝ կորցնելով մեր բոլոր օգնության հնարավորությունները. Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը։ Պատմության մեջ երբեք չենք տեսել, որ մի ղեկավար մնա իր պաշտոնում պատասխանատու լինելով նման աղետի համար։ Ինչ վերաբերում է զինադադարին, մենք այն չենք կարող չեղարկել, բայց այս փաստաթղթում կան բավարար բաց տեղեր և առկախ հարցեր…»։

Վազգեն Մանուկյանը բարձրացնում է նաև Մինսկի խմբի հետ հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտությունը, վիրավորների, ռազմագերիների և նրանց ընտանիքների հարցի լուծումը։ Պետք է «մաքրել ասպարեզը» և նվազեցնել աղետի հետևանքները։ «Ամեն մի պարտություն մի հաղթանակ է ծնում, անգամ եթե Նիկոլը հեռանա իր կամքով կամ ուժով»։

Ցույցի ժամանակ հայտարարում են ընդդիմանալ կամ պահանջել այս կամ այն մարզպետի հեռացումը և Սյունիքի կամ Արարատի մարզի բնակավայրերի ղեկավարների հեռացումը։ «Հայրենիքը ողջունելու շարժումը» սկսվել է։ Ցուցարարները քայլում են Բաղրամյան պողոտայով դեպի Հրազդանի ձորը, որտեղ գտնվում է վարչապետի տունը։

 

Թարգմանիչ․ Հայարփի Պապիկյան

Հոդվածը հրապարակվելու է Ֆրանս Արմենիա պարբերականում, 2021թ․ հունվար ամսին 481 համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031