Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաները, ում բավարար ժամանակ չեն հատկացրել հայրերը, ավելի հաճախ են ագրեսիվ վարք դրսևորում». հոր դաստիարակության կարևորությունը՝ ըստ մասնագետների

Դեկտեմբեր 22,2020 20:33

Ջորջ Վ. Բուշը մի առիթով ասել է. «Հայր դառնալը հեշտ է: Հայր լինելը, ընդհակառակը, դժվար է»:

Երեխաների դաստիարակության հարցում հոր դերակատարության կարևորության մասին մասնագետների կարծիքները համընկնում են:

Գոյություն ունեցող կարծրատիպերի համաձայն՝ երեխայի աճի, զարգացման ու դաստիարակության հարցում մոր դերակատարությունն է մեծ, սակայն պարզվում է՝ երեխայի ամբողջական անհատականության ձևավորման հարցում մեծ դերակատարություն ունի հոր հետ շփումը:

Հոգեբաններն, օրինակ այսպես են բնութագրում մոր և երեխայի, հոր և երեխայի կապը: Մայրն այն անձն է, որի համար ցանկացած տարբերակ ընդունելի է, նա կհանգստացնի, իսկ հայրն այն անձն է, որը երեխային կոգեշնչի փորձել նորից ու նորից, երեխայի մեջ կսերմանի ինքնավստահություն, թույլ չի տա երեխային հուսահատվել ու ափսոսալ և երեխային կուղղորդի հաղթահարել ձախողման պատճառները:

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում ներկայացնում ենք, թե ինչ են մտածում արտերկրի մասնագետները հոր՝ երեխայի դաստիարակության հարցում ունեցած դերակատարության մասին:

Մանկավարժ-հոգեբան Տատյանա Օստապենկոն կարծում է, որ ցանկացած իրավիճակում տղամարդն ընտանիքում պետք է մնա որպես հայր:

Կարևոր է հստակեցնել՝ ո՞րն է ընտանիքում հոր պատասխանատվության շրջանակը: Իհարկե, միայն նյութական ապահովության հարցը չէ տղամարդու պատասխանատվության տիրույթում: Տատյանա Օստապենկոն կարծում է. «Տարիների ընթացքում մենք՝ մասնագետներս, եկանք այն եզրակացության, որ հայրը կարող է երեխային տալ այն, ինչ չի կարող տալ մայրը: Եվ միայն հայր-մայր տանդեմի արդյունքում կարող է ձևավորվել երեխայի անհատականությունը: Երեխան մորն ընկալում է որպես իր մի մասնիկը, իսկ հորը՝ որպես աշխարհի հետ կապը: Հայրը կարգապահության, պահանջների, նորմերի մարմնավորումն է»:

Հոգեբանների կարծիքով՝ հայրը նաև կարևոր դերակատարություն ունի երեխաների սեռական ինքնորոշման հարցում: Տղաները, նայելով իրենց հորը, ստեղծում են վարքի որոշակի մոդել, որին հետագայում հետևում են: Աղջիկները հոր հետ շփվելիս ընկալում են իրենց՝որպես իգական սեռի ներկայացուցիչ: Հոր դերակատարությունն է շեշտը դնել և զարգացնել արականությունը որդու մեջ և կանացիությունը դստեր մեջ»:

Հոգեբանը մի քանի կետեր է նշում, թե ինչպես պետք է իրեն դրսևորի ժամանակակից հայրիկը:

Օրինակ՝ կյանքի առաջին տարում շատ կարևոր է հոր դերը երեխայի ֆիզիկական զարգացման և հիմնական շարժիչ հմտությունների ձևավորման մեջ: Որպես կանոն, հոր և երեխաների խաղերը տարբերվում են: Հայրերը ավելի շատ հակված են ակտիվ ֆիզիկական խաղերի, նրանք չեն վախենում երեխաների ընկնելուց, սովորեցնում են գլուխկոնծի տալ, լողալ, նստեցնում են ուսերին և այլն: Սա խթանում է երեխայի ֆիզիկական ակտիվությունը:

Հայրը կարող է մեծ ներդրում ունենալ երեխայի մտածողության զարգացման գործում: Կարծիք կա, որ հայրերը կարող են երեխային սովորեցնել ավելի արագ և ավելի ճիշտ խոսել, քան մայրերն ու տատիկները:

Հոր կերպարը կարևոր է մայր-երեխա կառուցողական հարաբերությունների հաստատման համար: Երեխայի զարգացման որոշակի փուլում ներդաշնակ հարաբերություններ ունեցող ընտանիքում (սովորաբար, մեկ տարի անց) հայրը օգնում է նրան «առանց ցնցումների առանձնանալ» մորից և մշակել նրա համար օպտիմալ հեռավորությունը: Փոլ Ռիբորնի «Կարևո՞ր են արդյոք հայրերը» («Do Fathers Matter?», 2014թ.) գրքում խոսվում է հոր դերակատարության և երեխայի ագրեսիվության նվազման մասին: Օրինակ՝  ըստ նրա՝ 1-3 տարեկան երեխաների վարքը, որոնց դաստիարակության հարցում հայրը մեծ դեր ունի և այն երեխաներին, որոնց համար հայրիկները շատ ժամանակ չունեն: Պարզվել է, որ այն երեխաները, ում բավարար ժամանակ չեն հատկացրել հայրերը շատ ավելի հաճախ են ագրեսիվ վարք դրսևորում՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ է նրանց հատկացրել մայրը:

Այնպես որ, ընտանեկան ներդաշնակության համար յուրաքանչյուր ծնող ունի իր ուրույն դերակատարությունը:

Մայրիկը քնքշությունն է, սերը, ջերմությունն ու հոգատարությունը, հայրը ուժն է, պաշտպանությունը, վստահությունը և կայունությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031