Լրահոս
Օրվա լրահոսը

Նինա Կարապետյանց․ Հայաստանի իշխանությունները պետք է հնարավորինս լայն ներկայացնեն պատերազմի ընթացքում կատարվածը

Դեկտեմբեր 22,2020 20:11

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները իրենց զեկույցներում և հայտարարություններում անդրադառնում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմին։

Մասնավորապես՝ Amnesty International-ը ուսումնասիրել է համացանցում հրապարակված մի շարք տեսանյութեր, որտեղ առկա են ռազմական հանցագործություններ։ Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Դենիս Կրիվոշեևի խոսքով՝ երկու կողմերն էլ անարգանք են ցուցաբերել պատերազմի կանոնների նկատմամբ։ Նա կարծում է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է անկախ քննություն իրականացնեն՝ պարզելու համար կատարված հանցագործությունների պատասխանատուներին։

Aravot.am-ը այս մասին զրուցեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցի հետ։

«Առհասարակ օբյեկտիվ են համարվում բոլոր այն զեկույցները, որտեղ որ երկու կողմին հնարավորություն է տրվում իր հիմքերը ներկայացնել կամ երկու կողմում էլ հնարավորություն է լինում հետազոտություն իրականացնել, և դա համարվում է լավագույն տարբերակը միջազգային կառույցների տեսակետից։ Իհարկե՛, դա կարող է բավականին ծանր հետևանքներ ունենալ»,- ասաց նա։

Նինա Կարապետյանցը նշեց, որ իրավապաշտպան կազմակերպությունների այս զեկույցները հետագայում կարող են միջազգային դատարաններում օգտագործվել իբրև ապացույց։

Անդրադառնալով ռազմական հանցագործություններին՝ նա ասաց․ «Նման դեպքեր պատերազմի ժամանակ անխուսափելի են, պատահում են այդպիսի դեպքեր։ Ես վստահ եմ, որ այն դեպքերը, որոնք արձանագրվել են, բավարար հիմքեր են ունեցել։ Այնպես, ինչպես մենք ենք շատ նախանձախնդիր հետևում բոլոր նյութերին և շատ կարևորում ենք ցանկացած նյութի հիմնավորումները, այնպես էլ հույս ունենանք նրանք են։ Անկեղծ ասած, չեմ հասցրել ուսումնասիրել բոլոր նյութերը, բայց հույս ունենանք, որ իրենք այնքան ողջամտություն են ունեցել, որ բավարար ուսումնասիրություն են կատարել և ճշգրիտ հիմքեր են ներկայացրել։ Այլապես՝ դա բոլոր սահմանների անցում կլինի, որովհետև երբ դու երկար ժամանակ լռում ես, հետո անում ես կողմնակալ հայտարարություններ, դու խախտում ես քո կարգավիճակը»։

Նինա Կարապետյանցը համարում է, որ նման հայտարարությունները և զեկույցները չեն կարող անհետևանք մնալ։ Ըստ նրա, Հայաստանի իշխանությունները պետք է հնարավորինս լայն ներկայացնեն կատարվածը․ «Բոլոր անմարդկային վերաբերմունքները, բոլոր խոշտանգումները, մնացած բոլոր պայմանները, որոնք որ անհրաժեշտ են ներկայացնել միջազգային ատյաններին։ Դա շատ կարևոր է, որովհետև մենք պետք է այս դաշտն էլ ծածկենք։ Տարիներ շարունակ մենք այս դաշտը բաց ենք թողել, այսինքն՝ մենք բավարար հիմքեր չենք ներկայացրել միջազգային ատյաններին և հետևողական չենք եղել։ Այժմ Եղիշե Կիրակոսյանի (Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, խմբ.) ղեկավարած կառույցն էլ է աշխատում շատ ակտիվ, ՄԻՊ-ն էլ է աշխատում։ Ես գիտեմ, որ փորձում ենք հնարավորինս ակտիվ լինել այս ոլորտում, որովհետև հասկանում ենք, թե որքան է սա կարևոր։ Իհարկե՛, կարող է սրա հետևանք լինել Հայաստանին ինչ-որ պարտավորություններ տալը, այսինքն՝ սա կարող է տարբեր հետևանքներ ունենալ։ Դա նշանակում է՝ մենք ևս պետք է հիմքեր ներկայացնենք, որպեսզի այնպիսի տպավորություն չստեղծվի, որ հերթական անգամ մեր անգործության պատճառով, Հայաստանը եղել է ագրեսոր, այն դեպքում, երբ մենք իսկապես եղել ենք տուժող կողմը։ Որովհետև այն խնդիրներին, որոնց մենք բախվել ենք, այն հանցագործությունները, որոնք որ եղել են մեր նկատմամբ՝ հայկական կողմի նկատմամբ, իհարկե՛, ծավալով համեմատելի չեն Ադրբեջանի կրած վնասների հետ»։

Հարցին, թե Հայաստանում քննություն սկսելը կարո՞ղ է նպաստել այդ գործընթացին, Նինա Կարապետյանցը պատասխանեց․ «Անշուշտ։ Ես գիտեմ, որ հիմա դատախազությունը քրեական գործեր ունի հարուցած և աշխատում է այդ ուղղությամբ։ Ես հույս ունեմ, որ հասկանում են, թե ինչքան կարևոր է, ինչ լրջությամբ և խորությամբ պետք է վերաբերվել կոնկրետ այդ գործերին։ Սա չպետք է լինի այնպես, ինչպես մերոնք սովոր են անել ներպետական գործերը՝ աչքաթող անելով, հարմարեցնելով, մինչև վերջ գործերը չհասցնելով, չբացահայտելով։ Պետք է լուրջ, նեղմասնագիտական աշխատանք կատարվի։ Հույս ունենանք, որ համագործակցում են նաև միջազգայնագետ իրավաբանների հետ, որովհետև շատ կարևոր է, որ այդ ամբողջ գործընթացը միջազգային ստանդարտներով արվի, որպեսզի հետագայում հնարավոր լինի նաև այլ հարցերի հիմքում դնել, որոնք միջազգային դատարաններում են»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031