Մինչեւ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքի մեկնարկը՝ Արցախում ծառայող զինվորների ծնողները հավաքվել էին կառավարության շենքի առջեւ: Նրանք հույս ունեին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ:
«Իմ երեխան զանգել ու ասում է, թե թուրքը գալիս, իրենից ծխախոտ է ուզում: Մենք ինչպե՞ս իմանանք, վստահ լինենք, որ մեր զավակներն անվտանգ են: Մենք հներ, նորեր չգիտենք, հները՝ բոբո են, նորերը՝ հրեշտակ են…դա մեզ չի հետաքրքրում: Աստծո կամքով երեխաներ փրկվեցին: Բայց նրանց պետք է բերել, որ դա շարունակական լինի: Ինչի՞ եք թողել թուրքի բերանը: Բաքուն էլ է ելույթ ունենում, թե դուրս արեք հայկական բանակը: Ինչ է, մենք մեր երեխաների ձեռքը կրակն ենք ընկե՞լ»,- ասում էր ծնողներից մեկը:
Մեկ ուրիշն անհանգստացած էր. «Արցախյան պատերազմի դժոխքով անցած երեխաները, որ մի քանի օրով արձակուրդ են եկել, գիշերները քնի մեջ վեր են թռչում: Գրեթե բոլորը առողջական խնդիրներ ունեն: Այսօր մեր ՊՆ-ն չգիտի, թե Արցախում ինչ է կատարվում»:
Իսկ տիկին Հասմիկը հիշեցնում է եռակողմ հայտարարության 4-րդ կետը. «Մեր միակ պահանջն այն է, որ կատարվի ստորագրված փաստաթղթի 4-րդ կետը, որտեղ պարզ գրված է՝ դուրս հանել հայկական զորքը Արցախի տարածքից: Նաեւ գումարում եմ իր ելույթի ժամանակ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է: Ի՞նչ է ստացվում, մեր զավակները զինվորական ծառայություն անցնում են Ադրբեջանո՞ւմ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ