Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը, որ 3 միլիոն վարչապետ ունի՝ պատերազմում չի կարող հաղթել». Վահե Արսեն

Դեկտեմբեր 22,2020 19:33

Բանաստեղծ Վահե Արսենը պատասխանում է Aravot.am-ի հարցերին:

– Ինչպե՞ս եք գնահատում ներկա իրավիճակը, ի՞նչ զգացողություններ ունեք:

-Ներկա իրավիճակը երեք բառով կարելի է բնութագրել` ամբոխավարություն, անիշխանություն եւ ինքնիշխանության կորուստ: Ամենացավալի բանը հայի համար հենց ինքնիշխանության կորուստն է, որովհետեւ մեծ դժվարությամբ ու զրկանքներով ենք այն ձեռք բերել։ Պատմության բազում դառը կորուստներից, բոլշևիկյան 70-ամյա լծից հետո վերջապես ունեցել էինք հաջողություն, ինչը մեզ թույլ էր տվել բարձր պահել մեր գլուխը, որոշ չափով ազատվել պարտվողի բարդույթից: Ստեղծել էինք մեր պետությունը հզորացնելու պարարտ հող, եւ ի վերջո արցախյան հաղթանակը մեզ պետք է ստիպեր քաղաքական մշակույթ ձեւավորել, սակայն հենց այդտեղ էլ ձախողեցինք, եւ սկսվեց անդառնալի պրոցես՝ առաջին կեղծված ընտրությունները 1996-ին, որով հիմք դրվեց այն մշակույթին, համաձայն որի հնարավոր է ուժով ճնշել ընտրական ձայնը, ապա շարունակվեց բռնությունը, հետո էլ սկսեցին փողով և այլ ձևերով ձայներ գնել… Եվ վերջապես այսօր հասանք մի ուրիշ ողբերգության՝ ֆեյքային բանակի:

Իմիջիայլոց, ինձ համար ֆեյքային բանակաբուծությունը նույնքան աղետալի է, որքան հինգ-տասը հազար դրամով ձայներ գնելը: Ֆեյքերի նպատակը դառնում է գիտակից, ազնիվ մարդու գաղափարական ողնաշարը կոտրելը, նրան հանրության առաջ խայտառակելը, հեղինակազրկելը, պսեւդո-հասարակական կարծիքի ստեղծելը, որը հետագայում բերում է անձնապաշտ ժահր զանգվածի գոյացմանը, մի բիոզանգված, որը վերլուծելու, եզրակացություններ անելու, միտք գեներացնելու հնարավորություն չունի, եւ որի միակ մղիչ ուժը ոչնչացման բնազդն է: Կարելի է դասագրքերում գրել, թե այս ամենի արդյունքում ինչպես են կորցնում հայրենիքը: Այսօր տեսնում ենք դրա կուլմինացիան:

– Ձեր կարծիքով ինչո՞ւ այս երկուսուկես տարվա ընթացքում պայքար սկսվեց այն ամենի դեմ, ինչի մեջ հոգեւոր ու ազգային տարր կար, ինչո՞ւ ամեն ինչ պարզունակացվեց ու կենցաղային մակարդակի դարձավ:

– Ներկա իշխանության բարձրագույն օղակների ներկայացուցիչների բերաններից լսել ենք ադրբեջանցիների հետ բարեկամության մասին, նրանց հետ նույն տարածքում համերաշխ ապրելու ու համագործակցելու մասին, հետո մի նախարար ասաց` «առեւտուր կանենք, շուկաները կբացենք», մեկ ուրիշն էլ ավելացրեց՝ «ի՞նչ վատ կլինի, որ մեր ապրանքն Ադրբեջանում վաճառվի»: Հենց այդպես հռետորական՝ ի՞նչ վատ կլինի… Տեսեք, էլի ուղղված է մարդու մանր-կենցաղային շահերին, լոկ առուծախ, «որտեղ հաց, էնտեղ կաց»… Իսկ նախապես հնչեցվել էր հիմնական կարգախոսը, որ հայն ու ադրբեջանցին պետք է հայտնվեն նույն գաղափարական հարթության մեջ, այսինքն` լուծում, որն ընդունելի կլիներ երկու ժողովուրդների համար:

Ի դեպ, Ադրբեջանի ժողովրդի առաջնորդը Երևանը, Սյունիքն ու Սևանը իր պատմական հայրենիքն է համարում; Ադրբեջանցին իր դպրոցականի մեջ թշնամություն է ներարկում, քնած սպային գլխատում-հերոսացնում. այդքանից հետո մի՞թե իրավունք ունես քո ազգին զրկելու վահանից ու սրից եւ անպաշտպան թողնելու հրոսակների առաջ, երբ ընդամենը հարյուր տարի առաջ ցեղասպանության բոլոր «պտուղները» քաղել ես եւ մինչեւ հիմա ուշքի չես գալիս:

Ի դեպ, այս պատերազմն Ալիեւն ազգայնական գաղափարախոսությամբ էր գեներացնում, և ոչ ազատական ու գլոբալիստական գաղափարներով: Իսկ մերոնք հայոց լեզվի դեմ պայքարեցին, հետո ազգային եկեղեցու, ապա 44-օրյա խայտառակ ստային մղձավանջից հետո գաղտնի ստորագրեցին ստորացուցիչ ու ստորագույն թղթիկը:

Մենք ազգայնականությանն այլընտրանք չունենք, եթե ուզում ենք այս տարածքում ապրել, աշխարհաքաղաքացին սառը խրամատում մի գիշեր էլ չի անցկացնի, ուղղակի չի հասկանա նպատակը, կգնա հերթական տաք ու ապահով երկիրը. «որտեղ հաց, էնտեղ կաց» (մեր ողբերգությունը)… Մենք Շվեյցարիայի ու Լիխտենշտայնի հարևանությամբ չենք ապրում, մեր երկիրը շրջապատված է երկու ագրեսիվ թշնամական պետություններով, որոնց գաղափարական հենքը Մեծ Թուրանն է: Եվ եթե դրանց բարեկամ ես համարում, քո զինվորին գերեվարողի ու անմարդկային բռնության ենթարկողի հետ ընկերություն անելու թեկուզ ակնարկ անում, ուրեմն դավաճան ես: Ամեն արարք իր անունն ունի:

– Ժահրային մասսայի դեպքում, ամեն ինչ պարզ է, իսկ ինչպե՞ս է պատահում, որ մեր հասարակությունում բարձրագույն կրթությամբ մարդիկ տարրական բաներ չեն տեսնում, կամ ուղղակի չեն ուզում հասկանալ:

– Բարձագույն կրթություն ասելով ի՞նչ ենք հասկանում, եթե մարդը լավ մաթեմատիկա գիտի կամ պատմության գրքերն է անգիր արել, մի՞թե նա էլիտա է, գիտելիք ունի… ինֆորմացված լինելն ու գիտելիք ունենալը տարբերենք: Հասարակության էլիտան առաջին հերթին հոգեւոր-խորքային-ստեղծագործ (խոսքը կրոնի մասին չէ) գիտելիքի կրողն է, տիեզերքի օրենքների հետ եզրեր փնտրողը, արարչական և մարդկային մշակույթ կրող բանական մարդը… Սամուրայները սկզբում բանաստեղծություն գրել էին սովորում, և հետո միայն թրամարտ: Նույնն էլ հին Հունաստանում էր, հետո ազնվականների ընտանիքներում ուսուցիչ-խրատողի դերն անգնահատելի էր: Դեռ երեխան չծնված, նրա համար ուսուցիչ էին փնտրում: Ուսուցիչը մեծ հարգանք էր վայելում, նա սովորեցնում էր բարոյականության և տիեզերքի օրենքները, հավասարակշռում մարդուն և բնությունը: Իսկ մեր ուսուցիչը դարձան ամբոխավարն ու ամբոխը, հպարտությունն ու երեք միլիոն վարչապետերը: Երեք միլիոն վարչապետ ունեցող երկիրը չի կարող պատերազմում հաղթել:

 – Այս իշխանության օրոք Մայր տաճարի խաչը փորձեցին սղոցել, շրջապատեցին Վեհափառին, որպես շատ ճամփորդած մարդ՝ պատկերացնում եք նման բան որեւէ այլ երկրում:

-Ես միշտ այլ երկրներ գնալիս այցելում եմ տեղի եկեղեցիները, Գերմանիայում գրական հերթական փառատոններից մեկի ժամանակ գերմանացի գրչընկերոջս հետ վաղ առավոտյան Հալեից գնացքով մեկնեցինք Մերզեբուրգ՝ Պաստեռնակի սիրած քաղաքը (որտեղ մեկ շաբաթ ապրել եմ), որովհետև իմացել էի, որ տեղի եկեղեցու երգեհոնի կառուցմանն ու կարգավորմանը մասնակցել է անձամբ Ֆերենց Լիստը: Դահլիճում ազատ տեղ չկար, իրենք իրենց ավանդույթները շատ լավ պահում են, նույնն էլ այլ երկրներում է:

Ի դեպ, իսկական գիտելիքը առաջին հերթին հոգեւոր գիտելիքն է, եթե դու լավ պատմություն գիտես, հոգեւոր գիտելիքը թույլ է տալիս, որ այդ պատմությունը ճիշտ ընկալես, կարողանաս քո ներսի դարակներում տեղավորել, նույնն էլ մաթեմատիկան, մյուսները, իսկ եթե չկա հոգեւոր կապը տիեզերքի եւ Աստծո հետ, ամենն արագ ձանձրացնում է ու իմաստազրկվում:

Մենք մեր եկեղեցու մեծ խորհուրդը թողած, ազնիվ հոգևորականությանն ու արժանիներին թողած (որոնց մի մասը արցախյան երկու գոյամարտերին էլ մասնակցել է), ընկնում ենք մի քանի զեխ տերտերի հետևից ու ոչնչացնում մեր տաճարը: Իհարկե, դա մասնագիտորեն ուղղորդվում է մեդիատեռորի օգնությամբ:

– Ամեն անգամ դժվարին պահերին մարդիկ հարցնում են՝ իսկ ո՞ւր են մտավորականները, մշակույթի գործիչները, գրողները, ինչու չի լսվում իրենց ձայնը: Արդյոք նրանք միշտ պե՞տք է լինեն հրապարակներում:

-Մտավորականի գործը ճշմարտությունն ասելն է ու իր անձնական շահը ստորադասելը ավելի մեծ շահին, օրինակ` պետությանը, արվեստին, մոլորակին, մարդ տեսակին: Բայց տարիներ շարունակ նրանց մի մասին հետևողականորեն «փչացրել են», դարձրել պալատական երգիչ, գրպանի դերասան: Թատերական արվեստը տեղը զիջել է կարճամետրաժ մեյմունությանը, բանաստեղծությունը` կենացին, երգարվեստը` քեֆչի ռաբիսությանը, կինոն` սիրողական ժամանց-հումորին:

Ինձ վաղուց որեւէ հաղորդման չեն հրավիրել, որովհետեւ պետք է հոգեւորից, արվեստից, գրականությունից խոսեմ, իսկ էսօր դամքաշ-մտավորականների հույժ կարիք կա, որ արդարացնեն հողատվությունը, անհայրենիքությունը, անիշխանությունը, դավաճանությունը: Սազանդարներ են պետք, որ ասեն՝ հողերը հայկական չէին, մենք էինք օկուպանտը, մեզ տեղն էր, մեզ էդ էլ քիչ էր: Որ ամբոխին համոզեն, որ մեր ամենանվիրյալները ոչնչի համար են զոհվել, ոչնչի…

-Երբեւէ նման բան չի եղել, որ երեւի ղեկավարի հրաժարականը պահանջեն երկու կաթողիկոսները, համալսարանները, ՏԻՄ-երը, մտավորականները, սակայն մարդը չուզենա հրաժարական տալ:

-Իսկ երբեւէ եղե՞լ է նման խայտառակ պարտություն, ու գլխավոր հրամանատարն էլ ստորաքարշության թղթիկը ստորագրելուց անմիջապես հետո կոչ անի հրաշքով փրկված զորքին վերադառնալ ու հաշվեհարդար տեսնել «նախկինների» հետ, հետո էլ շարունակի պաշտոնավարել… Ես հիմա չեմ ուզում ուրիշ բաներ ասել, բայց այդ թուղթը, որ ստորագրվեց, առաջին հերթին խայտառակություն է հենց իշխանության համար, արտգործնախարարն ասում է տեղյակ չէինք, պատգամավորները տեղյակ չէին, այդ դեպքում ո՞վ էր այդ թղթի վրա աշխատել… Քաղաքական-ռազմավարական տեսանկյունից այդ սահմաններն ո՞վ է քննարկել: Եթե ԳՇ պետը նախապես քանիցս զգուշացրել էր, որ պատերազմի դեպքում մեր շանսերը զրոյական են, ինչո՞ւ էինք մեծ-մեծ խոսում, թե՞ արդեն սովորություն էր դարձել, ամբոխի պահանջմունքն էր:

Ու շարունակվեց «նախկինամոլությունը», ամենահարմար մերժված մեղավորները: Ն. Փաշինյանն ու նրա թիմը N 1 մեղավորը չէին լինի այն դեպքում, երբ իշխանության եկած չլինեին հեղափոխության ու քաղաքական փողոցային-ակտիվ պայքարի արդյունքում: Երբ Ապրիլյան պատերազմից ընդամենը երկու տարի անց նախաձեռնում ես երկրում հեղափոխական գործընթացներ, պարտավոր ես ունենալ երաշխիքներ Արցախի և Հայաստանի անվտանգության համար:

Եվ վերջապես, կա քաղաքական և ռազմական կանխատեսումների մասնագիտական մշակույթ, ինչն արդեն տասնյակ տարիներ պատերազմական իրավիճակում գտնվող երկրում հեղափոխություն նախաձեռնող ուժի թիվ մեկ խնդիրը պետք է լիներ: Բոլոր վտանգները նախապես պետք էր գնահատել: Եթե, այնուամենայնիվ զոհաբերում էին Խաչատուրովին, ՀԱՊԿ-ը, մի խոսքով՝ ռուսական խաղաքարտը, դրան նախապես պետք է ռազմավարական այլընտրանք գտնվեր, այլապես զրկվում ես թեկուզև մշտապես 3 օր կամ 1 ու կես ամիս ուշացող ռազմավարական դաշնակցիդ աջակցությունից, և մնացինք ձեռնունայն ու անզեն` ուժեղների ընդամենը զննող հայացքի ներքո: Ռազմական գործողությունների ժամին դռնեդուռ ես ընկնում, իսկ դռները գոց են, ականջները` խուլ…

– Ինչպե՞ս եք վերաբերվում վերջերս վարչապետի մասնակցությամբ իրականացված սգո երթին, որի մասնակիցների ներկայությունը ապահովվել էր վարչական ռեսուրսի գործադրմամբ:

– Սգո երթը լռությամբ է լինում, ոչ վանկարկություններով ու դրոնային նկարահանումներով: Դրոններն իրենց սև գործը ռազմի դաշտում արեցին: Սգո երթին բազմության քանակից չեն ցնծում, սա իմաստավորման, մտքերը ժողովելու, անցյալից եզրահանգում անելու խորհուրդ պետք է ունենա, հատկապես, երբ քեզ գոնե պատասխանատու, և ոչ համար մեկ, բայց այնուամենայնիվ մեղավոր ես համարում… ու վերջը ծեծկռտուք ու հաշվեհարդար եղավ, իսկ ո՞ւմ էին ծեծում, զոհվածի եղբա՞յրն էր, հայրն էր, միգուցե հեռու բարեկամը… ամբոխը չգիտեր, նա հաշվեհարդար էր տեսնում, լոկ հաշվեհարդար, մնացածի մասին չէր էլ մտածեր: Մի քանի տարվա վերբալ մանիպուլյացիաներն անարդյունք չէին:

-Մենք, ըստ էության, անդունդում ենք, ինչպե՞ս եք պատկերացնում այս իրավիճակի հանգուցալուծումը հնարավորինս շահեկան «ձեւաչափով»:

-Ես գտնում եմ, որ թարմ ուժեր են պետք, իսկական քաղաքական էլիտա: Ինչ-որ մարդկանց տեսնում եմ: Ամեն դեպքում, եթե այս հույսն էլ կորցնենք, թշնամին լիարժեքորեն իր նպատակին կհասնի… Ցավոք, վերբալ մանիպուլյացիաները գեներացնում են մարդկանց հպարտությունը, բոլորին ներշնչում վարչապետ լինելու անգիտակցական-բնազդային իղձը, բայց երեք միլիոն վարչապետ ունեցող պետությունը չի կարող պատերազմում հաղթել: Քաղաքական պրոցեսները, սպասումներն ու պայքարը անձերից կախված չպետք է լինեն: Հիմա մարդիկ կռվում են՝ իրար ասում են նիկոլական, սերժական, լեւոնական, քոչարյանական: Մենք քաղաքական մշակույթ չենք ձեւավորել, դրա համար ամեն ինչ կապվում է անձերի հետ: Քաղաքական պայքար չկա, կա անձերի պայքար և պայքար հանուն հայրենիքի, դրա համար մարդիկ հիմա հոշոտում են իրար: Ընդամենը մեկ նորմալ ընտրություն ենք ունեցել, բայց դա էլ եղել է մերժման ֆոնի վրա, մարդիկ ոչ թե ընտրել են քաղաքական ուժի, այլ մերժել են նախորդ ուժին:

Ցավոք, ժամանակին նույնպես մարդիկ անարդարությունից հեռացան Հայաստանից, մեծ արտագաղթ եղավ: Ես ինքս մի քանի շահավետ առաջարկ եմ ստացել, բայց մերժել եմ: Դժվար է ասել ինչու, լեզվական միջավայրի խնդիր կա, արյանս երկրին կպած լինելու, նաև պատճառներ, որոնց համար բառային համարժեք չեմ կարող գտնել. ինչպես Ջոյսի «Դուբլինցիներ» շարքի «Էվելին» պատմվածքի հերոսը. մի անտես արմատ, որ ինձ ձգեց, պահեց էստեղ…

-Ստացվո՞ւմ է ստեղծագործելը այս հոգեվիճակով:

-Իհարկե ոչ, նյարդային այս ֆոնին հնարավոր չէ ստեղծագործել, հետագայում հնարավոր է այս ամենը դառնա արվեստի կոնցեպտ, ձև, միտք, բայց հիմա՝ ոչ: Անցյալի արթնացումներիդ հետ նոր արթնացումդ որեւէ ընդհանուր բան չունեն…Հասկանում ես, որ հայրենիքի գաղափարը, որ միշտ սերմանվել է, այսօր ամբողջությամբ քայքայվում է, հոգեւոր ոչինչ չի մնում, ամեն բան դարձել է կռվախնձոր, եւ ոչ թե ներքևից, այլ վերևից ենք լսում իրար դեմ ելնելու, սև ու սպիտակի կոչը, հայրենիք կորցնելու լավագույն բանաձեւը…

-Ոմանք ասում են՝ հենց սահմանները բացվեն, հեռանալու են, մյուսներն ասում են՝ մնալու եմ՝ շենացնեմ հայրենիքս, մի երրորդ խումբ էլ՝ չգիտի, ինչ անել, դուք ո՞ր խմբում եք:

-Պետք է մնալ, պայքարել, կյանքն իմաստավորել: Իսկ որ գնան ուրիշ տեղ աշխատեն ու ապրեն, ո՞րն է լինելու իրենց կյանքի մոտիվացիան… Կյանքն ապրելու համար մարդը պետք է մոտիվացիա ունենա, չունենալն ամենավտանգավորն է… Նախկինների ժամանակ շատերը թողել-հեռացել են: Նրանք, որոնք բարոյահոգեբանական մթնոլորտին չեն դիմացել, էլի հայրենիքի հանդեպ իրենց սերը պահպանել են, հեռացել են, որովհետեւ չեն կարողացել այստեղ ապրել օխլոսի կարգավիճակում: Նման մարդկանց մոտիվացիան, սակայն, այնուամենայնիվ հայրենիքն է, այլապես սփյուռքի ապահով կյանքը չէին թողնի ու գային Հայաստան՝ իմանալով, որ պատերազմում կենդանի մնալու շանսը 50/50-է, կամ ավելի քիչ… Բայց իրենց ներում այդ մարդիկ պահպանել են հայրենիքի գաղափարը: Մենք, թերևս, աշխարհի միակ երկիրն ենք, որտեղից խաղաղ ժամանակ արտագաղթում են, իսկ պատերազմի ժամին ներգաղթում: Այնպես որ հայրենիքը վերականգնելը պետք է դարձնել մեր գոյի մոտիվացիան, մոտիվացիա՝ ամեն հայի համար:

Զրույցը՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ

 Լուսանկարը տրամադրել է Վահե Արսենը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Տաղանդավոր պոետ…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031