Երևանի ավագանու նիստի ընթացքում քննարկվեց նաև քաղաքում ստորգետնյա ավտոկայանատեղիների հարցը։
Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ այս պահին երկու ներդրողներ հետաքրքրված են ներդրում կատարել այդ ուղղությամբ։ Նա հույս հայտնեց, որ երկուսից մեկը ներդրում կկատարի Շահումյանի հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու համար․ «Ուզում եմ շեշտել, որ դա անհրաժեշտություն է, դա պետք է: Ինչքան տարածք ունենք, ինչքան հնարավորություն ունենք ստորգետնյա ավտոկայանատեղիների՝ պետք է անենք, պետք է իրագործենք, բայց խորքային լուծումը տրանսպորտային ցանցն է։ Որպեսզի մենք կարողանանք մարդկանց դեպի Կենտրոն բերել տրանսպորտով և նաև ինչ-որ տեղ հորդորենք իրենց, որ իրենք հրաժարվեն անձնական տրանսպորտով գալ Կենտրոն։ Սա միակ լուծումն է, որն արվում է ամբողջ աշխարհում»։
Հարցին, թե Կենտրոն վարչական շրջանից բացի՝ այլ տեղեր նախատեսվո՞ւմ են ստորգետնյա ավտոկայանատեղիներ, Հայկ Մարությանը պատասխանեց, որ կան նման ծրագրեր, սակայն ներդրողների համար դրանք ավելի հետաքրքիր չեն, իսկ համայնքային բյուջեում այդ խնդրի համար նախատեսված գումար չկա․ «Կան հրատապ, կարևոր հարցեր։ Ես բյուջեից ավելի լավ է տրամադրեմ տրանսպորտի շարժակազմ գնեմ, քան ինչ-որ վարչական շրջանում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցեմ, որտեղ ենթադրենք՝ 200 ավտոմեքենա կկանգնի։ Դա հարցի լուծում չէ, իսկ տրանսպորտը ավելի գլոբալ հարցի լուծում է։ Ըստ հերթականության, եթե շատ գումար լինի, կարող ենք բոլորը միանգամից անել, բայց քանի որ մեր գումարը սահմանափակ է, ըստ հերթականության ենք անում»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ