Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է նշանակում GPS-ով սահմանազատում․ վստա՞հ եք, որ թշնամին Google-ի սեփականատիրոջ հետ՝ ի շահ իրեն, հարցեր չի լուծել»․ Գագիկ Համբարյան

Դեկտեմբեր 22,2020 18:32

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը խայտառակություն որակեց Սյունիքի արևելյան հատվածում Ադրբեջանի ու Հայաստանի սահմանների սահմանազատումը GPS համակարգով։

«Խայտառակությունը գիտեք որն է, որ GPS համակարգով են սահմանազատումը կատարում, GPS-ը Google-ի սեփականությունն է, իսկ Google-ը շահույթ հետապնդող կազմակերպություն է։ Որևիցե մեկը երաշխավորե՞լ է, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի ղեկավարությունը Google-ի սեփականատիրոջ հետ չեն կապվել և չեն խնդրել, որ սահմանները մի քանի կիլոմետր արևմուտք տանեն ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության։

Երկրորդը՝ ինչո՞ւ 2020 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը լիկվիդացրեց «Գեոդեզիայի և քարտեզագրության» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, երբ որ այնտեղ բոլոր փաստաթղթերը պահվում էին։

Երրորդը՝ սահմանազատում է անում ու հայտարարում է՝ Սյունիքի մարզից որևէ թիզ հող Ադրբեջանին չի անցնում։ Լավ, ընդունենք, չի անցնում, հասարակության մեծ մասը Հայաստանի աշխարհագրությունից տեղյակ չէ, չեմ ասում աշխարհի, հենց Հայաստանի, Սյունիքը լեռնային տարածք է, որտեղ բնակավայրերի մեծ մասը կիրճերում են գտնվում։

Այս սահմանազատման արդյունքում Սյունիքի մարզի 13 բնակավայրեր ուղղակիորեն հայտնվել են ադրբեջանական զինուժի անմիջական թիրախի տակ։ Մատչելի բացատրելու համար նշեմ, պատկերացրեք՝ ապրում եք սեփական մեկ հարկանի տանը, որի կողքին կա հինգ հարկանի շենք, և այդ շենքը եղել է ձերը, Նիկոլ Փաշինյանը եկել է, այդ շենքը հանձնել է ձեր թշնամուն, որն ամեն րոպե նայում է, որ ձեզ վնասի, և շենքի հինգերորդ հարկում թշնամին հաստատվում է։ Հինգերորդ հարկից վերահսկում է թե՛ ձեր տունը, թե՛ ձեր բակը։ Հիմա այդ կարգավիճակում 13 բնակավայրերն են, այդ թվում՝ Կապանը, Գորիսը, Խնձորեսկը, Տեղը։

Էլ չեմ խոսում Շուռնուխի մասին, ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը Շուռնուխից վրեժխնդիր եղավ, որովհետև իր իշխանության գալուց հետո իրեն սատարող այլասերված մի զանգված այնտեղ փարթի էր կազմակերպել,, որի համար ծեծվեցին։ Հիմա Շուռնուխից մի հատված անցնում է Ադրբեջանին»։

Գագիկ Համբարյան

Ըստ քաղաքագետի, Նիկոլ Փաշինյանը թեև անընդհատ հայտարարում է, թե տարածքներ չենք տվել, բայց իրականում թշնամուն է հանձնել այդ տարածքները վերահսկող բարձրունքները։

«Անընդհատ ասում է՝ մենք տարածքներ չենք տվել, ինքը լավ գիտի, որ տարածքներ չտալով՝ այնպիսի բարձունքներ է տվել թշնամուն, որ թշնամին այդ բարձրունքներից գրեթե ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը Հայաստանի հարավում գտնվող խոշորագույն բնակավայրերում։ Էլ չեմ ասում, որ ևս 17 բնակավայր դարձել են սահմանամերձ։

Բացի այդ, հայտարարում է՝ «5 + 2» տարբերակով որ առաջարկած է եղել, դա ևս պետք է հանձնվեր, սուտ է , այդպիսի բան չկա։ Առաջինն՝ այդ շրջանները շատ արագ չպիտի հանձնվեին ավրալ կերպով, ինչպես ինքն արեց։ Հանձվելու հետ մեկտեղ, եթե նախկինում այդ գործարքը լիներ, մենք պատրաստ պիտի լինեինք այդ ամենին, ոչ թե ստեղծվեր այս վիճակը, երբ քաղաքացիները երթևեկում են Գորիսից դեպի Կապան, ադրբեջանցի զինվորականները հայտնվում են իրենց դիմաց։ Եվ եթե այդ զինվորականները կանգնեցնեին մեքենաները և գերի վերցնեն, Նիկոլ Փաշինյանը նորից կչքմեղանար և կասեր՝ ես մեղավոր չեմ, նախկիններն են մեղավոր։

Այն թեզը, որ ինքը Սյունիքից հող չի տվել, մանիպուլյատիվ է ու կեղծիք է։ Հող չտալով՝ ինքը ադրբեջանցիներին հնարավորություն է տվել ահռելի տարածքներ վերահսկել Սյունիքում՝ թշնամուն տրամադրելով մեր նախկին հարմարավետ դիրքերը։

Այս ամենի հետևանքը կլինի Սյունիքի հայաթափումը, քանի որ ոչ բոլորը կհամաձայնեն ապրել մշտապես սպառնացող վտանգի ներքո այն բնակավայրերում, որոնց նկատմամբ ադրբեջանցիներն ունեն հարմարավետ և վերահսկող դիրքեր»,-ասում է Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031