Բերդավան գյուղում այս տարի տոնական միջոցառում չի լինելու համայնքում։
Aravot.am-ի հետ զրույցում Բերդավանի համայնքապետ Սմբատ Մուղդուսյանը տեղեկացրեց, որ այս տարի հատկապես խիստ կլինեն դրսում և պատշգամբներում տոնական պայթուցիկներ օգտագործողների նկատմամբ։
«Մենք գտնում ենք, որ ավելի լավ է, որ այդ գումարները, որոնք պետք է տոնակատարության համար ծախսվեն, ուղղվեն զոհվածների ընտանիքների կամ վիրավորներին: Ինչպես նաև այդ պայթուցիկները օգտագործելիս պետք է հիշել, որ հարևանի պատշգամբում որդի և հայր կորցրած ընտանիքներ են»։
Համայնքի ղեկավարը նշեց, որ գյուղում ևս համընդհանուր տոնակատարություն չի նախատեսվում. «Մանկապարտեզում փոքրիկներին մենք նվերներ կհանձնենք, քանի որ փոքրիկներն ամեն դեպքում սպասում են Ամանորին, սակայն գյուղական մեծ միջոցառում հրապարակում չի լինելու»։
Կարդացեք նաև
Մուղդուսյանի փոխանցմամբ՝ տոնակատարության համար նախատեսված գումարը կուղղվի համայնքում զոհվածների հիշատակի համար հուշարձան կառուցելուն կամ զոհվածների ընտանիքներին աջակցելուն։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ երեք հազար բնակչություն ունեցող Բերդավանում կան երեք զոհված և չորս անհայտ կորած հերոսներ, որոնց հիշատակը վառ պահելը համայնքի պատասխանատվությունն է. «Գյուղը ունի կորուստներ, և բոլորս պարտավոր ենք հարգել առաջին հերթին այդ ընտանիքների ցավը։ Իսկ ամանորի գիշերը տան մոմերը վառելիս՝ մեկ մոմ էլ վառենք մեր նահատակված զինվորների հիշատակին»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ