Աջափնյակ վարչական շրջանի աշխատակից (այդպես է նա ներկայացել ֆեյսբուք սոցիալական ցանցում) Վազգեն Մանուկյանը նույն հարթակում սպառնալից գրառում է կատարել։
Վազգեն Մանուկյանը գրել է․«Բոլոր ուսուցիչներն ու տնօրենները, ովքեր կմասնակցեն գործադուլին, ամենասեղմ ժամկետներում ազատվելու են աշխատանքից։ Խնդրում եմ ինձ գրեն դպրոցները ու ուսուցիչների անուններ»։
«Չգիտեմ, թե այդ գրառում անողն ինչ պաշտոն է զբաղեցնում, մամուլի հրապարակումներից եմ իմացել, որ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմում նման անուն ազգանունով մարդ կա։ Ինչ վերաբերում է գրառման բովանդակությանն, ապա ասեմ՝ այդ աշխատակիցը որեւէ լիազորություն չունի ուսուցիչներին, դպրոցի տնօրեններին, մանկավարժական անձնակազմից որեւէ մեկին աշխատանքից ազատելու կամ չազատելու հարց լուծելու»,-Aravot.am-ին ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն՝ անդրադառնալով Վազգեն Մանուկյանի սպառնալիքին։
Հիշեցնենք, այսօր ընդդիմությունը համազգային անհնազանդության ցույցեր է կազմակերպում, ընդդիմությունը կոչ էր արել նաեւ գործադուլ եւ դասադուլ անել։
Կարդացեք նաև
Այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության ներկայացուցիչներն ու հազարավոր քաղաքացիներ կառավարության շենքի մոտ հանրահավաք են անում։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ