Այսօր վանաձորցի ցուցարարները փակել էին Վանաձոր-Դիլիջան եւ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհները:
Նրանք պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ցուցարարները նշում են, որ Փաշինյանն անկարող է կառավարել, ինչի արդյունքում էլ երկիրն այսօր կանգնել է դժվար իրավիճակում. «Այն տեղն է, որտեղ Գարեգին Նժդեհը կանգնեցրեց թուրքերի մուտքը դեպի Երեւան: Եվ մենք այսօր կանգնեցնում ենք այստեղ մեր՝ Հայաստանում ապրող թուրքերի մուտքը: Ես համոզված եմ, որ նա վաղը կամ մյուս օրը Սյունիքի նման կարող է փորձի նաեւ Լոռի գալ, Շիրակ գնալ»,- ասում է ցույցի մասնակիցներից Արմենուհի Կյուրեղյանը:
Մոտ 500 մ երկարությամբ փակված ճանապարհները առաջացրեցին մի շարք վարորդների զայրույթը: Նրանք պահանջում էին բացել դրանք, քանի որ ուշանում էին մի շարք կարեւոր գործերից:
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցներից Արեն Հովհաննիսյանն էլ հորդորում է, որպեսզի այսպիսի ցույցեր կազմակերպվեն հանրապետության բոլոր համայնքներում, վստահ լինելով, որ միայն այս կերպ կկարողանան հասնել ցանկալի արդյունքի. «Այս տրամաբանությամբ մենք կկորցնենք ոչ միայն Արցախը, այլեւ կկորցնենք ՀՀ-ն ամբողջությամբ: Ուստի կոչով ուզում եմ դիմել մեր բոլոր հայրենակիցներին, իրենց անհնազանդության ակցիաները կատարեն ՀՀ ցանկացած համայնքում, իրենց ձայնն ավելի բարձր ներկայացնելու համար»:
Ավելի քան մեկ ժամ փակված քաղաքի մուտքերն, ի վերջո, բացեցին ցուցարարները: Սակայն նրանք նշում են, որ եթե կառավարության ղեկավարի հրաժարականն ուշանա, ապա անհնազանդության ցույցերը կլինեն շարունակական:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ