Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած կամ զոհված քաղաքացիական անձանց հարազատներին կտրամադրվի 1-5 միլիոն դրամ աջակցություն

Դեկտեմբեր 22,2020 17:34

Մեկնարկել է սեպտեմբերի 27-ից հետո պատերազմական գործողությունների հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագիրը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ներկայացնելով ծրագիրն, ասաց՝ ֆինանսական միանվագ աջակցություն կտրամադրվի պատերազմից տուժած այն քաղաքացիական անձանց, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել, ինչպես նաեւ ֆինանսական աջակցություն կտրամադրվի զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ ծրագրի շահառու են Հայաստանի եւ Արցախի քաղաքացիները: Ըստ այդմ, առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին կտրամադրվի 3 միլիոն դրամ, երկրորդ խմբի դեպքում`2 միլիոն դրամ, երրորդ խմբի դեպքում`1 միլիոն դրամ, իսկ հաշմանդամություն ձեռք բերած երեխայի դեպքում՝ 3 միլիոն դրամ։

Տիկին Ժամակոչյանի ներկայացմամբ՝ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5 միլիոն դրամ, գումարը կարող է ստանալ ընտանիքի անդամներից մեկը՝ մյուսների համաձայնությամբ, եւ գումարը կբաշխվի ընտանիքի անդամների միջեւ։

Քաղաքացիները հենց այսօր էլ կարող են էլեկտրոնային դիմում ներկայացնել e-request.am հարթակի միջոցով, սակայն գումարների փոխանցումը կիրականացվի հունվարից։

Հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիների դեպքում ԲՍՓ-ի աշխատակիցները տնային այցեր կկատարեն, եւ ինչպես ասաց փոխնախարարը, համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո կսկսվի աջակցության գործընթացը։ Սակայն սա կարող է մինչեւ երեք ամիս տեւել՝ կախված հաշմանդամության խմբի կարգավիճակի հաստատումից, քաղաքացու առողջական վերջնական կարգավիճակից․ «Լինում են դեպքեր, երբ հաշմանդամությունն ակնհայտ է, հարկ չկա սպասելու առողջացման ընթացքին, ասենք՝ ամպուտացիա է եղել, այս դեպքում սպասելու կարիք չկա, գումարի փոխանցումը արագ կլինի»։ Հացերի դեպքում՝ 114 թեժ գծին։

Տիկին Ժամակոչյանի խոսքով՝ ծրագրի շահառուների ցանկը պատրաստ է՝ 200-220 քաղաքացի, այս ցանկը կարող է փոխվել, քանի որ հնարավոր է գերիների եւ անհայտ կորածների շրջանում լինեն քաղաքացիական անձինք։

Տուժածների տվյալները հավաքագրվել են ՀՀ եւ ԱՀ-ի ՄԻՊ-երի տրամադրած տեղեկատվության հիման վրա, ծրագրի շահառուների մեծ մասը արցախցիներ են։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031