Տեղեկացրել ենք, որ «Հայրենիքի փրկության շարժումը» ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց սկսելու է անժամկետ նստացույց՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու եւ կալանավորելու իբրեւ պետական դավաճանի, պահանջով, եթե Արթուր Դավթյանը մինչեւ երկուշաբթի օրը մեղադրանք չառաջադրի եւ չկալանավորի Նիկոլ Փաշինյանին: Պահանջին միացել են փաստաբաններն ու իրավաբանները:
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը մասնավորապես հետեւյալը հայտնեց. «Որպես իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ասեմ, որ այն բոլոր փաստական տվյալները, որոնք ներկայացվել են իմ եւ իմ գործընկեր Արա Զոհրաբյանի կողմից, լիովին բավարար են, որպեսզի այսօր Նիկոլ Փաշինյանին առաջադրվի մեղադրանք եւ կասեցվեն նրա լիազորությունները վարչապետի պաշտոնում: Դա կլինի դատախազության ներդրումը իրավական պետության կայացման գործում»: Նա հավելեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» գործընկերների հետ խորհրդակցելուց հետո համապատասխան որոշում կընդունեն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ