Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյանը 4 ճանապարհ ցույց տվեց՝ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար. շրջափակեցին կառավարության ու դատախազության շենքերը

Դեկտեմբեր 22,2020 17:01

Այսօր վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքում ելույթներից հետո ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ փաստաբանները պահանջում էին հանդիպում գլխավոր դատախազի հետ, եւ բողոքի գործողություններից հետո հանդիպումը կազմակերպվել է:

Իսկ Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչ են անելու այսօր, վաղը: Նա ասաց, որ սահմանադրական 4 ճանապարհ ունեն, որոնցից մեկով պետք է հասնեն Փաշինյանի հեռացմանը. «Առաջինն այն է, որ ինքը շատ պարզ, ուղիղ հայտնի իր հրաժարականի մասին: Երկրորդ ճանապարհը՝ ԱԺ-ն հրավիրի արտահերթ նիստ եւ քննարկի Նիկոլի պաշտոնանկության հարցը: Երրորդ ճանապարհը՝ դատախազությունն անհապաղ պետական դավաճանության մեղադրանքով գործ հարուցի, մեղադրանք առաջադրի եւ ձերբակալի: Չորրորդ ճանապարհը՝ կառավարության անդամների 2/3-ի պահանջով գումարվի նիստ եւ դրվի Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը: Ահա այս 4 ճանապարհներն են իրավական, սահմանադրական, որ մենք ունենք՝ հաջողության հասնելու համար: Այս 4 ուղղություններով հետեւողականորեն շարունակելու ենք ճնշումները: Առաջին քայլը, որ պետք է անենք, սադրանքների չենք տրվում: Այս կառավարության գործունեությունն այլեւս մեզ պետք չէ: Այս կառավարության որոշումները հակաօրինական են, հակապետական են, հակաազգային են եւ չեն բխում մեր ժողովրդի շահերից»:

Նա հայտնեց հետագա գործողությունները. «Մի մասը ժողովրդի մնում է այստեղ, մի մասը կշրջափակեն կառավարության շենքը, որովհետեւ այս կառավարության գործունեությունը, կրկնում եմ, հակապետական է, հակահայկական է, հակազգային է եւ այլեւս մեզ պետք չէ»:

Իշխան Սաղաթելյանը հորդորեց փորձ չանել մտնել շենք: Ըստ նրա, երբ էլ ուզենան՝ կվերցնեն շենքը, բայց խնդիրն այս պահին դրա մեջ չէ, կազմակերպված աշխատանքի արդյունքում պետք է պետականության ամբողջ համակարգը վերցնեն Նիկոլ Փաշինյանից:

Նա վստահեցրեց, որ հաղթանակը շատ մոտ է ու քայլերը պետք է լինեն հստակ հաշվարկված: Քաղաքացիները շրջափակեցին կառավարության, դատախազության շենքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031