«Ես ամաչում էի, որ այսպիսի խայտառակ մարդու բերեցինք, ամաչում էի, որ հենց պարտությունից հետո նույն գիշերը նրան չշպրտեցինք դուրս»,- այսօր Հանրապետության հրապարակում վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքին ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա ասաց, որ այսօր նայում է հանրահավաքի մասնակիցների աչքերին ու հպարտ է, որովհետեւ տեսնում է այն ժողովրդին, որը նայում է դեպի հպարտ ապագան. «Այն, ինչ կատարվեց, սարսափելի էր, որ մենք թույլ տվեցինք այդ բանը: Ամոթն անցավ, եկավ հպարտություն՝ մեր ժողովրդով: Մենք ոչ միայն կվերականգնենք անցյալը, մենք այդ անցյալը կուղղենք: Մենք միասին կկառուցենք այն երկիրը, որի մասին երազում էինք, ոչ թե այն, ինչ ստացանք: Մի՛ մտածեք, որ որեւէ կառավարություն կառուցելու է Հայաստանը, Հայաստանը կառուցելու է իր ժողովուրդը, այն ժողովուրդը, որն այստեղ կանգնած է»:
Նա դիմեց այն մարդկանց, որոնք համակարգիչների առջեւ, հեռախոսներով են հետեւում հանրահավաքին. «Քարը փեշներիցդ գցեք: Ում եք սիրում, ում չեք սիրում՝ կարեւոր չի: Հիմա մեր բոլորի երեխաների, թոռների ապագայի հարցն է լուծվում: Հետո կպարզենք՝ ով էր ճիշտ, ով էր սխալ, բայց հիմա մենք բոլորս միասին ենք: Ոնց որ պատերազմ որ լինում էր՝ բոլորս միանում էին, որ գնայինք պատերազմ, գնանք ու փրկենք Հայաստանը: Հիմա նորից պատերազմ է՝ մեր ապագայի համար: Ես կոչ եմ անում բանակին՝ անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին: Ես կոչ եմ անում ոստիկանությանը՝ անհապաղ հայտարարությամբ միացեք ժողովրդին: Ամեն ժամ կարեւոր է: Դուք ձեզ կարդարացնեք դրանով, չէ՞ որ 90-ականներից սկսած եղել եք ռազմաճակատում, պաշտպանել եք հայրենիքը, ոչ միայն բանակը: Ես հիշում եմ ճակատամարտերը, որտեղ ոստիկաններն էին իրենց կյանքով պաշտպանում մեր հայրենիքը: Մի՛ թողեք, որ ժողովուրդը օրերով հավաքվի, անցեք մեր կողմ՝ այսօր կլուծենք այս հարցը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ