Մինչ Հայաստանում հրապարակային քաղաքականության բարոյական նշաձողի անկումը շարունակվում է, իսկ դա մեր ինքնակոչ «էլիտային» եւ այսպես կոչված «մտավորականներին» ամենեւին էլ չի հուզում, ավելին, հաճախ հենց նրանք են այդ անկման «ավանգարդում», այլեւս ակնհայտ է, որ հաջորդ տարին պետք է լինի արտահերթ ընտրությունների տարի։ Սակայն, որոշ շրջանակների համար «հարցերի հարցն» է, թե ո՞վ է անցկացնելու այդ ընտրությունները, նաեւ՝ ինչո՞ւ է դա «հարցերի հարց», հանուն որի պետք է ցույցեր անել, փողոց փակել կամ «գործադուլ» հայտարարել։
Վարչապետ Փաշինյանի, այսպես ասած՝ «թեթեւ ձեռքով» դա կոչվեց «էլիտար բունտ», եւ արի ու տես, այդ մարգինալ իմիտացիոն եւ անբովանդակ «բունտի» պարտխոզակտիվից ոմանք այդ բառակապակցության՝ հատկապես առաջին բառը չափից դուրս լուրջ ընդունեցին, եւ հիմնվելով դրա վրա «հակադարձեցին» իրենց ընդդիմախոսներին, թե նրանք էլ, ըստ այդմ, «ոչ էլիտար» են, շատ մեղմ ասած։ Բայց այս ողջ աղմուկը «ֆոնային» է, որի հետեւում հենց վերոնշյալ «հարցերի հարցն» է. ո՞վ է անցկացնելու ընտրությունները։
Եվ ուրեմն, «էլիտար»-ները մտմտում են «ձեռք գցել» կառավարությանը հենց այնպես, 2018-ի փողոցային շարժերի նմանակմամբ, ինչ-որ կեղծ-հեղափոխական լոզունգ-պահանջներով, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ ուղղակի ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներով։ Այդ փողոցային «թատրոնը» շարունակվում է ավելի քան մեկ ամիս, սակայն, ինչպես տեսնում ենք, գործընթացը մնում է հայտնի շրջանակի սահմաններում` առանց դրանցից դուրս գալու որեւէ հեռանկարի, չնայած ահռելի ֆինանսական եւ պրոպագանդիստական ռեսուրսին, որը նրանց սպասարկում է թե՛ Հայաստանից, թե՛ դրսից։
Ցավոք, երկրում թեւածում է մի մտայնություն, թե «նախ թող Նիկոլը գնա (կամ չգնա), հետո մի բան կմտածենք»։ Ըստ այդմ, ինտենսիվ կերպով փորձում են անցկացնել մի կեղծ ջրբաժան. մի կողմը պնդում է, թե «Նիկոլը պիտի գնա», մյուսը՝ «պիտի չգնա»։ Այդ փորձերին նպաստում է այսպես կոչված «կարծիք ձեւավորող» շերտի որոշակի մասի անպատասխանատու պահվածքը, որն ուղղված է միայն սեփական իբր «օբյեկտիվության» համբավի պահպանմանը, չհաշված անտանելի սնոբիզմը, համեմված «ազգային միասնության» մասին լպրծուն ձեւակերպումներով։ Մինչդեռ գործնականում քաղաքական սուբյեկտները Հայաստանում չեն պատրաստվում ոմանց «բարձրաճաշակ» քիմքին հաճո՝ պատվերով համերգի, եւ քաղաքականությունն այդպես չի՛ աշխատում։ Իսկ այդ մարդիկ ընդամենը մարդկանց մոլորության մեջ են գցում, յուրաքանչյուրն ի՛ր, հաճախ բավականին ճղճիմ պատճառներով, եւ ըստ էության, այս ամենն այլեւս ոչ ոքի հետաքրքիր չէ։ Իսկ ամենամեծ խաբկանքն այն է, որ երկրում ամեն հարց սկսվում եւ վերջանում է Նիկոլ Փաշինյանի գնալ-չգնալով, մինչդեռ ոչ գնալը, ոչ չգնալը կապ չունեն իրական օրակարգի հետ։ Մյուս կողմից, ռեւանշի ձգտող «էլիտար» մաֆիայի ճնշմամբ իշխանության փաստացի հեռացումը հավասարազոր է պետականության անվերադարձ կորստի։
Կարդացեք նաև
Այսօր պետության եւ հասարակության իրական օրակարգը կապված է ներքին եւ արտաքին անվտանգության գերխնդրի հետ, եւ ցանկացած քաղաքական սուբյեկտի ցանկացած քայլ չափվում է հենց այդ չափանիշով. ի՞նչ է դա ավելացնում այդ գերխնդրի լուծմանը։ Իսկ արտաքին անվտանգության մասին խոսելն ավելորդ է, եթե ներսում թույլ տրվի համակարգային փլուզում։
Այս օրերին եւ առաջիկա մի-քանի ամիսների ընթացքում մեզ եւ մեր պետությանն ուղղակի անհրաժեշտ է պահպանել ժողովրդավարական ճանապարհով իշխանություն ձեւավորելու կարողությունը, պաշտպանել հատկապես այն ուժերի ոտնձգություններից, որոնք 1995-ից ապականել են քաղաքականությունը, իսկ այժմ փորձում են վերազավթել կառավարությունը եւ նոր ընտրությունների անցկացումը։
Իհարկե, եթե 2018-ի ընտրություններից հետո պատշաճ գնահատական տրվեր Հայաստանում երկու տասնամյակ պետությունը զավթած կրիմինալ-օլիգարխիկ ռեժիմին, հիմա այդ շրջանակներն այդքան անբռնազբոս չէին դրսեւորի իրենց։ Իսկ եթե դրա հետ մեկտեղ՝ դատական համակարգը մաքրված լիներ կրիմինալին սպասարկող կոնտինգենտից, մենք հաստատապես չէինք ունենա նման պատկեր։ Սա գործող իշխանության գլխավոր թերացումներից է, ինչի ողջ հետեւանքներն էլ այն կրում է եւ կրելու է։ Ցավոք, հասարակության հետ միասին։
Հազար պատճառ կա քննադատելու գործող իշխանությանը, վարչապետին եւ ցանկացածին, սակայն, չկա՛ եւ չի՛ կարող լինել որեւէ պատճառ, թե ինչու Հայաստանում պիտի իշխանությունը հենց այնպես հանձնվի ժողովրդավարության գերեզմանափոր կրիմինալին, ինչ է թե նրանք ամենաբարձրն են գոռում կամ տեռորի են ենթարկում պետությանը եւ հասարակությանը։
Հատկապես այսօր՝ ժողովրդավարությունը Հայաստանում հավասարազոր է անկախությանը, ինքնիշխանությանը եւ պետության սուբյեկտայնությանը։ Հատկապես այսօր՝ ժողովրդավարությունն է այն հենման կետը, որից կուղղենք մեր մեջքը, որից մենք կվերագտնենք եւ կվերսկսենք մեր ընթացքը։ Այսօր եւ ոչ մի օր ուշ, օր եւ ժամ առաջ՝ պետք է նորովի «հավաքել» պետությունը որպես համակարգ։ Գործող իշխանությունը միանգամայն ունակ է ապահովել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ ժողովրդավարության լավագույն չափանիշներին համապատասխան. ահա սա՛ է կարեւորագույն արձանագրումն այս համատեքստում։
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.12.2020
Վազգէն մանուկյանը “ժողովրդավարության գերեզմանափոր կրիմինա՞լ”.
Այդ ի՞նչ աճպարարութեամբ.
Եվս մեկ թեմա (հեղինակի ոսկեղենիկ հայերենով)՝ Բաց հասարակության հիմնադրամների սեմինարի համար.
Կրիմինալ-օլիգարխիկ ռեժիմը՝ մարգինալ իմիտացիոն բունտի պարտխոզակտիվ. էլիտար մաֆիայի ռևանշը