Օրերս ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել`հորդորելով սյունեցիներն խնդիրներ առաջանալու դեպքում զանգահարել ԱԱԾ: Նկատի ունենալով Սյունիքում զարգացող իրադարձությունները` նահանջի եւ հանրության մտահոգությունների առնչությամբ, լրագրողները իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանից եւ Նազելի Բաղդասարյանից հետաքրքրեցին`գերի ընկնելու դեպքում ինչպե՞ս են պատկերացնում, որ քաղաքացին կարողանա ԱԱԾ զանգահարել:
Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո արդեն ռազմագերիների մասին խոսել չենք կարող: Խոսքը վերաբերվում է խաղաղ բնակիչներին, որոնք առեւանգվել են եւ միջազգային հանրությունը սրան հստակ գնահատականներ պետք է տա:
Սյունիքում բնակիչների թե ֆիզիկական, թե հոգեբանական առումներով անհանգստությունները պատգամավորը բնական է համարում ստեղծված իրավիճակում, սակայն շատ բան ասել առայժմ չի կարող. պլանավորել է առաջիկայում Սյունիք էլ այցելել`տեղում տեսնել իրավիճակը, մանրամասն ուսումնասիրել խնդիրները: Նախատեսում է Ամանորն էլ Սյունիքում անցկացնել. «Մի շարք բնակավայրեր հայտնվել են սահմանամերձ իրավիճակում եւ այն խնդիրները, որոնք ամեն տարի լինում էին Տավուշի մարզում, այստեղ էլ են հնարավոր: Այնտեղի բնակիչներն արդեն սովորել էին ադրբեջանցիների 500 մետր հեռավորության վրա գտնվելուն եւ սադրանքներին: Մամուլից ծանոթ լինելով հարցին, ինձ թույլ չեմ տալիս գնահատել խնդիրները»:
Լրագրողներից մեկի հարցին`Աստված մի արասցե, բայց եթե իրեն առեւանգեն`կզանգահարի՞ ԱԱԾ, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց. «Եթե առեւանգեն, դժվար թե հասցնեմ, բայց կարծում եմ, որ անվտանգության հնարավորություն կունենամ եւ կտեղեկացնեմ»: Տիկին Հովսեփյանն ասաց` հասկանում է հարցի սարկազմը, բայց գնահատականներ տալ ԱԱԾ-ին ու տվյալ հաղորդագրությանը չի կարող: Ընդունում է, որ ԱԱԾ-ում պետք է շատ ուշադիր եւ զգոն մոտենան հարցերին եւ խնդիր դնեն`չեզոքացնել առեւանգման վտանգը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ