Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց Գորիսում՝ ի աջակցություն ձերբակալված քաղաքապետի

Դեկտեմբեր 22,2020 16:41

Այսօր Գորիսի քաղաքապետարանի մոտ գորիսեցիները բողոքի ցույց են անում ի աջակցություն Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, որը երեկ վաղ առավոտյան ձերբակալվել է։ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրգործ է հարուցվել՝ օրենքով սահմանված կարգով հավաք կազմակերպելու մեղադրանքի հատկանիշներով:

Բողոքի ցույցի մասնակիցներն ասում են, որ քաղաքապետին ձերբակալելով իշխանությունը փորձում է նրա նկատմամբ ճնշում գործադրել, իսկ դա նշանակում է ճնշում գործադրել սյունեցիների վրա։ Սյունեցիներն սկսեցին ընդվզել այն բանից հետո, երբ Կապանի անվտանգությունն ապահովող բարձունքները սահմանազատման հետեւանքով հանձնվեցին Ադրբեջանի վերահսկողությանը։

Բողոքի ցույցի մասնակիցները Գորիսի քաղաքապետի մասին միայն դրական էին արտահայտվում, նշելով, որ նա իրենց ընտրած քաղաքապետն է եւ երկու տարուց ավելի է Գորիսում բարեփոխումներ է արել, պատերազմի առաջին օրից կամավորական ջոկատն է ղեկավարել եւ պաշտպանել սահմանները․ «Առուշ Առուշանյանը դարձել է Գորիսի պաշտպանության խորհրդանիշը»։

Գորիսեցիների կարծիքով՝ սահմանազատման հետեւանքով թուլանում է Սյունիքի պաշտպանությունը, ադրբեջանցիները մոտեցել են Սյունիքի սահմաններին, իսկ այս անորոշ հրադադարի պայմաններում այսօր պետական սահման են գծում Ադրբեջանի հետ՝ վտանգելով Սյունիքի ռազմավարական ճանապարհները․ «Ադրբեջանական զորքերը մոտեցել են մեր բնակավայրերին եւ երաշխիք չունենք, թե վաղն ինչով կավարտվի, Արցախի զգալի մասն ենք կորցրել, Արցախի կարգավիճակի երաշխիք չունենք»։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ այս իրավիճակի մեղավորը վարչապետն է․ «Ժողովուրդը հիշաչար է եւ չի ներում իր առաջնորդներին, որոնք ճիշտ չեն խոսում։ Այդպես եղավ Սերժի Սարգսյանի դեպքում, նա խոստացել էր, որ 3-րդ անգամ չի առաջադրվելու երկրի ղեկավարի պաշտոնին, հետո խաբեց, տեսանք՝ արդյունքն ինչ եղավ»։

Քաղաքապետարանի մոտ հավաքված մարդիկ պահանջում են բաց թողնել իրենց քաղաքապետին, քանի որ այս օրերին քաղաքը թողնել առանց ղեկավարի, վտանգավոր է։

Ըստ ցույցի մասնակիցների՝ «Առուշ Առուշանյանին ձերբակալած պահելն ընդգծում է, որ հայրենիքի դավաճանություն է եղել։ Եթե շարունակեն նրան անհիմն կալանքի տակ պահել, ուրեմն Սյունիքի ճանապարհն անդադար փակ է լինելու»։

Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031