Այսօր Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքին միացավ «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը: Նա հայտնեց, որ հանրահավաքին միացել է իր գործընկեր հարյուրավոր փաստաբանների հետ երթից հետո:
Էլինար Վարդանյանի խոսքով՝ 2,5 տարի իրավական համակարգը Փաշինյանը դարձրել էր իր գրպանի գործիքը, ՀՔԾ-ն, դատախազությունը դարձրել էր չարիք, մարդկանց վախեցնելու միջոց. «Փաշինյանը չի հանգստանում: Նա նոր ձերբակալությունների միջոցով օգտագործում է այն համակարգը, որը դարձրել է իր համար կամակատար»:
Էլինար Վարդանյանը դիմեց իմքայլական պատգամավորներին. «Հարգելի՛ պատգամավորներ, ես վստահ եմ, որ դուք տեղյակ չեք եղել, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը: Դուք տեղյակ չեք եղել, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է պատերազմի: Դուք տեղյակ չեք եղել, թե ինչ բանակցություններ է վարում նա: Տեղյակ չեք եղել, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրում է կապիտուլյացիայի պայմանագիրը: Ուրեմն հիմա, իմքայլական պատգամավորնե՛ր, հերթը ձերն է, դո՛ւրս եկեք այսօր «Իմ քայլից»: Դուրս եկեք եւ պահանջեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նիկոլ Փաշինյանը օր առաջ պետք է գնա: Այլապես դուք ձեր վրա եք վերցնելու այն բոլոր մեղքերը, որ գործել է նա, ձեր վրա եք վերցնելու պարտության մեղավորությունը, ձեր վրա եք վերցնելու կապիտուլյացիայի մեղավորությունը, 5000 զոհերի եւ տասնյակ հազարավոր անհետ կորածների մեղավորությունը: Եվ հետո պետք չէ զանգել եւ արդարանալ, որ դուք այդ երթին չեք մասնակցել: Համարձակություն ունեցեք, ասեք, որ դուք չեք կիսում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը: Դուք սպառում եք ձեզ հատկացված ժամանակը, վաղն արդեն ուշ է լինելու: Մենք իրավունք ունենք չունենալ պարտված իշխանություն, ստորացված երկրի ղեկավար, տասնյակ հազարավոր զոհեր ու անհետ կորածներ տված իշխանություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ