«Նիկոլ Փաշինյան կոչեցյալը չի հասկանում՝ ինքը ինչ է արել, ուզում է մինչեւ այս պահը արդարանալ: Ես իրեն կբացատրեմ՝ ինքը ինչ է արել: Նիկոլ Փաշինյանը 2,5 տարվա ընթացքում պարտության է պատրաստել ՀՀ-ն: Մենք նոյեմբերի 9-ին չենք պարտվել, մենք պարտվել ենք այն օրը, երբ այս մարդը մեզ թշնամացրեց: Նա սկսեց զրոյական կետից, իսկ հիմա Հայաստանը տանում է դեպի զրոյական կետ: Նիկոլ Փաշինյանը՝ մեծ տերեր ունեցող փոքր մարդը, վաճառում էր մեր հայրենիքը, երբ մենք զբաղված էինք իրար ատելով: Երբ մենք զբաղված էինք իրար հետ թշնամություն անելով: Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում մեզ պատրաստում էր պարտության»,- այսօր վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքում իր ելույթում ասաց արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
Նա իր ելույթում ասաց, որ Փաշինյանը 44 օրվա ընթացքում սպանել է մեկի հորը, մեկի ամուսնուն, մեկի եղբորը՝ իր աթոռը պահելու համար. «Այս պահին նա ունի միայն մի առաքելություն՝ պետության վախճանը, ուզում է իրենից հետո պետություն չունենանք: Հիմա աշխարհում մեզ չեն հարգում, որովհետեւ մեր առաջնորդը պարտվել է: Աշխարհը նայում էր ու զարմանում, լավ, այդ մարդը ինչո՞ւ է թողել բանակը ու ֆիդայական կռվով զբաղված, այդ մարդն ինչո՞ւ է շախ տալիս, որ Ալիեւը ավելի շատ հայ սպանի, ավելի շատ տարածք գրավի: Դուք այդ հարցի պատասխանը ունե՞ք: Ես ունեմ. նա պատրաստում էր պետության վախճանը: Մենք չկարողացանք կանգնեցնել այս կործանարար շղթան 2,5 տարվա ընթացքում: Մենք ունենք մի առաքելություն՝ հայրենիքի փրկությունը»:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ դավաճանը մեկն է ու «այդ մեկը դու ես, որ լայվի առաջ թառած ես». «Հաղթանակը մեզնից գողացածը, մեզ պարտության տարածը, գերեզման պղծողը պետք է հեռանա: Մենք իրար հետ կառուցելու ենք Հայաստան՝ առանց Նիկոլ: Առանց ստի Հայաստան, առանց կեղծիք Հայաստան, առանց արյուն ու առանց հայհոյանք Հայաստան; Ուրեմն՝ Հայաստանն՝ առանց Նիկոլ»:
Նա հորդորեց հավաքվածներին չմրսել, կանգնել հրապարակում այնքան, մինչեւ Փաշինյանը գնա. «Կա՛մ մենք, կա՛մ ինքը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ