Այսօր Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքում իր ելույթում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց. «Բոլորս միահամո՞ւռ ենք այսօր, որպեսզի այս երկրորդ հարկի աշխատասենյակից դուրս շպրտենք աթոռը գրկած այդ երեւույթին: Այսօր մենք կանգնում ենք մինչեւ վերջ, որ նա այդտեղից դուրս շպրտվի: Փաստացի այլեւս նրա հրամանները չեն կատարվում: Նա այլեւս վարչապետ չէ, մնում է ուղղակի մենք տեխնիկապես ձեւակերպենք այդ հարցը, փաթեթավորենք: Որտե՞ղ եք տեսել մի երկրի ղեկավար, որ մի քանի հարյուր զորքով, զրահով չկարողանա իր երկրում տեղաշարժվի: Դավաճանություն կատարած մարդը, որը հանձնել է երկրի 1/3-ից ավելին, ո՞նց է նա շնչում ընդհանրապես»:
Ըստ Մելքումյանի, ՀՀ-ն ուզում են ջնջել աշխարհի քաղաքական քարտեզից, իրենք դա թույլ չեն տա: Նա ասաց, որ չեն զարմանա, եթե պարզեն, որ ՀՀ գանձարանում այսօր որեւէ լումա չկա. «Որեւէ մեկը չի իմանում, թե այսօր տնտեսությունը եւ սոցիալական կյանքը ոնց է գահավիժում: Արդյոք կարողանալո՞ւ ենք մեկ-երկու ամիս հետո թոշակներն ու աշխատավարձերը տալ»:
Նա հորդորեց ժողովրդին դուրս գալ փողոց՝ հայտարարելով, որ այսօր վճռական պահ է: Մելքումյանը վստահ է, որ այսօր օրվա վերջում հազարավոր գործադուլավորներ ենք ունենալու:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ