Այսօր Երեւանի ավագանին հրավիրած նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկեց նաեւ Գայանե Մելքոմ Մելքոմյանին Երեւանի փոխքաղաքապետ նշանակելու հարցը:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրեց որոշումը: Գայանե Մելքոմ Մելքոմյանը ներկայացրեց կենսագրությունը եւ պատասխանեց ավագանու անդամների հարցերին:
«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ասաց. «Ես «ամենաուժաս» ֆիլմում չէի կարող պատկերացնել, որ դուք կարող եք լինել Երեւանի մշակույթի գծով փոխքաղաքապետը: Ես սա համարում եմ աղետալի Երեւանի համար»: Ապա տիկին Խաչատրյանը հարց ուղղեց. «Ինչ ճանապարհով եք պատկերացնում ղեկավարել ձեր ղեկավարության տակ գտնվող որեւէ ոլորտ, օրինակ` մշակույթի ոլորտը»:
Գայանե Մելքոմ Մելքոմյանն ասաց. «Իրականում այդ պաշտոնը համակարգող եւ վերահսկող դեր ունի, դա է պաշտոնի առաքելությունն ու դերը: Կան համակարգի ստորաբաժանումները, որոնք արդեն ունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ: Հարկավոր է նրանց հետ աշխատելով ճիշտ թիրախներ սահմանել, լուծման ճանապարհային քարտեզ ունենալ եւ լուծել առկա խնդիրները»:
Կարդացեք նաև
Տեղի ունեցած քվեարկությամբ Գայանե Մելքոմ Մելքոմյանը 34 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց քաղաքապետի տեղակալ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ